Ամեն մեկը կյանքում իր դերն ունի: Դեր, որը ի վերուստ սահմանված է նախախնամության կամքով, և դեր, որը սոցիալական տարբեր հարթություններում մենք ենք ստանձնում մեր կամքով: Նույնն էլ պատերազմում: Ամեն մի մարտիկ ունի իր դերը, ամեն մի զինվոր ունի իր առջև դրված հստակ խնդիրները: Եթե անտեսվի յուրաքանչյուրի մի մասնիկ քայլն անգամ, ապա արդյունք չի լինի: Երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս. եթե հնարավոր լիներ ճանաչել մեր ժողովրդին հակառակ կողմից, այն կողմից, որն այսօր տեսանելի է մեզ, կունենայի՞նք արդյոք հաղթանակած պատերազմ: Այսօր կարելի է ազատամարտիկին հեգնել` ասելով` դե սովորական մարտիկ ես եղել էլի, իսկ մի՞թե չգիտեք, որ ազատության համար պայքարելու համար սովորական մարտիկ լինելն էլ մեծ պատիվ է, եթե ունես արժեհամակարգ: Սովորական մարտիկն էլ հսկա բանակի մի կաթիլն է: Շատ բան է փոխվել: Այսօր կարելի է ազատամարտիկին վիրավորել, այսօր կարելի է ազատամարտիկին հնարավորություն չտալ օգտվելու կյանքի ամենասովորական բարիքներից, այսօր կարելի է ազամարտիկին անտեսել` մոռանալով, որ ամենաուժեղ մարդն անգամ փխրուն հոգի ունի և շատ խոցելի է: Դուք բոլորդ տեսնում եք միայն նկատելին՝ պատերազմում հաշմանդամ դարձած, վիրավոր, առողջական խնդիրներ ունեցող բազմաթիվ ազատամարտիկների, իսկ այն փակը ոչ մեկին տեսանելի չէ: Հոգին, պատերազմում կոտրված հոգին, որն էլ հենց ամենաուժեղ մարդուն դարձնում է խոցելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել