Galatv.am-ը գրում է.

«Россия 1» հեռուստաալիքի աշխատակիցներն ու լրագրողները տեղյակ են, որ Հայաստանում գործող լրագրողների եւ հանրության կողմից բացասաբար են ընդունվել Նոր Մոսկվայում գրանցված ավտովթարի մասին լուսաբանումները, որոնք առնչվել են մեր հայրենակից, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին:

Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեցին «Россия 1» հեռուստաընկերության աշխատակիցները: Հեռուստաընկերության ընդհանուր բաժնում ասացին, որ տեղյակ են այն մասին, որ մեծ աղմուկ են բարձրացրել հատկապես «Россия 1» հեռուստաընկերության լուսաբանումները, բայց ձեռնպահ մնացին մեկնաբանություններից, եւ ԳԱԼԱ-ի հետ զրուցակիցը չցանկացավ անգամ, որ հրապարակվի իր անունը: Իսկ լրատվության ծառայության աշխատակիցներից մեկը, ով ներկայացավ Յուլյա անունով, ասաց, որ ինքը տեղյակ է լրագրողների հայտարարությանը, որը հասցեագրվել է ՌԴ Ժուռնալիստների միությանը:

Հիշեցնենք, որ հայ լրագրողները որպես բողոքի նշան հայտարարություն նախաձեռնեցին, որում մասնավորապես ասվում էր.

«Ընդունեք մեր խորին ցավակցությունները հուլիսի 13-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի եւ 18 մարդկանց մահվան կապակցությամբ: Երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի նկատմամբ: Վերջին օրերին Ռուսաստանի Դաշնության մի շարք լրատվամիջոցներ եւ լրագրողներ, անդրադառնալով դեպքին, թույլ են տվել լրագրողի մասնագիտությանը ոչ հարիր էթիկայի նորմերի խախտումներ: Մասնավորապես` իրենց հրապարակումներում Հրաչյա Հարությունյանի ազգությունը նշելով՝ ակնհայտ բացասական երանգով են ներկայացրել նրա անձը` երբեմն վիրավորական արտահայտություններ հնչեցնելով նրա հասցեին: Այս հարցում աչքի են ընկել հատկապես հեռուստալրագրողները եւ, որ ամենացավալին է, Հրաչյա Հարությունյանի արժանապատվությունը նսեմացնող հրապարակումներով հանդես են եկել նաեւ պետական հեռուստաընկերության լրագրողները...»:

Լրատվական ծառայության աշխատակիցն ասաց, որ ինքը տեղյակ է նաեւ, որ ստորագրահավաք է կազմակերպվել եւ հազարավոր մարդիկ են դրել իրենց ստորագրությունը այն հանրագրի տակ, որով պահանջ է ներկայացվում ներողություն խնդրել Հրաչյա Հարությունյանից՝ նրան վիրավորելու եւ «Россия 1» լրագրող Օլգա Սկաբեևայի ոչ պրոֆեսիոնալ լուսաբանման համար: Յուլյան ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց. «Այո, ես տեսել եմ, այս մասին էլ տեսել եմ «Գազետա ռու» կոչվող կայքում, եւ գիտեք, իմ կարծիքով ես այն անձնավորությունը չեմ, որ իրավունք ունի պատասխանելու նմանատիպ հարցերի կամ մեկնաբանություններ հնչեցնի... Այդ մասին գիտենք, բայց ճիշտ կլիներ, եւ ես կարող եմ ձեզ օգնել, որ դուք գրավոր դիմեիք «Россия 1» հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրենին: Իսկ Նաստյան ձեր բարձրացրած հարցի վերաբերյալ իրազեկ է եւ կարող է պատասխանել, նաեւ ձեր բարձրացրած խնդրի մասին տեղյակ կպահի հեռուստաընկերության ղեկավարությանը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել