Ըստ իս` այսօր մենք ունենք ընդամենը մեկ պրոբլեմ. բոլոր ոլորտներում բացակայում են լավ մասնագետները:

Երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակի արդյունքում հազարավոր մասնագետներ, այդ թվում և բժիշկներ, գիտնականներ, ինժիներներ անվերադարձ լքել են երկիրը: Ժողովրդական լեզվով ասած` հիմա մենք Հայաստանում  «դուզ գույնի» վերցրած տարբեր ոլորտների համար մի քանի տասնյակ ճանաչված մասնագետներ էլ չունենք, մնացել են «մաղի վրայի» մնացածները, որոնք, եթե այսպես շարունակվի, նույնպես կարտագաղթեն: Այս մարդկանց թե՛ ժողովրդի, թե՛ կառավարության կողմից փայփայել է պետք, այլ ոչ թե քարեր շպրտել նրանց ուղղությամբ:

Բժշկության ոլորտն այն եզակի ոլորտներից է, որտեղ որոշվում է` մարդը կշարունակի ապրել, թե ոչ: Եվ հաշվի առնելով այս ամենը` չի կարելի անտարբեր անցնել, երբ մամուլում կամ սոցցանցերում տեսնում ես, թե ինչպես են մերթ ընդ մերթ քննադատում հայ բժշկության մեծերին, ինչպիսիք են ուռուցքաբանության ոլորտում եզակի համբավ ունեցող Հայրո Միխայլիչը կամ ճանաչված միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը և ուրիշներ:

Եկեք հեռու չգնանք, վերցնենք միկրովիրաբուժության ճյուղը, ի՞նչ է, մենք այդքան շա՞տ մասնագետներ ունենք այնտեղ, որ ոմանց մտքով անցնում է ցեխ թափել վաստակաշատ Արտավազդ Բագրատիչի վրա: Չէ՞ որ ցեխ թափելուց առաջ պետք է հասկանանք, որ, Աստված մի արասցե, եթե այս բարդ ոլորտից` միկրովիրաբուժությունից, այս կլասի մարդիկ էլ հեռանան երկրից, մենք ճարահատյալ պետք է գնանք արտասահմանում 20 անգամ թանկ գներով բուժվելու: Ես ամենևին էլ չեմ պնդում, որ իրենք թերություններ չունեն, բայց իրենց թերություններով հանդերձ նրանք շատ ու շատ մարդկանց նորից կյանք են պարգևում: Չի կարելի այսպիսի մարդկանց չառանձնացնել նրանցից, ովքեր, իրոք, արժանի են խիստ քննադատության. խոսքը գնում է շատ ու շատ իշխանավորների մասին, ովքեր բացի վնասից ոչ մի օգուտ չեն տվել ու չեն տալիս այս երկրին:

Նյութի աղբյուր՝ http://hartak.am/arm/index.php?id=5265

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել