
«Հրապարակ»-ը գրում է.
«Լոռու մարզի Կուրթան գյուղում, գարնանից սկսած, շարունակ խոշոր եղջերավոր անասունների անկման դեպքեր են գրանցվում։ Ապրիլից մինչ օրս թեպետ անկված անասունների թիվն այնքան էլ մեծ չէ, սակայն համայնքի բնակիչները շարունակում են դժգոհել, որովհետև անասնապահությունը Կուրթան գյուղի միակ ու հիմնական զբաղմունքներից է։
Մոտ 10 օր առաջ նորից գյուղում հիվանդ անասուններ են նկատվել, մի քանիսը սատկել են, մի քանիսին էլ ստիպված են եղել ենթարկել հարկադիր մորթի, քանի որ, համայնքի բնակիչների խոսքերով, «կովերն սկսել էին ուռչել»։
Կուրթանի գյուղապետ Մհեր Գևորգյանն ասում է, որ կան գյուղի և Ստեփանավանի տարածաշրջանային անասնաբույժների կողմից տրված եզրակացությունները՝ համաձայն որոնց, կովերի մոտ հայտնաբերվել է արյունապարազիտային հիվանդություն. «Դե, դա տիզի հիվանդություն է, ստեղ ՀԷԿ-ի պատճառով գետի ջուրը ցամաքել է, ճահիճ ու տիղմ է դարձել, կոյուղաջրերն էլ խառնված են էդ ջրին, տիզերը վարակվում են ջրից, կծում կովերին, կովերն էլ հիվանդանում են»,–ասում է համայնքի ղեկավարը։ Այս պահին, համաձայն գյուղապետի խոսքերի, Կուրթանում դեռ 3 հիվանդ անասուն կա։
«ՀԷԿ-ը սաղ ջուրն օգտագործում է, մենք էլ գետ չունենք, փոքր առու է մնացել, էդ էլ տիղմ է դառել, խառնվել կոյուղաջրերին, կովերի ճամփան էդ կողմով է անցնում, ջուր են խմում ու հիվանդանում»,–ասում են գյուղամիջյան ճամփին հավաքված գյուղացիները։ Ի դեպ, այս կարծիքին են հակված ու այս կարծիքն են պնդում գյուղում գրեթե բոլորը, հորդորելով, խնդրելով ու պահանջելով ՀԷԿ-ի տերերին՝ գյուղ թողնել ջրի գոնե 25-30 տոկոսը, քանի որ, ըստ գյուղացիների, ՀԷԿ-ն անթույլատրելի օգտագործում է գետի ջրի 95 տոկոսից ավելին»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։