Աշխարհում պայքարում են թմրանյութերի տարածման դեմ՝ անօգուտ, պայքարում են մարմնավաճառության դեմ՝ անօգուտ է, պայքարում են կոռուպցիայի դեմ՝ անօգուտ է: Որոշ երկրներ անճարությունից օրինականացրին թմրանյութերի վաճառքն ու մարմնավաճառությունը, դե եթե կոռուպցիայի դեմ պայքարելն էլ է անօգուտ, եկեք դա էլ օրինականացրեք: Թվում է, թե դրա դեմ պայքարում են միայն նրանք, ում չեն տալիս կաշառք, որ օրինականացնեք, շատ լավ կլինի, բոլորն էլ երջանիկ կլինեն, որովհետև էս անգամ միայն չեն տա, այլ նաև կստանան: Օրինականացման դեպքում դա արդեն կկոչվի ծոցի նվեր կամ երջանկության ծրար: Իսկ նվեր կամ անակնկալ ստանալ բոլորն էլ սիրում են: Տալիս ես դու՝ ինչ-որ մեկն էլ քեզ է երջանկացնում: 
Պարադոքս է: Երբ պայքարում ես արատավոր երևույթների դեմ, պարզվում է, որ դու սխալ տեսանկյունից ես նայում, իսկ հարկավոր է նայել ինչպես ուրիշները, ու պայքար հասկացողությունը արժեզրկվում է, և արատ հասկացողությունը դրական իմաստ է ստանում: 
Օրինակ` ինչո՞ւ պայքարել կաշառակերության դեմ, երբ ժողովուրդը երջանկանում է կաշառք տալուց, նամանավանդ, որ նա հրաժարվում է չ՝տալուց: Ինչո՞ւ պայքարել սեքսի քարոզչության դեմ, երբ ողջ ազգը զբաղված է սեքսով ու պահանջում է, որ էլեկտրոնային լրատվական կայքերն ու հեռուստատեսությունը, նույնիսկ գրականությունն ու արվեստը քարոզեն դրա բազմակողմ գեղեցկությունը, Ինչո՞ւ պայքարել իշխանությունների դեմ, երբ ժողովուրդը իր լռությամբ հավանություն է տալիս նրանց գործունեությանը: Պայքարողներն ակամա դառնում են փոքրամասնություն ու վերածվում աղանդավորների, ովքեր տզի նման ծծկում են ամեն ինչին հավանություն տվող ժողովրդի նյարդերն ու խաղաղությունը: Ինչո՞ւ Արցախի համար պատերազմել, երբ այն նվիրում են ազերներին, այ մարդ, մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, շինական, պատերազմը մեզ պետք չէ, որ պետք լիներ, ուրեմն զենք ու զրահ կգնեինք, ոչ թե ազգի միլիարդները կնվիրեինք մեր հարազատ իշխանական էլիտային: Բիզնես, հարկային կամ իրավական դաշտ և այլն, այ մարդ, խաղաղասեր որ եղանք, դրանց կարիքը չենք ունենա, հենա հարիֆ-հարիֆ ապրում ենք էլի, մեր խաթրին ո՞վ է կպնողը, որ կացինդ չառնես ու վազես ուրիշների անտառին, քո ծառին ո՞վ է կպնողը, կամ ուրիշի հավին որ քը՜շ չանես, ո՞վ է ծառայող բալիդ բան ասողը: Քներիցդ ելնելիս անպայման մի թարս բան հորինելու եք էլի, գլուխներդ կախեք, խելոք ապրեք, ձեր պատճառով խիարը թարս է բուսնում: Ախր էս կյանքը խիար է, մի օր ձեռքդ է, մի օր էլ ք...դ կլինի: Ծուռ հայելիների թագավորություն՝ երկիր իմ Հայաստան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել