Բլոգնյուզում մի հոդված կարդացի, որտեղ հեղինակը ցնցող վերլուծություն էր արել: Ըստ նրա դիտարկման՝ իշխանությունների դեմ ֆեյսբուքյան և այլ հարթակներում առավել ակտիվ նյութեր են գրում այն մարդիկ, որոնք, դատելով ֆեյսբուքում տեղադրած նկարներից, հանգստանում են արտասահմաններում և բարեկեցիկ կյանքով են ապրում: Ինքնին հասկանալի է, որ հոդվածագիրը դրանից աշխարհացունց եզրակացություններ էր արել՝ ընդգծելով, որ նման կենսամակարդակի տեր մարդկանց չպետք է հետաքրքրեր երկրի ներքին անցուդարձը: Ստացվում է, որ ժողովրդավարության համար պայքարը և իշխանությունների մոտեցումներից տարբերվող կարծիքները բացառապես աղքատների մենաշնորհն է...
Հարկ չէի համարի անդրադառնալ մեկ մասնավոր անձի արտահայտած կարծիքին, բայց նմանատիպ հասարակական ընկալումների հաճախակի եմ հանդիպում: Ինքս էլ աղքատների դասին չեմ դասվում, հնարավորություն եմ ունենում տարվա մեջ մի քանի անգամ հանգստանալու տարբեր հանգստավայրերում, բայց դա չի նշանակում, որ իմ պետության խնդիրները ինձ չպետք է հուզեն: Ախոռային մտածելակերպ է, երբ մարդը լուծում է իր կենցաղային և սոցիալական հարցերը և իր որոճման շրջագծից դուրս այլ բան չի տեսնում: Շատ ավելի վատ է, երբ դավադրություն եք փնտրում այն առողջ երևույթի մեջ, երբ մարդը, լինելով բարեկեցիկ, չի մոռանում իր պետության ներսում առկա խնդիրների մասին: Ինչ կասկածահարույց բան կա այն փաստի մեջ, որ Հովհաննես Ազոյանը, Հայկ Մարությանը, Կարեն Քոչարյանը, Խաչատուր Սուքիասյանը կամ այլոք, վստահաբար նյութապես շատ ապահովված լինելով, արտահայտում են իրենց անհամաձայնությունը վարվող քաղաքականության նկատմամբ: Մինչև հիմա բարեկեցիկ խավը հասարակական պայքարի տարբեր փուլերում պասիվ է եղել, դրա համար էլ դիմադրությունը շատ ավելի թույլ է եղել: Իսկ այժմ, երբ մարդիկ անթաքույց աջակցում են այս կամ այն հասարակական շարժմանը, դավադրություն եք փնտրում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել