
Կոչ եմ անում իմ բոլոր մտավորական ընկերներին ծանոթ թե անծանոթ: Եկեք հավաքվենք իրար գլխի, խելք խելքի տանք, մի ճար գտնենք էս մեր խեղճ ու կրակ ժողովրդին սատար կանգնենք, էս նողկալի վիճակից դուրս գանք միասին: Մինչև ազգի մտավորականությունը իրոք չհամախմբվի ազգի փրկության գաղափարի շուրջ, ինչպես ելել է շատ օրհասական պահերի մեր պատմության, մենք դատապարտված ենք կործանման: Արհեստական «հանրային խորհուրդ» կոչեցյալը որ փաթաթվեց ժողովրդի վզին, ընդհամենը սխալ ուղղագրությամբ մտավո(ր)ականության պատրանք է: Ես պատրաստ եմ տրամադրել տարածք ուր մենք կարող ենք հավաքվել և քննարկել մեր ժողովրդին հուզող բոլոր հարցերը: Հավատացե՛ք, ժողովուրդը ունի մեր միջամտության կարիքը, անշահախնդիր, անկողմնակալ և չուղղորդված միջամտության: Իշխանությունները վաղ թե ուշ ստիպված կլինեն հաշվի նստել մեր հետ, և համոզված եղեք ժողովուրդը անմիջապես կաջակցի մեր բոլոր նախաձեռնություններին: Հիշեք մեր մեծերին, թե ինչով են զբաղված եղել օրհասական պահերին և կա՞ մեկը որ համաձայն չէ որ սա օրհասական պահ է մեր ազգի, պետության և Հայոց աշխարհի համար: ՄԻԱՑԵ՛Ք, որ հետո ստիպված չլինեք ստեղծագործել օտար լեզուներով, օտար հողի վրա, օտարի համար, օտար բարքերով: Այն մի քանի լումաներով, որ իշխանությունները գնում են ձեր այսօրվա լռությունն ու անտարբերությունը, վախը ընդհանրապես անգործ մնալու, որ ձեզ հետ է պահում արտահայտվելուց, ճղճիմ հնարավորություններն ու հովանավորությունները որ ձեզ տրվում է տարին մեկ այս կամ այն միտքը իրականացնելու չարժեն այն ինչ դուք կորցնում եք ընդմիշտ` ձեր դեմքը ու պատիվը, իսկ ամենասարսափելին` ձեր տառապյալ ՀԱՅՐԵՆԻՔԸ...
Հարգանքներով` Արշակ Զաքարյան