Կասկադի սպիտակ պատերին նուռը հասել է, պայթելու վրա է: Անջուր սափորներից ջուր է ժայթքելու: Հավերժության նշանը իր որ միլիոն պտույտն է անում: «Կարինը» և մեր զավակները թնդացնում են հողը:

«Իշխանասար» են պարում: Սկզբում երկու շրջան ստեղծվեց, հետո շրջաններն ավելացա՜ն, ավելացա՜ն: Աչքիս առջև պարող գալակտիկա ստեղծվեց, որ պտտվում էր հրե կենտրոնի շուրջը... Ջերմությունն ավելանում է: Մարդկային օրենքները նահանջում են: Աստեղային օրենքները շարժում են հայկական գալակտիկան:

Հայկական գալակտիկան շիկանում է պտույտից: Չդադարեցնել պարը: Չընդհատել: Պարողների հոգին աստեղային նյութից է: Շարունակել պարը: Խավարը սարսում է, մութը ընկրկում է: Մոտենում է Մեծ Պայթյունի ակնթարթը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել