Սիրում եմ փողոցային շներին: Մանավանդ փոքրերին՝ ցեխոտ բեղերով, ականջները` կամ ցից, կամ կախ ընկած: Մի տեսակ անհոգ ժպիտ կա մռութների վրա: Մանրաքայլ ու արագաշարժ: Երբ փողոց են անցնում կանաչ լույսի տակ կամ երբ ականջները տնկած մարդկանց պայուսակներն ու խանութների դռների արանքից եկող տաքությունն ու մսի բուրմունքն են հոտոտում:

Էս մեկին վաղուց էի նկատել: Միշտ մսավաճառի աստիճանների վրա վերև-ներքև է անում, բայց դուռն ինչքան էլ բաց լինի, երբեք չի մտնում: Գիտի: Մսի իր փայ մնացորդներն օրվա վերջ կտան: Ինքը պարզապես ժպիտը մռութին արագ-արագ գնում-գալիս է, բարձրանում-իջնում, հոտոտում, գնացող-եկողի տոպրակները ճամփու դնում մի քանի քայլ ու հետ գալիս:

Երեկ իջնում եմ փողոցով, տեսնեմ՝ խանութների շարքի դիմաց շուն է պառկած մեջքի վրա, անշարժ, թաթերը տնկած: Փողոցով վեր ու վար անող, աշխատանքի շտապող մարդիկ քայլերն են դանդաղեցնում, նայում մայթի վրա սատկած շանը: Ես էլ դանդաղեցնում եմ, մոտենում եմ, տեսնեմ` ծանոթ շունն է...
- Վաաայ, - մտածում եմ, - խեղճ շունիկ... Տեսնես՝ ուր է պետք զանգել, որ գան հավա...

Շունն աչքերը բաց է անում, շուռ է գալիս փորի վրա, վեր կենում ու արագ-արագ իրենից գոհ հեռանում:

- Շուն դառնաս դու, վախեցրիր, - մտածում եմ:

Նայում եմ դերասանի շուրջբոլորը հավաքված մարդկանց դեմքերին. նույն թեթևությունն է՝ «լավ պրծանք», ու շարունակում ենք շտապել ամեն մեկս մեր ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել