Էս թեմայի շուրջ մի քիչ դժվար է ինձ ադեկվատ կարծիք արտահայտող համարելը, բայց դե սա իմ ՖԲ էջն է, ես էլ սովորաբար ոչ մեկին չեմ ստիպում, որ կարդան: Ադեկվատ ասեցի` հիշեցի, հանուն ադեկվատության պիտի ասեմ, որ անընդունելի են ինձ համար Գալուստ Սահակյանի վերջին մի քանի արտահայտությունները: Իմ քաղաքական հայացքները ու զբաղեցրածս դաշտը հաստատ ինձ չեն բարդույթավորում, ու հրապարակային կարող եմ ասել, որ պրն. Սահակյանի վերջին հարցազրույցներում հնչեցրած կարծիքների հետ, մեղմ ասած, համաձայն չեմ: Միանշանակ անընդունելի է նման դրսևորումը` անկախ ամեն ինչից: Լավ, անդրադառնամ բուն թեմային... Չեմ կարծում, որ հանրային տրանսպորտից օգտվող մարդ կա, որ անկեղծորեն կուրախանար վերջինիս սակագնի թանկացումից: Քաղաքացիական ըմբոստության այս դրսևորումը իմ տեսած ամենամաքուր ու ընտիր ընդվզումն էր: Շատ ուրախ եմ, որ քաղաքապետը վերանայեց որոշումը: Քաղաքապետի քայլը պայքարող երիտասարդներին հաղթանակի բերկրանք ու ցնծություն պարգևեց, որը այս պահին շատ ավելի թանկարժեք էր, քան հարցի տնտեսական մասը: Կարծում եմ` ճիշտ էր նաև շահագրգիռ կողմերից բաղկացած հանձնաժողով ստեղծելու որոշումը:
Եթե այս փուլում վենա մտած հին աղվեսները, ատլանտյան օվկիանոսի մյուս ափը շատ սիրող ֆիդելները իրենց բարի կամեցողությամբ չխանգարեն իրական ակտիվիստներին, ապա այս նախադեպը կարող է պրոյեկտվել այլ ոլորտներ, և քաղաքացիական հանրությունը մեկը մյուսի հետևից ուրիշ հարցեր լուծի:
Կարծում եմ` պետք է տեղի չտալ վիրավորանքի ու առճակատման տանող սադրիչ կոչերին, լուրջ չմոտենալ արջի ծառայություններ մատուցող ճամբարափոխության չեմպիոններին: Վստահ եմ` ընդվզման մաքրությունը պահպանվելու դեպքում երիտասարդները և քաղաքապետը կարճ ժամանակում շատ հարցերի շուրջ համաձայնության կգան, ու դեռևս հպարտություն զգալու շատ պահեր կլինեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել