Այն որ վերջին շրջանում Ադրբեջանից հնչող ռազմական հռետորիկան ավելի է սաստկացել՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ: Գաղտնիք չէ նաև այն, որ Ադրբեջանը դեռ պատերազմի տարիներից ի վեր մեծ խմբաքանակներով զենք ու զինամթերք է գնել՝ պարբերաբար խախտելով ԵԱՀԿ սովորական սպառազինությունների պայամանագրով Ադրբեջանի համար սահմանված քվոտան, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերը:
Ադրբեջանական քարոզչամեքենան հավատարիմ մնալով իր ներքին լսարանին «Հայերի վրա գլխարկներ շպրտելով էլ կհաղթենք» տիպի տեղեկատվական խայծեր հրամցնելու իր ռազմավարությունը, հիմա էլ անցել է վերջին 20 տարիների ընթացքում ձեռք բերված տեխնիկայի թվային տվյալները հրապարակելուն, ինչն ի դեպ նաև ապտակ է նույն ԵԱՀԿ-ին, որի Ադրբեջանը կարծես ասի «Թքած ունենք ձեր քվոտաների վրա, մեկ է, ոչինչ էլ չեք անելու:»
Այսպիսով, համաձայն ադրբեջանական ԶԼՄ-ների, 1992-2012 թվականներին Ադրբեջանն ընդհանուր առմամբ ձեռք է բերել 321 միավոր տանկ, 264 ռազմական մեքենա, 400 հրետանային համակարգ եւ 21295 հրթիռ եւ հրթիռակիր, 64 ուսումնական եւ մարտական օդանավ, 24 ռազմական ուղղաթիռ:
Տպավորիչ թիվ է, ի՞նչ խոսք: Տպավորիչ էր նաև Ռուսաստանից ձեռք բերված վերջին միլլիարդ դոլարանոց զենքի խմբաքանակը: Բայց այստեղից սկսում են շատ խորը ու կարևոր «բայցեր».
- Ադրբեջանը 20 տարիների ընթացքում ձեռք է բերել սպառազինություն տարբեր երկրներից ու տարբեր «թարմության»: Օրինակ Ուկրաինայից ձեռք բերված տանկերի զգալի մասը արդեն կարելի է հանձնել մետաղի ընդունման կետ, իսկ եղած հին տեխնիկայի և ձեռքբերված նորագույն Տ-90-ների համագործակցությունը դեռ չի մշակվել, էլ չասեմ, որ մարտական պայմաններում արդյունավետ փողգործակցություն ապահովելը ռեալ չէ:
- Այո՛, Ադրբեջանը ձեռք է բերել շատ նոր և նորագույն տեխնիկա, բայց տեխնիկան ինքն իրենով՝ ոչինչ է, այն դեռ պետք է կարողանալ շահագործել ու մշակել դրա օգտագործման ամենաարդյունավետ դոկտրինը՝ ելնելով քո ռեսուրսներից ու աշխարհագրական առանձնահատկություններից: Այս առումով ճգնաժամի առհավատչյան այն փաստն է, որ մինչ օրս էլ Ադրբեջանի զորահանդեսներում ինքնաթիռները թռցնում են ոչ թե ադրբեջանցիններ, այլ արտասահմանից հրավիրված օդաչուներ՝ հիմնականում Իսրայելցի:
- Առանձին վերցված նորագույն տեխնիկան շատ զիլ է երևում գովազդային հոլովակներում, բայց պատերազմի ժամանակ պետք է կարողանալ այդ տեխնիկայի բազմաթիվ միավորներից բաղկացած զորամիավորումներ ղեկավարել ու այնպես անել, որպեսզի այդ տեխնիչկան հնարավորինս օգտվի իր առավելություններից, իսկ դրա համար անհրաժեշտ են այդ տեխնիկան շահագործող ու սպասարկող անձնակազմեր և հմուտ հրամանատարներ, իսկ այս հարցում Ադրբեջանը խիստ կաղում է:
- Թեև թեև տպավորիչ է, բայց չմոռանանք, որ Հայաստանն էլ պարապ նստած չէր այս ընթացքում և եղած սպառազինությունը հավելում էր նոր նմուշներով, իսկ հներն էլօ ակտիվորեն արդիականացնում է: Ուստի հրապարակված տվյալներից կարելի է կռահել, որ անգամ հիմա Ադրբեջանը չունի վճռորոշ առավելություն անգամ սպառազինության քանակով, էլ չասեմ մյուս չափորոշիչների մասով, որոնք անհրաեշտ են պատերազմին պատրաստ լինելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել