Նորածինների հայրիկների 7 պատվիրանները

Vemard.com-ը գրում է.

Գոյություն ունի հետևյալ տեսակետը, ըստ որի մայր չեն դառնում, մայր ծնվում են, իսկ հայրերի դեպքում` ճիշտ հակառակը. հայր չեն ծնվում, հայր դառնում են: Եթե կարծում եք, որ ձեր դերն ընտանիքում սահմանափակվում է միայն գումար վաստակելով, իսկ երեկոյան բազմոցին պառկած` հեռուստացույցի ալիքները փոխելով, ապա կամ դուք ծուլանում եք, կամ, մեղմ ասած, ինքներդ ձեզ չեք վստահում:

Դուք երեխայի դաստիարակությունը հանձնում եք մորը, քանի որ կասկածում եք, որ կարող եք լինել լավ հայր: Իսկ ինչո՞ւ ոչ: Եվ ընդհանրապես, ի՞նչ է նշանակում լինել լավ հայր: Եթե դա նշանակում է երբեք չսխալվել, ապա մոռացե´ք դրա մասին, քանի որ սխալներ դուք կանեք և այն էլ շատ: Նույնիսկ մայրերն են սխալվում երեխաներին մեծացնելու ճանապարհին, մինչդեռ նրանց չեն որակում որպես լավ կամ վատ մայրեր: Հետևաբար, դուք ինչո՞վ եք պակաս: Մի´ մոռացեք, որ երեխայի դաստիարակությունը ճշգրիտ գիտություն չէ: Այն, ինչ ճիշտ է ոմանց համար, սխալ է մյուսների համար: Հիշե´ք, որ փորձերի և սխալների վրա նույնպես սովորում են, պարզապես պետք է դաս քաղեք սխալներից դրանք կրկին չգործելու համար:

Հավատացե´ք, որ ձեր երեխաների աչքերում դուք ամենալավ հայրն եք: Բայց այն, ինչ կկարդաք ստորև, չպետք է մնա զուտ ինֆորմացիայի աղբյուր:

Որքան էլ զբաղված կամ հոգնած լինեք, անպայման ժամանակ գտե´ք ձեր երեխայի համար և այդ րոպեներն ամբողջությամբ նվիրե´ք նրան: Եթե նա դրա կարիքն այլևս չզգա, ապա շատ արագ ձեզ կհասկացնի: Կարևորը, որ նա իմանա, որ կարող է վստահել ձեզ:

Հետաքրքրվե´ք նրա առօրյայով նույնիսկ մինչև նրա լույս աշխարհ գալը, նրա մասին որոշ բաներ իմանալը ձեզ կօգնի ավելի վստահորեն դիմակայել տարբեր իրավիճակներին, որոնք ձեզ անպայման կհանդիպեն երեխա դաստիարակելու ճանապարհին:

Հարկ կլինի գոնե մասամբ բավարարել նաև երեխայի մոր ցանկությունները: Հիշե´ք, որ երեխայի կարծիքը ձեր մասին կախված է նաև այն բանից, թե ինչպիսինն եք դուք մոր աչքերում: Եթե երեխային մի քանի ժամ կամ մի քանի օր ձեզ մոտ թողնելու միտքը մորը խուճապի է մատնում, շատ հնարավոր է, որ երեխան նույնպես նյարդային դառնա:

Մի´ վախեցեք «կեղտոտ գործերում թաթախվելուց», այսինքն` երեխայի տակաշորը փոխելուց, նրան լողացնելուց կամ կերակրելուց: Այդ գործողությունները ձեզ բնավ էլ չեն պատվազրկի, ընդհակառակը` դրանք նույնպես լավ հայր լինելու գրավականն են:

Փորձե´ք չզոհաբերել ձեր ընտանեկան կյանքը ի շահ ձեր աշխատանքային կարիերայի և թողե´ք աշխատանքային սթրեսը գրասենյակում, չնայած որ երբեմն դա շատ կլինի:

Մի´ վախեցեք հարկ եղած դեպքում երեխային նկատողություն անելուց և սահմանափակումներ դնելուց: Ձեր երեխան ունի դրա կարիքը, դա նույնիսկ շատ կարևոր է նրա համար: Դուք ունեք դրա իրավունքը, մի´ զիջեք այն ոչ մեկին:

Եվ ամենակարևորը` երբեք մի´ կաշառեք երեխային կոնֆետներով կամ խաղալիքներով նրա հետ զբոսնելու կամ խաղալու փոխարեն, քանի որ ոչինչ չի փոխարինի ձեր ուշադրությանն ու հոգատարությանը փոքրիկի հանդեպ:

Ավելի ուշ` ժամանակի ընթացքում, դուք կսովորեք շատ հարցերի պատասխաններ գտնել ինքնուրույն` հենվելով սեփական փորձի և ծնողական ինտուիցիայի վրա, և այլևս ուրիշի խորհուրդների կարիք չեք ունենա: Իսկ մինչ սպասում եք ձեր երեխայի կողմից առաջին սիրո խոստովանությանը, վայելեք նրա հետ անցկացրած փոքր և մեծ երջանիկ պահերը:

Իսկ եթե ժամանակի կամ հնարավորությունների սղության պատճառով չեք կարող լիարժեք ապահովել այս ամենը, ապա մի վհատվե´ք, չէ՞ որ հայտնի բան է. «Իմ հայրիկն ամենամեծն է, ամենագեղեցիկն է, ամենաուժեղն է»:

Lina Melqonjan

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել