Բանակում ծառայելը պիտի որ պատիվ լիներ յուրաքանչյուր հայորդու համար, սակայն վերջին ժամանակները հայոց բանակում գաղջ մթնոլորտ է տիրում, որն արտացոլում է քաղաքացիական հասարակության դեգրադացումը: Ինքնասպանությունները բանակում ոչ թե կասեցվում են, այլ հակառակը, դրանք լռելյայն խրախուսվելով նոր թափ են ստանում: Կայքերից մեկը հարց է տալիս` ինչպե՞ս վերջ դնել բանակում կատարվող սպանություններին կամ գաղջ մթնոլորտին: Նախ պետք է նշել, որ նման երևույթների առկայությունը ախտորոշում է բանակի ոչ պրոֆեսիոնալ հրամանատարական կազմի մակարդակը: 
Պետք չէ մոռանալ, որ բանակը մնում է բանակ, որտեղ հազարավոր տղամարդկանցից ոմանք փորձում են իրենց կենդանական, անասնական որձությունը ցույց տալ, իսկ ոմանք էլ ստիպված են ենթարկվել ջունգլիների օրենքներին: Հիերարխիան տիրում է ոչ միայն եկեղեցական կառուցվածքում կամ իշխանական համակարգում, այլ նաև բանակում, որտեղ թաղի խուժանի դաստիարակությունն ու խրատներն ականջին օղ արած պատանին, մտնելով զինված ուժերի ջունգլիներ, հենց առաջին օրվանից փորձում է իր ուրույն տեղը զբաղվեցնել հիերարխիկ բուրգում: Բանակում ոչ միայն ծառայում են թաղի խուժանի հետևորդները, այլև դաստիարակություն ստացած, կրթված կամ պարզապես մարդկային հատկանիշներով օժտված խելացի երիտասարդներ: Քանի որ բանակում առկա են հանցագործ աշխարհի չգրված օրենքները, ապա մեր կրթված երիտասարդները հայտնվում են թաղային խուժանի ազդեցության և իշխանության սահմաններում: Եթե բանակում ծառայել եք, ապա պետք է որ տեսած կամ հասկացած լինեք, որ բանակում կարգ ու կանոն հաստատելու համար հրամանատարական կազմը միշտ էլ հենվել է թաղային խուժանի կամ այսպես ասած՝ ստից գողականի հեղինակության վրա և օգտվել է նրանց ծառայություններից,` փոխարենը նրանց տալով որոշակի արտոնություններ և ազատություններ: Ուզո՞ւմ եք բանակում կարգ ու կանոն հաստատել, ուրեմն բանակից հեռացրեք ոչ պրոֆեսիոնալ սպայական կազմին, դա նրանց տեղը չէ, ուզո՞ւմ եք կարգ ու կանոն, ուրեմն խուժանին զրկեք իր դոմինանտությունից: Բանակում բոլոր զինվորները պետք է հավասար լինեն, ավելին, գոնե նման դեպքերում սպաները պետք է իրենց հովանավորության տակ վերցնեն խելոք երիտասարդներին: Պետք է, որ սպայական կազմը բարեխղճորեն կատարի իր պարտականությունները, պետք է անընդհատ գտնվի իր վերադասի հսկողության և հետևողականության տակ, իսկ վերադասը պետք է հաճախակի տեղեկանա և ստուգի զինվոր-սպա հարաբերության կապը: Սպաները պետք է տեղեկացված լինեն միջզինվորական հարաբերություններից և կարողանան ժամանակին հարթել ծագած անհասկացողությունները, որպեսզի դրանք չվերածվեն վեճի կամ դրդեն կողմերից մեկին ինքնասպանության քայլի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել