Ինդրա ՆուիԻնդրա Նուի, այս կինը համարվում է մեր օրերի ամենաազդեցիկ կանանցից մեկը գործարար աշխարհում: Իսկ ո՞վ է նա, ի՞նչ հատկանիշների շնորհիվ է հասել նման բարձունքների:

Ինդրա Նուին ծնվել է Մադրասում 1955 թվականին: Նուին բնավորությամբ այնքան համարձակ էր, որ երիտասարդ տարիներին զբաղվում էր կրիկետով, անդամագրվել է Հնդկաստանի կրիկետի հավաքականին, որն այդ տարիներին չտեսնված երևույթ էր այնտեղ: Այնուհետև դառնում է սոլո կիթարիստ ինչ-որ հնդկական ռոք խմբում: Բայց… Այս ամենի հետ մեկտեղ նա չէր մոռանում ուսման մասին և ընդունվում է Կալկաթայի համալսարանի մենեջմենթի ֆակուլտետը:

Ավարտելով ուսումը` նա անմիջապես աշխատանքի է անցնում Բոմբեյում գտնվող «Johnson & Johnson» ընկերության մասնաճյուղում` որպես բրենդ մենեջեր: Նրա առաջադրանքն էր ավելացնել «Stayfree» բրենդի վաճառքների ծավալները: Հետագայում Ինդրան պատմում է, որ դա հիանալի փորձ էր, քանի որ Հնդկաստանում անձնական հիգիենայի պարագաներ գովազդելը հավասար է նրան, որ Ռուսաստանում գովազդվեն ոչ ալկոհոլային խմիչքներ: 1978 թվականին Ինդրան ընդունվում է Յեյլի համալսարանն ու տեղափոխվում ԱՄՆ:

Սակայն հնդիկ աղջկա համար շատ դժվար էր ապրել ԱՄՆ-ում, ուստի նա ուսման առաջին իսկ օրերից գիշերները սկսում է աշխատել հյուրանոցներից մեկի ադմինիստրացիայում: Իսկ գիտե՞ք, թե ինչու հենց այդ հյուրանոցում: Որովհետև գումար չուներ այլ հագուստ գնելու, իսկ այդ հյուրանոցում նրան աշխատանքային հագուստ էին տվել: Նա ուղղակի չէր կարողանում ռեզյումեն այլ ընկերություններ ուղարկել, քանի որ հարցազրույցի կանչելու դեպքում պարզապես հագուստ չուներ` պատշաճ ներկայանալու համար: Վերջապես նա կարողանում է 50 դոլար կուտակել ու հարմար հագուստ գնել, որպեսզի մասնակցի հարցազրույցներին ու փոխի աշխատանքը:

Սակայն նա չի կարողանում այդքան գումարով հագուստ գնել և ավելի նեղն ու թևերը կարճն է գնում ու մերժվում է հարցազրույցի ժամանակ: Նուին ուղղակի լացելով մտնում է իր դասախոսի սենյակն ու պատմում, որ իրեն հագուստի համար մերժել են: Իսկ դասախոսը լսում է նրան և ասում, որ հագիր այն, ինչը քեզ ավելի հարազատ է, որտեղ դու ավելի լավ ես քեզ զգում: Ինդրան հագնում է իրենց ազգային սարին ու որոշ ժամանակ անց իսկապես ընդունվում է աշխատանքի «Boston Consulting Group»-ում: Նուիի բնավորության կարևորագույն հատկանիշը նա էր, որ պատասխանատվությունն ամբողջությամբ վերցնում էր իր ուսերին ու լուծում առկա խնդիրները:

Նրա գործունեությունը հիմնականում ուղղված էր միջազգային նախագծերի իրականացմանը, որի արդյունքում 1986 թվականին նրան հրավիրում են «Motorola»: Այդ տարիներին «Motorola»-ն իր խոսքն էր ասում աշխարհին և բջջային հեռախոսների շուկայի լիդերն էր: Նուիի ունակությունները միանգամից գրավում են համաշխարհային մենեջմենթի այնպիսի դեմքերի, ինչպիսիք են Ջեք Ուելչը «General Electric»-ից և Ուեյն Քելլոուին «Pepsi»-ից: Երկուսի առաջարկն էլ շահավետ էին Ինդրայի համար, սակայն նա ընտրեց «Pepsi»-ն, քանի որ Քելլոուին ցանկանում էր բացահայտել նրա տաղանդը, իսկ Ուելչը դեռ սպասում էր որոշակի փորձի «General Electric»-ում, նոր հետո ավելի բարձր պաշտոնի: Ահա Քելլոուի այս արտահայտությունն էլ Ինդրային ստիպում է հեռանալ «Motorola»-ից:

«Մեզ պետք եք հենց Դուք, քանի որ միասին մենք կարող ենք «Pepsi»-ն դարձնել այնպիսին, ինչպիսին Դուք ցանկանում եք տեսնել»:

Իսկապես գրավիչ խոսքեր էին, որը ցույց էր տալիս, որ նա է այս ընկերության կառավարման ղեկին լինելու: Այսպես Ինդրան դառնում է «Pepsi»-ի ռազմավարական բաժնի ղեկավարը:

«Pepsi»-ում ամեն ինչ չէ, որ հարթ էր ընթանում, քանի որ, ինչպես պատմում է Ինդրան, բանակցություններին ու ժողովներին նա իրեն պահում էր ինչպես խիստ տղամարդ, բայց դրանից հետո վերադառնում էր գրասենյակ, փակում դուռն ու արտասվում: Ահա այսպիսին է աշխարհի ամենաուժեղ կանանցից մեկը:

Սկզբում Նուին կարողանում է «Pepsi»-ի տնօրեն Ռոջեր Էնրիկոյին համոզել, որ ընկերությունը հրաժարվի իր արագ սննդի ռեստորանային բիզնեսներից և շեշտը դնի առողջ սննդի վրա, քանի որ ռեստորանային բիզնեսի գրավչությունն ուղղակի վերանում է, իսկ մարդիկ ցանկանում են առողջ սնունդ, այնպես որ պետք է մտնել առողջ սննդի ոլորտ: Արդյունքում «Pepsi»-ն վաճառում է «Kentucky Fried Chicken»-ը, «Pizza Hut»-ը և «Taco Bell»-ը, որի արդյունքում ընկերության շրջանառությունը 10 մլրդ դոլարով ընկնում է, սակայն ընդամենը 10 տարի հետո այն կրկին մեծանում է:

Այստեղ կա շատ կարևոր հանգամանք. նրան «Պեպսիից» չհեռացրին, որովհետև յուրաքանչյուր քայլ ժամանակ է պահանջում, ուստի համբերելով ընկերությունը նկատեց, որ կամաց-կամաց իր դիրքերն ավելի են ամրապնդվում, իսկ շրջանառությունը մեծանում է: Դուք ինչպե՞ս կվարվեիք: Կարծում եմ` շատերը կհեռացնեին նման ստրատեգի, ով 10 մլրդ-ով կրճատում է շրջանառությունը` մոռանալով, որ հնարավոր է` դա ժամանակավոր է, և մոտ 10 տարի հետո այն վերականգնվելու է: Իսկ «Pepsi»-ում նրան հավատում էին:

Այնուհետև կրճատեց «Pepsi»-ի աշխատակիցների 3 տոկոսին` դրա փոխարեն ավելացնելով մարքեթինգային բյուջեն:

Մյուս հետաքրքիր քայլն այն էր, որ Նուին ուսումնասիրեց «Coca-Cola»-ի քայլերը և արդյունքում որոշեց նույն կերպ վարվել` թեթևացնելով ընկերության ընթացիկ ծախսերը: Իսկ ինչպե՞ս: Նա ուղղակի վաճառեց «Pepsi»-ի շատ գործարաններ անհատ ձեռնարկատերերի, որով օպտիմալացրեց հսկայական ծախսեր: Այս մեթոդը կիրառել էր «Coca-Cola»-ն 10 տարի առաջ:

Իսկ ռազմավարական հաջորդ քայլը «Coca-Cola»-ից 10 րոպե առաջ ընկնելն էր, այսինքն` եթե նա հետարքրքված է որևէ բրենդ գնելու գործում, ապա «Pepsi»-ն պետք է առաջ անցնի: Արդյունքում «Pepsi»-ն գնեց «Tropicana»-ն, իսկ «Coca-Cola»-ի ձեռքից տարավ «SoBe»-ն, քանի որ արդեն գնման պայմանավորվածություն կար, սակայն Ինդրայի ճկունությունը հաղթում է այս պարագայում: 

2007 թվականին Ինդրան դառնում է «Pepsi»-ի գլխավոր տնօրեն, որի առաջին տարում եկամուտն ավելանում է 40 տոկոսով, որի աշխատավարձը կազմում էր տարեկան 7.1 մլն դոլար: Նա «Chicago Bulls»-ի երկրպագու է, ով կարող է ամենակարևոր բանակցության ժամանակ մեկ րոպեով դուրս գալ, ստուգել, թե խաղի հաշիվն ինչպիսին է, նորից ներս մտնել բանակցությունների:

Պատմում է Ինդրա Նուին.

-Երբ ես դարձա «Pepsi»-ի գլխավոր տնօրեն, ժամը 22.00-ից շտապում էի տուն, որպեսզի ընտանիքիս հայտնեմ լավ լուրը: Երբ հասա տուն, միանգամից գոռացի.

-Մաաամ, ես կյանքիս ամենակարևոր լուրն եմ քեզ հայտնելու:

Եվ լսեցի հետևյալ պատասխանը.

-Կարևոր լուրերը քեզ պահիր, իսկ հիմա գնա կաթ գնելու:

Ես գնացի կաթ գնելու, երբ վերադարձա անհանգիստ հարցրեցի մայրիկիս.

-Ասա ինձ, ինչու՞ հենց ես պիտի կաթ գնեի: Տանը շատ մարդ կա, ինչու՞ ես:

Նա ուշադիր նայում է ինձ ու պատասխանում.

-Լսիր, Ինդրա, երբ տուն ես մտնում, մոռացիր քո գահի ու թագի մասին, նրանք թող դրսում, քանի որ առաջին հերթին տանը դու կին ես քո ամուսնու համար և մայր քո երեխաների համար: Դա է քո կյանքի գլխավոր դերը, մնացածը ժամանակավոր է: 

Ինդրան չմոռացավ այս խոսքերն իր ողջ գործունեության ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել