Վերջապես նայեցի «Россия 1» հեռուստաալիքի հատուկ հաղորդումը՝ Հրաչյա Հարությունյանի և պոդոլսկյան ավտովթարի պատճառների վերաբերյալ:
Նախ` հաճելիորեն զարմացած եմ հեռուստաընկերության կողմից նման պրոֆեսիոնալիզմի դրսևորմամբ, որն արտահայտվեց ինչպես հաղորդավարի խիստ խելամիտ ու գրագետ մոդերացիայով հաղորդման ողջ ընթացքում, այնպես էլ ներկա հյուրերի ու փորձագետների ճիշտ ընտրությամբ:

Խորին շնորհակալությունս բոլոր կազմակերպիչներին, քանի որ ստացվել էր այն, ինչ անհնար էր թվում. հնարավորինս զերծ մնալով ավելորդ էմոցիոնալիզմից` չնայած հարցի խիստ անձնական ու մարդկային երանգներին, քննարկվում էին ոչ թե անհատներ, այլ երևույթներ, քննարկվում էր ոչ թե Հրաչ Հարությունյանը, այլ այն երևույթների ամբողջությունը, որոնք արդյունքում բերել էին ողբերգությունը:
Արդյունքում, կարելի է փաստել, որ ռուսական կողմում ներկաներից միայն երկուսն ունեին ընդգծված կանխակալ մոտեցում, իսկ հայկական կողմից՝ միայն մեկը: Խոսքը տուժածներից մեկի մոր (ով, ի դեպ, կարծես թե փոխեց իր ծայրահեղական մոտեցումը հաղորդման վերջում) և ինչ-որ անհասկանալի երիտասարդի մասին էր, ով ողջ հաղորդման ընթացքում տրվել էր կա՛մ էմոցիոնալիզմին, կա՛մ էլ պոպուլիզմին: Դե մեր կողմից էլ, ճիշտն ասած, տեղին չեմ համարում Հրաչյա Հարությունյանի աներոջ կողմից այնպիսի ելույթը, որը կարծես անտեսում էր այն փաստը, որ ի վերջո Հարությունյանի մեղքով 18 մարդ է զոհվել: Հասկանալի է, որ նման պարագայում ռուս լսարանի համար, մեղմ ասած, տարօրինակ է հնչում ցանկացած ելույթ, որ փորձում է Հրաչին հերոսացնել ու լրիվ անմեղ ներկայացնել:
Ինչևիցե, խոսեմ նաև դրական կողմերի մասին:
Ինչպես նշեցի, իմ կարծիքով հաղորդման ողջ ընթացքում մարդիկ խոսում էին ըստ էության, և պարզ գնահատական տրվեց ինչպես այն հանգամանքներին, որ Հրաչյայի ԿԱՄԱԶ-ը ակնհայտորեն վտանգավոր էր ու մի քանի Կամազներից էր հավաքված, պատասխանատվություն պետք է կրի նաև Կամազի սեփականատերը, պատասխանատվություն պետք է կրեն բոլոր այն չինովնիկները, ում անփութությունը անուղղակի պատճառ է դարձել այս ողբերգության, ինչպես նաև այն, որ Հրաչյային խալաթով դատարան բերելը առնվազն սրիկայություն էր, իսկ որոշ բանախոսների բնորոշմամբ՝ որոշ իրավապահների կանխակալ վերաբերմունքի ու չարամիտ դիտավորության հետևանք:
Հատուկ ուզում եմ նշել Արա Աբրահամյանի կառուցողական ազդեցությունը քննարկվող հարցի վրա, քանի որ նա բարձրաձայնեց հայերիս համար շատ կարևոր դրույթներ, մասնավորապես, որ ի սկզբանե գնում էր հակահայկական ալիքի արհեստական հրահրում, ինչն անթույլատրելի է, քանի որ Հրաչյա Հարությունյանի տեղում կարող էր լինել ցանկացած ազգության մարդ: Բացի դրանից` ակնհայտորեն դրական ընդունվեց Աբրահամյանի պաշտոնական հայտարարությունն առ այն, որ Ռուսաստանի հայերի միությունը հատուկ ֆոնդ է բացել, որը կզբաղվի կոնկրետ այդ պատահարից տուժածներին տարատեսակ, այդ թվում նաև ֆինանսական օգնության տրամադրմամբ:
Ամփոփելով ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալությունս հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր կազմակերպել էին այս խիստ կառուցողական բնույթի հաղորդումը, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությամբ ու գործերով հնարավորություն տվեցին, որպեսզի անարդարության նկատմամբ դիմակայություն լինի, և առհասարակ հասունանա նման հաղորդում նկարահանելու պահանջարկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել