Ով պատմությունն ուսումնասիրել է, ապա պետք է որ իմանա իտալական ֆաշիզմի գաղափարախոս-հոր՝ Բենիտտո Մուսոլինու կենսագրությունից այսպիսի մի դրվագ: Մինչ իշխանության գալը Մուսոլինին թերթի խմբագիր էր և անողոքաբար քննադատում էր իշխանություններին, միևնույն ժամանակ խոսում էր խոսքի ազատության անձեռնմխելիությունից և ազատ մամուլի անհրաժեշտությունից: Իշխանության գալուց անմիջապես հետո առաջին բաներից մեկը, որ արեց Մուսոլինին, խոսքի ազատության կտրուկ սահմանափակումն էր և չոր գրաքննության իրականացումը: Ասում են` նա անձամբ էր կարդում բոլոր թերթերի հաջորդ օրվա համարները և գրիչով նշում, թե ինչ հանել, իսկ ինչը թողնել:
Հիմա մեր ընկալման մեջ դա ընդունված է, որ ֆաշիստական ռեժիմի համար սովորական երևույթ է նման դրսևորումները:
Հիմա ինձ բացատրեք, թե ի՞նչ տարբերություն Մուսոլինիի ֆաշիզմի և մեր ակտիվիստ ընդհանուր մասսայի «ակԾիվիստ» այս խմբի միջև, որը հանդես է գալիս օրենքի սրբության, խոսքի ու քաղաքացիական ազատությունների վրա հիմնվելով և դրանք գրեթե բացարձակացնելով, իսկ հենց 3 գրամ քաշ է ձեռք բերում հասարակական ազդեցության տեսակետից, արդեն ինքն է անցնում ֆաշիստական մեթոդների:
Ի՞նչ իրավունք ունեն որոշ դուրսպրծուկներ, ովքեր երևի իրենց մեծն հեղափոխականներ ու մինի-մուսոլինիներ են երևակայել, ինչ է թե մի երկու անգամ հայտնվել են տեսախցիկների առջև ընտրատեղամասերում և սոցիալական ընդվզումների կիզակետերում, խոչընդոտեն լրագրողների աշխատանքը:
Անկախ նրանից, թե ինչ կարծիք ունեն նրանք «Արմնյուզի», «Շանթի» ու անգամ Հ1-ի մասին, անկախ նրանից, թե ես ու մենք բոլորս ինչ ենք մտածում այդ լրատվականների մասին, բայց երբ «ակԾիվիստները» դիմում են նման քայլերի, ապա ինձ համար նրանք ոչնչով չեն տարբերվում օրինակ Լֆիկի հաստավիզներից կամ չան պոկել սպառնացող Թոխմախի Մհերից: Այն տարբերությամբ, որ նրանք էդքան քաշ չունեն, թե չէ դրանցից էլ ավելի բեթար կլինեին, եթե հաշվի առնենք, որ այսօր, երբ նրանք դեռ ոչինչ են, արդեն սենց են իրենց պահում:
Դե Մուսոլինիի մասով էլ դեռ ահագին աճելու ունեն, բայց դե դասական ֆաշիզմի հիմնադրույթները կարծես լավ են յուրացրել...

Մի պղծեք էդ շարժումը, մի արեք նենց, որ վաղը, մյուս օրը ձեր երեսից նորմալ ակտիվիստներն ամաչեն ասել, որ իրենք ակտիվիստ են...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել