
Cosmo.am-ը գրում է.
Դու օրվա մեջ մի քանի անգամ զանգո՞ւմ ես քո տղամարդուն, հարցնում, թե արդյո՞ք նա չուշացավ աշխատանքից կամ կարողացավ ղեկավարի հետ հարաբերությունները հարթել... Հենց հիմա STOP...ար՛ի միասին մտածենք՝ արդյո՞ք ճիշտ է քո տղամարդու հանդեպ այդքան հոգատար լինելը, իսկ ի՞նչ է զգում նա ամեն անգամ այսպիսի հեռախոսազանգերից հետո...Եվ, վերջապես, նա հո երեխա՞ չէ...
Պատրաստեց Գայանե Ասրյանը
Cosmo-հոգեբան Վերգինե Եսայան
Տղամարդը պետք է ազատության սահման ունենա, հոգատարությունը, որը վերածվում է վերահսկողության, անհանդուրժելի է շատ տղամարդկանց համար: Եթե դու զգում ես, որ քո հոգատարության պատճառով լարվածություն է առաջանում հարաբերություններում, ապա պետք է լրջորեն մտածես քո էներգիան այլ տեղ սպառելու մասին... Օրական 30 անգամ նրան զանգելու փոխարեն արի ավելի օգտակար գործով զբաղվենք:
Նախ թող նրան իր իրերի հետ մենակ
Իրականում տղամարդուն պետք է դրդել ամեն ինչ ինքնուրույն անել. դա ավելի մեծ կանացի հմտություն և ճկունություն է պահանջում: Այնքան ժամանակ պետք է նրբանկատ լինել, մինչև որ տղամարդն ինքը խնդրի քեզ օգնել իրեն: Թող նա ինքը քեզ խնդրի, որ սրբիչը կամ վերնաշապիկը լոգարան տանես, քանի որ ուշանում է աշխատանքից կամ գործնական հանդիպումից: Ամբողջ օրը մի՛ վազիր նրա իրերի հետևից հավատարիմ շնիկի նման, այլ հանգիստ, շա՜տ հանգիստ ասա՝ սիրելի՛ս, այն դարակի վրա է:
«Տանել չեմ կարողանում, երբ որ սկսում է երեխայի նման հրահրանգներ տալ ինձ, ուղղակի թքում եմ, չըրխկացնում դուռն ու էլ հետ չեմ գալիս»:
Կարեն, 28 տ.
Մի՛ փորձիր նրա կյանքով ապրել
Կենտրոնացիր աշխատանքիդ վրա , ոչ թե զեկույցդ թողած՝ հարց ու փորձ արա նրան սպասվող ժողովի մասին: Դուք հրավիրված եք խնջույքի, և դու արդեն 5 օր է մտածում ես, թե այդ օրը նա ինչ գույնի վերնաշապիկ պետք է կրի: Սկսում ես նախ բարձրաձայն մտածել, հետո սկսում ես նրա հետ ժամերով քննարկել: Եթե անգամ քո համար շատ կարևոր է և դու իսկապես մտահոգված ես, թույլ մի տուր, որ նա այդ մասին իմանա: Նրա ներկայությամբ ավելի լավ է ակնարկիր, որ պետք է վարագույրները փոխել:
«Շատ կանանց հենց հիմա ես օգտակար խորդուրդ կտամ` ազատ արձակեք Ձեր տղամարդուն, նա այնքան խելոք կվերադառնա, որ անգամ Ձեզ կօգնի ընթրիք պատրաստել և սեղան գցել »:
Արտեմ, 30 տ.
Նրա պատճառով մի՛ մոռացիր ընկերներիդ
Աշխատանք ունես, բազմաթիվ զբաղմունքներ և ազատ ժամանակի խնդիր միշտ կա: Նախկինում այդ ազատ ժամանակը ընկերներիդ հետ էիր անցկացնում, հիմա նրա, իսկ նա պահանջկոտ է, խնդրում է հանդիպել ամեն օր: Մի՛ մոռացիր, որ ընկերները ևս իրենց կարևոր տեղն ունեն քո կյանքում, այնպես, որ նրանց հանդիպելու առիթները բաց մի՛ թող, հաճախ հանդիպիր ընկերներիդ, ու պարտադիր չէ, որ սիրելիդ նույնպես ներկա լինի: Թող քո ընկերական շրջապատը նրա համար լինի քո «առեղծվածային» կողմերից մեկը:
Կրճատի՛ր զանգերդ և հաղորդագրություններդ
Բացիր բջջայինիդ զանգերի ցուցակը ու հաշվիր՝ քանի անգամ է նա քեզ զանգել և քանի անգամ` դու: Եթե քո զանգերը գերակշռում են, ուրեմն ավելի լավ է որոշ ժամանակ չլիցքավորել հեռախոսը կամ չմուծել վարձավճարը: Սա կօգնի քեզ ավելի հազվադեպ զանգել նրան ու աստիճանաբար հավասարեցնել ելքային ու մուտքային զանգերը: Երբ նա գործնական հանդիպման է կամ ընկերների հետ, քո զանգերն ու հաղորդագրությունները կարող են նրան ուղղակի հունից հանել, չափավորությունն այս հարցում առավել քան տեղին է:
Չափից շատ մի՛ հաճոյացիր նրան
Եթե նա իրավաբան է կամ բժիշկ, պետք չէ նրա վրա տպավորություն թողնելու համար անգիր անել Հողային օրենսգիրքը կամ Հիպոկրատի երդումը: Ցույց տուր նաև, որ այնքան էլ հետաքրքրված չես իր մասնագիտական նրբություններով և քեզ գրավում է, օրինակ, ավանդական բժշկությունը կամ իսպաներեն լեզուն:
«Եթե զգում ես, որ այդ հոգատարությունը անկեղծ է, ու սիրածդ մարդն անում է սիրով և գործնական քայլերով, ուրեմն պետք է միայն ուրախ լինես, որ գտել ես քո սիրեցյալին ու խնամակալին»:
Գևորգ, 22 տ.
Նրա համար առեղծվածային եղի՛ր, նոր հետաքրքրություններ փնտրի՛ր
Եթե աշխատանք չունես, ինչը դառնում է նրա վրա կենտրոնանալու պատճառ, ապա որևէ զբաղմունք գտիր, լցրու օրակարգդ, օրինակ՝ կամավորական սկզբունքով կարող ես օգնել կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությանը:
«Ես ավելի լավ է՝ իմ ձեռքով սարքած ձվածեղն ուտեմ, քրտնած վերնաշապիկս հանգեմ, քան նա ամեն օր շնիկի նման ինձ իր մոտ կանչի, որ կարգի բերի»:
Էդուարդ, 23 տ.
Գտի՛ր նոր հետաքրքրություններ` լող, պար, ֆիտնես կամ ուղղակի մարզասրահ այցելիր: Կամ էլ սկսիր Cosmo (Cosmul) անունով շնիկ պահել :)
Հ.Գ. Հիշում եմ՝ ընկերներիցս մեկը մի անգամ ասաց, որ տղամարդուն շատ մոտ պահելու համար հարկավոր է միայն մի բան՝ նրան ազատություն տալ: Ինչքան ազատ լինի նա, այնքան ավելի արագ կշտապի քեզ մոտ, հավատա՛: