«Առավոտ» օրաթերթը գրում է.
Ներկայացնում ենք թերթի խմբագրականն ամբողջությամբ.
«Ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացմւսն հասարակական շարժման հաջողությունը թեկուզ ժամանակավոր, թեկուզ, այսպես ասած, «հանգրվանային», բնական հարց է առաջացնում՝ իսկ արդյոք հնարավո՞ր է այդ հաջողությունը զարգացնել այլ ոլորտներում։ Մասնավորապես, կարելի՞ է արդյոք նման ճնշմամբ նպաստել քիչ թե շատ արդար ընտրությունների անցկացմանը, ինչը, համաձայնեք, բազմաթիվ խնդիրների հիմքն է։ Գուցե 5 տարի առաջ ես այդ հարցին բացասական պատասխան տայի, բայց այս մի քանի օրը տեսնելով մեր հրաշալի երիտասարդներին՝ հիմա ավելի լավատեսորեն եմ տրամադրված։
Իհարկե, 100 թե 150 դրամը և արդար ընտրությունները տարբեր «քաշերի» հարցեր են, և նրանք, ովքեր վերջին 18 տարում կեղծել են ընտրությունները և մտադիր են այդպես էլ շարունակել, դիմադրելու են կատաղի ձևով։ Բայց նախ՝ այդ խնդիրը պետք է հետաքրքրի մեր երիտասարդ ակտիվիստներին, ես չգիտեմ՝ նրանք հասկանո՞ւմ են հարցի կարևորությունը, թե՞ ոչ։ Բայց եթե հետաքրքրում է, ապա հայեցակարգը պետք է լինի, հավանաբար, հետևյալը։
Մեզ չի հետաքրքրում, թե ովքեր են ուզում նախագահ դառնալ (ենթադրենք, խոսբը նախագահական ընտրությունների մասին է)՝ կոմունիստնե՞րը, Ֆաշիստները, լիբերալնե՞րը, թե՞ միասեռականները, մեզ չեն հետաքրքրում նրանց ծրագրերը, մեզ չի հուզում, թե ինչ մեղքեր են այդ հավակնորդները գործել 1, 10, 20 կամ, ասենք, 106 տարի առաջ։ Մեզ համար կարևոր չէ՝ նրանք ղեկավարելու փորձ, կամային հատկություններ ունեն, թե չունեն։ Մեզ հետաքրքրում է միայն մի բան՝ որ նախագահն ընտրվի ժողովրդի քվեով։
Նման հայեցակարգով երիտասարդները շանսեր ունեն նպաստելու ընտրությունների արդարությանը։ Այդ նպատակն իրագործելու ձևերը նրանք կգտնեն՝ վերջին շաբաթը դա հաստատել է։ Բայց հենց որ նրանք ասեն՝ չենք ուզում Պողոսին, այլ ուզում ենք Պետրոսին, նրանք մաս կկազմեն կուսակցական-թայֆայական խաղերի՝ դրանց հատուկ պարանոյայով։ Կլինի այն, ինչ եղել է 1996 թվականից սկսած՝ ես «պողոսական եմ», դու՝ «պետրոսական», բա գիտե՞ք, որ ձեր Պողոսն այսպիսինն է, իսկ Պետրոսը՝ այնպիսինը։ Դա արդեն ոչ թե քաղաքացիական շարժում է, այլ «երիտթև»՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Ընդ որում, հանուն արդար ընտրությունների պետք է պայքարել հիմա (եթե, կրկնեմ, այդպիսի ցանկություն կա), ոչ թե հերթական կեղծված ընտրություններից հետո։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է հայտարարի իրականում ընտրված նախագահի անունը՝ ճիշտ այնպես, ինչպես Տարոն Մարգարյանը պաշտոնապես կասեցրել է իր իսկ որոշումը։ ԿԸՀ «սխալ» հայտարարությունից հետո բռունցքներ թափահարելը, ինչպես ցույց է տալիս փորձը, անիմաստ է։
Իսկ ինչո՞ւ այդ ամենը կարող են անել հատկապես երիտասարդները։ Որովհետև առայժմ նրանց մտադրությունների մաքրության մեջ կասկածներ չկան։ Մնում է՝ նրանց մոտ չթողնեն ոչ մաքուր «դյադյաներին»։