Վերջերս Հայաստանում շատ մեծ աղմուկ բարձրացրեց Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մոտ 1 միլիարդ դոլարի զենքի խմբաքանակի վաճառքի մասին լուրը: Այս մասին շատ է գրվել, շատ է խոսվել, ու կարծես թե ավելացնելու բան չկա կոնկրետ այդ փաստի առնչությամբ, սակայն ինքնին զենքի համաշխարհային շուկան ու դրանում տեղ գտնող բազմամիլիարդ գորարծքները հետաքրքիր են: Հետաքրքիր են հատկապես այն խոշոր գործարքները, որոնք, ինչպես հետո է պարզվել, արվել են կոռուպցիոն մեխանիզմների կիրառության շնորհիվ: Պատմեմ մի քանի նման սկանդալների մասին.
1. 1986 թվականին շվեդական «Bofors» ընկերությունը 410 քարշակվող հաուբիցներ վաճառեց Հնդկաստանին, և գործարքի ընդհանուր գինը կազմեց 1.2 միլիարդ դոլար: Հետագայում պարզվեց, որ շվեդական ընկերության ներկայացուցիչները առնվազն 50 միլիոն դոլար էին բաժանել հնդիկ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների և զինվորականների: Այս սկանդալը բերեց նրան, որ Ռաջիվ Գանդիի կաբինետն ու կուսակցությունը ջախջախիչ պարտություն կրեց ընտրություններում:
2. 1994 թվականին Ֆրանսիան պայմանագրեր կնքեց Պակիստանի, իսկ այնուհետև նաև Սաուդյան Արաբիայի հետ, որոնցով վաճառեց երեք սուզանավ և երկու ֆրեգատ: Գործարքների ընդհանուր գումարը մոտ 2.5 միլիարդ դոլար էր, և ինչպես պարզվեց հետագայում, ֆրանսիական կողմը իրենց գնորդ կողմի որոշում կայացնող ներկայացուցիչներին մոտ 200 միլիոն դոլար ատկատներ էր տվել:
3. Նույն Ֆրանսիան հայտնվեց հերթական սկանդալի կիզակետում 1993 թվականին, երբ Թայվանին վաճառեց 6 La Fayette տիպի ֆրեգատներ: Գործարքի ընդհանուր արժեքը 2.8 միլիարդ դոլար էր: Իրականում հետևեց սկանդալների մի ամբողջ շարք, որոնց արդյունքում պարզվեց, որ ատկատվել է առնվազն 600 միլիոն դոլար, սպանվեց բողոքի ալիք բարձրացրած թայվանցի մի պաշտոնյա, և ի վերջո գործը հասավ միջազգային արբիտրաժային դատարան, որտեղ Ֆրանսիան պարտվեց ու պարտավորվեց 850 միլիոն դոլարի փոխհատուցում վճարել Թայվանին:
4. Իր պատմության մեջ խոշորագույն ռազմական պայմանագիրը Բրիտանիան կնքեց Սաուդյան Արաբիայի հետ դեռ 1985 թվականին: Մինչ օրս այդ պայմանագրով, որը հայտնի է որպես «Ալ-Յամամա» (խաղաղության աղավնի), Միացյալ Թագավորությունը Սաուդյան Արաբիային 20 տարվա ընթացքում վաճառել է 65 միլիարդ դոլարի զենք-զինամթերք: Հետագայում լրագրողական հետաքննությունների արդյունքում պարզվեց, որ այս գործարքի շրջանակներում արված ատկատներն էլ աննախադեպ են եղել, և 10 տարվա ընթացքում բրիտանացիք արաբ մի շարք պաշտոնյաների անձնական հաշիվներին փոխանցել են ոչ ավել, ոչ պակաս, քան 1,5 միլիարդ դոլար:

Առակը ի՞նչ կցուցանե. բիզնեսը կեղտոտ բան է, զենքի բիզնեսը՝ կրկնակի կեղտոտ ու թանկ բան: Ու պետք չէ տրվել պատրանքի, թե զարգացած ու հարուստ երկրները չեն դիմի մութ մեխանիզմների: Ողջ հարցը նրանում է, թե հարցի գինն ինչքան է, ու դրանից բխող ռիսկերին որքանով հնարավոր կլինի դիմակայել:
Երկրորդ հետևությունն էլ հետևյալն է. Հայաստանը հնարավորինս անկախ պետք է լինի ռազմական արդյունաբերության տեսակետից, ուստի ողջունելի են մեր արդյունաբերության այդ ճյուղում տարվող լուրջ աշխատանքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել