Երեկ քաղաքի կենտրոնը վեր էր ածվել տոնակատարության վայրի: Պայքարի դուրս եկած երիտասարդությունը, և ինչո՞ւ միայն երիտասարդությունը, տոնում էր իր հաղթանակը: Թեև հաղթանակը ոմանք կարող են փոքր կամ անգամ իսկ չնչին համարել` հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնց առջև կանգնած ենք, բայց ես, այնուամենայնիվ, այն կարծիքին եմ, որ սա սկզբունքորեն մեծ հաղթանակ է, և դա հեշտ է հասկանալ, եթե կիրառվեն հաղթանակի չափման ճիշտ չափանիշներ ու չափորոշիչներ:
Այո՛, հաղթանակը իշխանության նկատմամբ էլ էր, բայց դա դրա միայն մի ու թերևս ամենափոքր կողմն էր: Սա առաջին հերթին ամեն մեկիս հաղթանակն էր՝ մեր իսկ նկատմամբ: Մարդիկ հաղթեցին իրենց մեջ այդքան խորը նստած կարծրատիպերն ու բարդույթները, և թերևս առաջին անգամ 88-ից ի վեր մենք հանդես եկանք ոչ թե որպես ամբոխ, այլ որպես հասարակություն՝ առողջ հասարակություն: 
Մարդիկ հասկացան, որ հաջողության հասնելու համար պետք չեն մեսիաներ, պետք չեն տիեզերքը ցնցող լոզունգներ, պետք չեն քաղաքական ուժեր, ինտրիգներ ու սիմվոլիկ քայլեր: Ավելին ասեմ, մարդիկ հասկացան, որ մինչ այժմ այդ ամենը միայն խանգարում էր, իսկ որ ամենակարևորն է՝ մարդիկ հասկացան ու իշխանություններին էլ հասկացնել տվեցին, որ եթե իրենք հիասթափված են քաղաքական կուռքերից, կուսակցություններից ու վերոնշյալ այլ բաներից, դա դեռ չի նշանակում, որ իրենք պարտված են, ու առավել ևս չի նշանակում, որ հաղթելն անհնար է: Պարզապես ստեղծված իրավիճակում մարդիկ առաջնորդվում էին պարզ տրամաբանությամբ և պարզ քայլերով, ինչն անկասկած մեծ ազդեցություն ունեցավ, որպեսզի անկախացումից ի վեր առաջին անգամ գրանցվի շոշափելի հաջողություն:
Հիմա գնդակը իշխանությունների ու քաղաքական ուժերի դաշտում է, և նրանք ստիպված են վերանայել իրենց մոտեցումները, ու կա՛մ իրենք կհարմարվեն իրեն գտած ու ինքն իրեն հաղթած քաղաքացուն, կա՛մ էլ ի հայտ կգան այնպիսի նոր քաղաքական ուժեր, որոնք դա արած կլինեն, որովհետև ակնհայտ է, որ զարթոնքի այս ալիքը ուշ թե շուտ հանգելու է այն կետին, երբ անհրաժեշտ է լինելու ունենալ նաև ինչ-որ քաղաքական ձևաչափ:
Ուստի երկընտրանքը պարզ է. եթե առկա քաղաքական ուժերը չկարողանան իրենց ոսկրացած համակարգերը համապատասխանեցնեն հասարակությանը՝ նոր հասարակությանը, ապա այդ հասարակությունը ձեռնամուխ կլինի այնպիսի քաղաքական ուժեր կերտելուն, որոնք կհամապատասխանեն պահանջներին և կներկայացնեն իր շահերը, իսկ հները կանէանան:
Այո՛, սա դժվար է ու ժամանակատար, այո՛, դեռ շատ փորձություններով ունենք անցնելու, բայց սա նոր ապագայի, նոր Հայաստանի երկունքն է, և այն անցավ չի կարող լինել: Միևնույն ժամանակ, այս ծնունդն ինքնին դրական է և հայտնի իմաստով հեղափոխական, և որքան էլ զավեշտալի հնչի, վարչապետի շուրթերով հնչած ցանկությունը իրականացվում է՝ մարդիկ հեղափոխում են իրեննց գիտակցությունը: Ուստի լավ է, որ մենք տոնում ենք հաղթանակը, բայց պետք է հիշենք, որ տոները՝ տոներով, բայց մեծ աշխատանք կա անելու, և եթե լինենք հետևողական ու սկզբունքային, առաջադեմ ու անվախ, առջևում մեզ է՛լ ավելի մեծ հաղթանակներ են սպասվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել