Ձմերուկ. ոչ միայն համեղ, այլ նաև օգտակար

Vemard.com-ը գրում է.

Ձմերուկը ոչ միայն համեղ է, այլ նաև չափազանց օգտակար: Տեխասի համալսարանի գիտնականներից մեկը ձմերուկի օգտակարության մասին խոսելիս ասել է. «Որքան շատ ենք ուսումնասիրում ձմերուկը, այնքան համոզվում ենք, թե մարդու մարմինն ամրացնող որքան օգտակար նյութեր են պարունակվում այդ մրգի մեջ: Մենք գիտեինք, որ այն շատ օգտակար հատկանիշներով է օժտված, սակայն յուրաքանչյուր ուսումնասիրությունից հետո այդ հատկանիշների ցանկն ավելանում է»: 

Ձմերուկն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ ցիտրուլին, որը նպաստում է արյունատար անոթների լայնացմանը: Բացի այդ, ցիտրուլինը վերածվում է արգինին անվամբ ամինաթթվի, որը հրաշալիորեն սնուցում է սիրտը, արյունատար համակարգը, բարձրացնում է դիմադրողականությունը:

Արգինինն, ըստ գիտնականների, օրգանիզմը մեզի միջոցով մաքրում է ամոնիակից և թունավոր այլ նյութերից: Ի դեպ, ցիտրուլինի ամենամեծ քանակ պարունակվում է ձմերուկի միջուկի սպիտակ հատվածներում: 

Ձմերուկը պարունակվում է նաև գլյուկոզա, կալցիում, կալիում, հանքային աղեր, ֆոսֆոր, կարոտին, պեկտին, վիտամիններ B1, B2, C, PP, ասկորբինաթթու, ֆոլիաթթու` B9, մագնիում, նատրիում ու այլ օգտակար նյութեր: 

Ձմերուկը հագեցնում է քաղցը, միզամուղ հատկությամբ` մաքրում է օրգանիզմը շլակներից, հրաշալի միջոց է երիկամների, լեղապարկի համար (հատկապես քարերի դեպքում կանխարգելիչ միջոց է): 

Այն նաև նիհարեցնող, աղիներն ու ստամոքսը մաքրող, արյունաստեղծ հատկություն ունի: Ձմերուկով դիետայի շնորհիվ ոչ միայն կարող եք քաշ գցել, այլև կկարգավորեք ձեր օրգանիզմի գործունեությունը: Այդպիսով նաև կմաքրեք Ձեր երիկամները, միզատար խողովակները: Դիետան շատ հեշտ է` օրվա ընթացքում պետք է որքան հնարավոր է շատ ձմերուկ ուտել (և որևէ այլ բան չուտել), իսկ եթե չդիմանաք քաղցին` քիչ քանակությամբ չորացրած սև հաց կերեք: Եթե Դուք, օրինակ, 80 կգ եք, ապա օրվա ընթացքում պետք է ուտել 8 կգ ձմերուկ` յուրաքանչյուր 10 կգ-ի դիմաց` 1կգ: Այս դիետան 5 օրից ավելի պետք չէ կրկնել: Եթե 1-2 օր դիետան պահելուց հետո քաղցին չդիմանաք ու վատ զգաք` դադարեցրեք այն, քանի որ տարբեր մարդկանց օրգանիզմ տարբեր կերպ է արձագանքում այս կամ այն դիետային: Այս դիետայի դեպքում Դուք կնիհարեք 3-6կգ: Դիետան ավարտելուց հետո կարող եք շատ արագ գիրանալ, եթե չհետեւեք Ձեր սննդին: Հաջորդ մի քանի օրերին փորձեք ուտել կաթնաշոռ, ձու, ոչ շատ աղի պանիր, ջրով պատրաստված բրինձ, հնդկաձավար, ձուկ, ձմերուկ, ոչ յուղոտ միս, հավ:

Կարող եք նաև ամռան ընթացքում շաբաթը 1 անգամ ձմերուկի օր հայտարարել, ուտել միայն ձմերուկ և մաքրել, բեռնաթափել օրգանիզմը: Խուսափեք ձմերուկի հետ աղ պարունակող որևէ սննդամթերք օգտագործել` աղի ձուկ, աղի պանիր, և այլն (գոնե 2-3 ժամ հետո կերեք), քանի որ աղն օրգանիզմում հեղուկ է կուտակում` արգելակելով դրա հեռացումը: 

«Ձմերուկով թերապիա» արտահայտությունը հայտնի է նաև կոսմետոլոգիայում: Ձմերուկն օգտագործվում է որպես դեմքի դիմակ, որը սնուցում է մաշկը ու փայլ հաղորդում դեմքին: 

Օգտակար է ոչ միայն ձմերուկի մրգահյութը, այլև կեղևից պատրաստված լուծույթը: Ամռանը կարող եք կանաչ կեղևը չորացնել ջեռոցում ու ձմռան ընթացքում օգտագործել: Չորացված կեղևի վրա 1:10 համադրությամբ ջուր լցնել և եռացնել 5 րոպե: Թողնել սառչի ու օրը 3-4 անգամ կես թեյի բաժակի չափով խմել: Չափազանց օգտակար է երիկամների, սրտի, ռևմատիզմի համար: 

Ժողովրդական բժշկության մեջ ձմերուկը օգտագործվում է կոլիտների, հաստ աղիի բուժման համար: 80-100 գրամ ձմերուկի չորացրած կեղևի վրա լցրեք 500 գրամ եռացրած ջուր, թողեք սառչի ու օը 4-5 անգամ թեյի կես բաժակի չափով խմեք ուտելուց առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել