Երիտասարդ տղամարդը պատրաստվում էր դուրս գալ տանից.
-Դու ի՞նչ է, գնո՞ւմ ես,- հարցնում է կինն՝ արցունքն աչքերին…
-Այո՛, ես ուրիշին եմ սիրում: Դու ինձ հոգնեցրել ես: Որքա՞ն կարելի է դիմանալ այս բղավոցներին. տանը մշտապես երեխաների աղմուկն է…
-Բայց նրանք նաև քո՛ երեխաներն են: Նրանք դեռ այնքա՜ն փոքր են, ինչպե՞ս կարող ես…
-Վե՛րջ, բավակա՛ն է: Դու մի տեսակ տգեղացել ես…
-Բայց ես դեռ նոր եմ ծննդաբերել: Այս ամենը ժամանակավոր է:
-Արդեն ասացի՝ հեռանում եմ,- բացականչեց նա և հրելով վզովն ընկած կնոջը՝ քայլերն ուղղեց դեպի դուռը:
Կինն ընկավ, գլուխը հարվածեց պատին: Մի պահ ցնցվեց, բայց լաց չեղավ:
2-ամյա որդին արթնացել էր քնից և հետևում էր ողջ տեսարանին:
-Լա՛վ, հեռացի՛ր, բայց հիշի՛ր, մենք երբեք չենք վերադառնա քեզ մոտ: Աստված մեզ չի թողնի և մենք մի ելք կգտնենք: Բայց քեզ համար հետադարձ ճանապարհ չի լինելու,- փոքր-ինչ վրդովված ձայնով ասաց կինը:
Այնուհետ գնաց սենյակ, գիրկն առավ հինգ ամսական փոքրիկին և նրանք երեքով կանգնած նայում էին հեռացող ամուսնուն և հորը…
Անցնում է հինգ տարի…
«Աստվա՛ծ իմ, որքան եմ հոգնել այս կնոջից,- մտածում էր միևնույն տղամարդը,- գնամ, մի քիչ զբոսնեմ այգում, ընդհանրապես չեմ ուզում տուն վերադառնալ…»:
Նա նստում է այգու նստարանին և նկատում մոտակայքում խաղացող տղաներին. «Հետաքրքիր է, իսկ ինչպիսի՞ն են հիմա իմ տղաները… Արդեն մեծացել են երևի… Ինչպե՞ս է կինս… Ոչ մի անգամ չզանգահարեց… Հիմարաբար վարվեցի»…
Այս մտորումներով այս ու այն կողմ նայելով՝ հանկարծ նկատում է ծանոթ ուրվագիծ՝ «Տե՛ր Աստված, նա՛ է: Ինչպե՞ս մոտենամ, ի՞նչ ասեմ»,- անհանգստացած` ինքն իրեն մտածում է նա՝ տեսնելով կնոջ կողքին խաղացող տղաներին:
Բայց մի պահ, ի վերջո, համարձակություն է ձեռք բերում և մոտենում.
-Ողջո՛ւյն,- ասում է նա:
-Ողջո՛ւյն…- տարակուսանքով պատասխանում է կինը:
-Այնքա՜ն ուրախ եմ տեսնել ձեզ: Իմ երեխաները: Ինչպե՞ս են նրանք:
-Կարևոր չէ, այժմ դա ոչ մի նշանակություն չունի:
-Ես պարզապես ուզում էի ասել…
-Դու ամեն բան արդեն ասել ես դեռ այն ժամանակ…
Այդ պահին հանկարծ տղաները «հայրի՜կ» գոչելով վազում են նրանց ուղղությամբ: Տղամարդը սկսում է անհանգստանալ՝ չհավատալով իր երջանկությանը: Բայց տղաները, նրա կողքով անցնելով, գրկախառնվում են մեկ այլ տղամարդու հետ, ով նրանց ընդառաջ էր գալիս:
Անծանոթ տղամարդը համբուրում է կնոջը և բարևում սիրելիի կողքին կանգնած տղամարդուն:
-Սիրելի՛ս, ո՞վ է սա:
-Նա պարզապես անցորդ է, հարցնում էր՝ որտե՞ղ է մոտակա խանութը: Դե լավ, եկե՛ք տուն գնանք, ես թխվածքաբլիթ եմ պատրաստել ձեզ համար:
-Պարո՛ն, խանութը մյուս փողոցում է,- բացականչում է 7-ամյա տղան…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել