«Սրիկայացած իմ հայրենիք» վերնագրում է հրապարակախոսը ( ՞ ), երևի ներքուստ տժժալով, թե էս ինչ հաջող վերնագիր է ընտրել, որ հիմա խոմյաչոկները վազելով գալու են կարդան։ Լրատվամիջոցում էլ ուրախացած այդ վերնագիրը դնում են ֆեյսբուքյան գովազդի վրա. «Մոտ եկե´ք, հրճվե´ք, մի երկու քացի էլ դուք տվեք ձեր հայրենիքին»։ Սա բոլոր ժամանակների կինիկների սիրած թեմաներից մեկն է. վարկաբեկել ու ծաղրի առարկա դարձնել «հայրենիք», «ազգ», «մենք» հասկացությունները։ Փորձում են կինիզմը ներկայացնել որպես կառուցողական ինքնաքննադատություն, ինքնամաքրում և այլն։ «Հա, բայց դե Զարյանն է ասել»,— կասեն կարդացած մարդիկ։ «Ջահանդամին, թե չի ասել»,— կպատասխանեմ ես՝ առանձնապես չխորանալով, որ մարդու մտքին տեղ լինի՝ ցանկացած գործչից էլ կարելի է ենթատեքստից պոկած այնպիսի մեջբերումներ անել, որ մազերդ բիզ-բիզ կանգնի։

Ասե՞մ ոնց ջոկեք քննադատությունը կառուցողական է թե՞ ցեխ շպրտելու փորձ։ Եթե կառուցողական է, պիտի լուծում առաջարկի։ Ի նկատի ունեմ ոչ թե արտաքուստ հեշտ (բայց իրականում՝ կեղծ) լուծում։ Կամ գոնե ուղղություն, որով պիտի շարժվել լուծումը գտնելու համար։ Եթե միայն վայ-վույ է, ապա դա ոչ թե անկեղծ մտահոգություն է և խնդիրը լուծված տեսնալու ցանկություն, այլ մարդկանց վախեցնելու ու ապատիայի մեջ գցելու փորձ է, այսինքն՝ կինիկների սիրած զբաղմունքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել