«Յուրաքանչյուր բիզնեսմենի աստված միշտ շանս է տալիս միլիոնատեր դառնալու, սակայն բոլորը չեն, որ այդ շանսից օգտվում են» (Լի Յակոկա): 2013 թ. հուլիսի տվյալներով՝ վրացական գինու և ալկոհոլի արտահանումը 43 %-ով աճել է՝ համեմատած անցած տարվա նույն ժամանակաշրջանի հետ, ահա այսպիսի տեղեկատվություն է տարածել Վրաստանը: Հարգելի ընթերցողներ, ռուս-վրացական հարաբերությունների վատթարացման հետևանքով մի քանի տարի Վրաստանը դադարացրել էր իր գինիների և ալկոհոլային խմիչքների արտահանումը դեպի Ռուսաստան: Այսինքն՝ սա նշանակում է, որ մեզ ընձեռնվել էր մեծ հնարավորություն այդ շուկա մեր արտադրատեսակներով մուտք գործել: Ծագած հարցեր և հնարավոր պատասխաններ.

• Ինչո՞ւ Հայաստանին չհաջողվեց Ռուսաստանի գինու և ալկոհոլի շուկայում զբաղեցնել Վրաստանի տեղը, եթե ոչ ամբողջ մասով, գոնե 20-30 տոկոսով: Ըստ իս` սա սխալ ընտրած մարտավարության արդյունքն էր: Հարկային դաշտից սկսած՝ վերջացրած դիվանագիտական դաշտով, պետք էր ամեն ինչ անել, որպեսզի հայ արտադրողը կարողանար գրավել Վրաստանին «հատկացված բիզնես վականսիոն տեղը»:

• Խնդրում եմ այս հարցին պատասխանեն այն համապատասխան մասնագետները, ովքեր պնդում են, որ վրացական գինիների համեմատությամբ մեր գինիները զիջում են իրենց որակով: Եթե դա այդպես է, ապա ինչո՞ւ հաշվի չառնվեց այն փաստը, որ վրացիները, բացի ընտիր մրցակցային գինիներից, Ռուսաստան էին արտահանում նաև ՌԴ-ի միջին խավից ցածր քաղաքացիների համար նախատեսված էժանագին գինիներ, գոնե այդ շուկան մենք կարող էինք չէ՞ ապահովել: Նույնը վերաբերում է միջին խավի պարագային…

• Ինչո՞ւ պետությունը չկարողացավ մոբիլիզացնել այս ամենը, չէ՞ որ եթե դա մեզ հաջողվեր, ապա մենք շոշափելի տնտեսական առաջընթաց կունենայինք: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ Վրաստանի համախառն արտադրանքի զգալի տոկոսը հենց այս ոլորտն է, որը թույլ է տալիս իրենց լուրջ եկամուտներ բերել պետությանը: Թերևս այսքանը` մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել