Կարմիր խաչի երևանյան գրասենյակRazm.info-ն գրում է.

Օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ԿԽՄԿ պատվիրակ Դրագանա Ռանկովիչի հետ:

Տիկին Ռանկովիչը տեղեկացրել է, որ ստացված տեղեկության համաձայն` Բաքվի ԿԽՄԿ գրասենյակը վստահ է, որ շուտով հայտնի դառնա Հակոբ Ինջիղուլյանի հետ նրանց հանդիպման ժամկետը:

Շնորհակալություն հայտնելով տեղեկատվության համար՝ Տոնոյանն իր հերթին ԿԽՄԿ-ի ներկայացուցիչին հայտնել է, որ Հայաստանում գտնվող ադրբեջանցի զինծառայող Ֆիրուզ Ֆարաջևը փոխել է իր մտադրությունը և ցանկություն հայտնել վերադառնալ Ադրբեջան:

Ֆարաջևը նաև հանդիպում է խնդրել ՀՀ-ում միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրավիրել է անկողմնակալ կազմակերպություններին, մասնավորապես` ԿԽՄԿ-ին, հանդիպել Ֆարաջևին:

Տրամադրված տեղեկությունը ԿԽՄԿ-ի կողմից ի գիտություն է ընդունվել, տեղեկացնում է ՀՀ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։

ԿԽՄԿ Բաքվի գրասենյակը տեղյակ է ռազմագերու մասին, սակայն առայժմ որևէ հստակ գործողություն չի իրականացվել։

Ինջիղուլյանի ծնողներն արդեն մի քանի օր է, ինչ փորձում են ԿԽՄԿ երևանյան գրասենյակի միջոցով տեղեկություններ ստանալ իրենց որդուց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել