Ռոլեքս

Երբևէ հարց չի ծագել Ձեզ մոտ, թե ինչու՞ է ժամացույցի երկիրը համարվում Շվեյցարիան: Պատասխանը հստակ չէ, սակայն նշվում է, որ նրանց ուղղակի վտարել են տարբեր երկրներից: 16-րդ դարում Եվրոպայում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք կապված էին ժամագործների հետ, քանի որ եկեղացականները հալածում էին նրանց, որի բուն պատճառը մինչև հիմա հայտնի չէ: Ըստ լեգենդի` Եվրոպայի բոլոր մասերից ժամագործները տեղափոխվում են Շվեյցարիա, որի արդյունքում էլ այս երկիրն աշխարհում հայտնի է նաև որպես ժամացույցների հայրենիք:

Մինչ բուն գրառմանն անցնելը ցանկանում եմ մեջբերել մի խոսք, որտեղ ասվում է, որ անգամ ամենաքիչ պահանջարկ ունեցող իրը կարելի է դարձնել ճանաչված և դրա շնորհիվ հարստանալ: Ուղղակի պետք է հիանալի կերպով գովազդել և դարձնել նորարարության տարր: Իհարկե, այս ամենին հասնելու համար պետք է հսկայական ջանք թափել պրոֆեսիոնալ մակարդակով: Ահա այսպես էլ արեց Ռոլեքս ժամացույցների հիմնադիրը:

Ընկերությունն այսօր ավելի շատ  մեխանիկական ժամացույց է արտադրում, քան Շվեյցարիայում ոլորտի բոլոր արտադրողները միասին վերցրած: Այս բրենդը որակ բառի հոմանիշն է, այն կրում են այնպիսի մարդիկ, որոնք հաջողակ և կայացած են:

Հանս Վիլսդորֆը ծնվել է Բավարիայի Կուլմբախ գյուղում 1881 թվականին: Դպրոցից հետո Հանսը մեկնում է Շվեյցարիա և բնակություն հաստատում ժամացույցային արտադրության կենտրոնում` Լյա-Շո-Դե-Ֆոնում: Այստեղ նա մենեջերի աշխատանք է գտնում ժամացույց արտադրող ընկերություններից մեկում, որը շեշտը դրել էր արտահանման վրա: 1903 թվականին, ստանալով որոշակի փորձ, Վիլսդորֆը մեկնում է Անգլիա, ամուսնանում, ստանում Անգլիայի քաղաքացիություն և իր կնոջ բարեկամի` Ալֆրեդ Դեյվիսի հետ, հիմնում է ժամացույցների մեծածախ վաճառքով զբաղվող ընկերություն, որի անունն էր Wisdorf and Davis:

Շվեյցարական Բյեն քաղաքում նա պայմանագիր է կնքում Aegler ընկերության հետ և դառնում է նրա պահեստամասերի դիստրիբյուտորը Անգլիայում: Սկզբում նրանք գնում էին մեխանիզմները, որից հետո դրանք հավաքվում էին և վաճառվում արդեն W&D անվան տակ: Հանսը սակայն վստահ էր, որ ապագան ձեռքի ժամացույցներինն է, պետք է զբաղվել այդ բիզնեսով և 1905 թվականին որոշում է անձամբ զբաղվել ժամացույցների արտադրությամբ: Ի դեպ սա շատ ռիսկային քայլ էր, քանի որ այդ տարիներին ձեռքին ժամացույց կրելը համարվում էր ամոթալի երևույթ:  Իրական գործարարներն ու վերնախավը կրում էին գրպանի ոսկե ժամացույց, իսկ ձեռքինը համարվում էր կանացի աքսեսուար: Իսկ ժամացույցի նման փոքր չափը մարդկանց մոտ ասոցացվում էր, որ այն լավ մեխանիզմ չունի և անորակ է: Սակայն էլ ի՞նչ հաջողակ գործարար, ով կյանքում գոնե նվազագույնը մեկ անգամ ռիսկի չի գնալու: Այդպես էլ վարվեց Հանսը, ով չվախեցավ, այլ փորձեց կոտրել կարծրատիպերը:

Վիլսդորֆի գործարարական հոտառությունն իրեն չխաբեց, քանի որ նա որոշեց ոսկե և արծաթե ժամացույցներ արտադրել, որոնք հիանալի վաճառք ապահովեցին: Առաջին իսկ հաջողության ժամանակ Վիլսդորֆը որոշում է փոխել ընկերության անվանումը, քանի որ W&D-ն այդքան էլ հնչեղ չէր, չէր հիշվում և չէր արտահայտում էչ մի էմոցիա: 1908 թվականին նա պաշտոնապես գրանցում է Rolex անվանումը, որը ֆրանսիական երկու բառերի հապավումն էր` hoRLOgerie EXquise-Կատարյալ ժամացույցի արտադրություն:

Անվանումից հետո Վիլսդորֆը սկսում է շեշտը դնել ժամացույցների որակի վրա և արդյունքում ստեղծվեց այնպիսի մի ժամացույց, որի ճշտությունը ստացավ ամենաբարձր բալը: Սակայն առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում նա որոշում է տեղափոխվել ավելի ապահով Շվեյցարիա և 1914 թվականից ի վեր ընկերության գրասենյակը Բյեն քաղաքում է, իսկ ժամացույցների հավաքումն իրականացվում է Ժնևում:

rolex

Վիլսդորֆի մյուս միտքը կայանում էր դիմացկուն ժամացույցներ ստեղծելու մեջ և նա իր ժամացույցները 45 օր փորձարկում էր բոլոր էքստրեմալ պայմաններում` տաք ու սառը ջերմաստիճաններում, և ջրում, և օդում: Այս փորձություններից հետո ընկերությունը ստանում է հատուկ սերտիֆիկատ, որը դառնում է ամենաճիշտ ու դիմացկուն ժամացույցն աշխարհում:

Դրանից հետո Վիլսդորֆը ընդունում է որակի կառավարման օրենքներ, որոնք կիրառվում են մինչև օրս: Ահա այդ արտադրական օրենքները`

- Ոչ մի ժամացույց ջուր չի ներծծելու:

- Ոչ մի ժամացույց չպետք է լարել ձեռքով:

- Ժամացույցի ներսում անգամ փոշու հատիկ չպետք է լինի:

- Բոլոր նյութերը պետք է լինեն միայն բարձրորակ: Այսօր Rolex-ն օգտագործում է միայն ոսկե, պլատինե ու արծաթե պահեստամասեր, թանկարժեք քարեր, որոնց որակը ստուգվում է հատուկ լաբորատորիայում:

- 15-օրյա թեստավորում: Թեստի անվանումն է COSC, որի ընթացքում ժամացույցն անցնում է ամենաանբնական ու էքստրեմալ պայմանների միջով, որպեսզի ստանա որակի սերտիֆիկատ:

- Եթե արտադրության մի փուլում որակը չի ապահովվում, ապա արտադրանքը նորից անցնում է վերամշակման:

20-որ դարասկզբին Եվրոպան պատերազմների մեջ էր, իսկ բարձրաստիճան սպաների համար շատ անհարմար էր ժամացույցը կրել գրպանում: Իսկ Վիլսդորֆը փորձեց օգտվել այդ հանգամանքից, քանի որ ձեռքի ժամացույցները համարվում էին միայն կանացի: Իսկ կա՞ր ավելի հարմար պահ, քան սպաների կերպարն օգտագործելն էր որպես տղամարդկային ժամացույց: Հանսը կարողանում է մի քանի բարձրաստիճան սպաներին  ժամացույց նվիրել, որից հետո սկսում է վիրուսի էֆֆեկտը: Այս հարմար պահի շնորհիվ Rolex սկսեցին կրել գրեթե բոլոր սպաները, իսկ կանացի ժամացույցների կարծրատիպը կամաց-կամաց վերացավ: Առաջին Համաշխարհայինը վերջացավ, իսկ տղամարդկանց ձեռքին այդ ժամացույցը մնաց: Երբ արդեն ժամացույցը սկսեցին ձեռքին կրել նաև տղամարդիկ, Հանս Վիլսդորֆը որոշեց էլ ավելի կատարելագործել ժամացույցները:

Իսկ բարձրորակ ժամացույցի համար հարկավոր էր այնպիսի պայման, որ նրա մեջ ջուր չներծծվի: Ահա այս խնդրի լուծման վրա էր շեշտը դրել Հանսը, որի արդյունքում ստացավ Rolex Oyster մոդելը: Այս նոր ժամացույցը ջուր չէր ներծծում, իսկ սա ցնցում էր ողջ շուկայում, քանի որ սպառողները չէին հավատում: Rolex-ը կրկին առաջինն էր այս ոլորտում և ամեն կերպ ձգտում էր պահել բարձր որակը: Իսկ ինչպե՞ս աղմուկ բարձրացնել:

Շարունակելի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել