Tert.am-ի հետ զրույցում «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը կանխատեսեց, որ աշնանը Հայաստանում ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման առումով սուր բախում է լինելու, և ռուսամետ քաղաքական ուժերը, ունենալով ՌԴ աջակցությունը, փորձելու են հասնել իշխանափոխության:

Աշոտ Մանուչարյանը հավելեց, որ Հայաստանին մեծագույն վտանգներ են սպառնում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից, առաջարկեց ասոցացվել Չինաստանին, եթե մեզ պետք է ինչ-որ ասոցացում: Իսկ բոլոր՝ անգլոամերիկյան պրոպագանդայով շլացած երիտասարդներին խորհուրդ տվեց չինական կուսակցություն ստեղծել:

 - Պարո՛ն Մանուչարյան, տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիան քաղաքական ուժերի և, առհասարակ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից խիստ սակավամարդ էր: Այն դեպքում, երբ շատ ավելի պակաս կարևորության հարցերի դեպքում քաղաքական ուժերը հրապարակներում են, ամբիոններից չեն հեռանում: Պասիվությունը բացատրելիս «հղում է» արվում արձակուրդներին և աշնանը, թե, ա՛յ, աշնանը դիրքորոշում կհայտնենք: Ինչո՞վ է այդքան կարևոր աշունը:

 - Հարցը երկու կողմ ունի. նախ՝ թե ինչու են քաղաքական ուժերն անընդհատ ուշադրության կենտրոնում պահում այս հարցերը:

 Գների բարձրացումը, որ սրընթաց շարունակվում է, կապված է կյանքի այն փիլիսոփայության հետ, որը կոչվում է «ատլանտյան» կամ «եվրոպական»: Ըստ դրա՝ մարդը պետք է առավելագույն փող կուտակի և մաքսիմալ հաճույք ստանա: Հայաստանում, ընդունելով այդ մոդելը, ստեղծվել է մի իրավիճակ, երբ ամեն մեկն առավելագույնս օգտագործում է իր հնարավորությունները՝ հարստություն կուտակելու համար: Պարզ է, որ ամենամեծ հնարավորություններն ունի պետական պաշտոնյան, որը հանրային հարստությունը որքան կարող է յուրացնում է՝ պետական անհրաժեշտությունների ծախսերն ամբողջությամբ թողնելով ժողովրդի վրա: Քաղաքական ուժերը, եթե ընդդիմադիր են, փորձում են վիճակը փոխել և իրենք ստանձնելով իշխանության լծակները, իրե՛նք կորզեն այդ գումարները:

 Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու՞ աշնանը և ինչու՞ են հիմա՛ պասիվ: Համաշխարհային օլիգարխիան, որը այդ նույն փողի կուտակման գործընթացն իրականացնում է աշխարհով մեկ, ամեն մի երկրում ստեղծում է իր համար փող կորզելու և իր իշխանությանը ամեն ինչ ենթարկելու համակարգ:

 Այդ իմաստով ամենահարմար լծակը պետությունն է և քաղաքական կուսակցությունները, որոնք վաղուց վերածվել են այդպիսի լծակների. ամեն կուսակցություն ձգտում է կատարել աշխարհի մեծերից մեկի հանձնարարականը՝ ստանալով նրա հովանավորությունը: Այդ իմաստով աշնանը Հայաստանում սպասվում է սուր բախում ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրման-չստորագրման հարցում: Իշխանությունը փորձելու է նախաստորագրել՝ ստանալով անգլո-ամերիկյան թևի հովանավորությունը, ինչպես նաև արևմտամետ ընդդիմության աջակցությունը: Ռուսամետ թևն էլ դրան հակառակվելու է՝ հենվելով Ռուսաստանի աջակցության վրա, փորձելու է հասնել իշխանափոխության: Այս ամենը քիչ կապ ունի Հայաստանի և նրա ժողովրդի հետ: Կյանքի էությունը դրանից չի փոխվելու: Բայց ժողովուրդը ոտքի կանգնելով և համախմբվելով՝ կարող է ձևավորել իր կառավարման համակարգը, որը ենթակա չի լինի մանիպուլյացիաների արտաքին ուժերի կողմից:

 - Բոլորին որակում եք արևմտամետ, ռուսամետ, ըստ Ձեզ՝ չկա՞ն քաղաքական ուժեր, որոնք դուրս են արտաքին քաղաքական ազդեցություններից:

 - Համարյա չկան: Սակայն ձևավորվում են նոր՝ ժողովրդի կամքն ուղիղ արտահայտող ուժեր. հստակ հայտ ներկայացրին ազատամարտիկները, հատկապես նրանք, ովքեր բարձրացրին ժողովրդի մոբիլիզացիայի հարցը: Խոսքս Խաչիկ Ավետիսյանի մասին է: Մտավորականության մի լայն շրջանակ, որոնց անունից հաճախ հանդես է գալիս ռեժիսոր Խաչիկ Չալիկյանը, և որոնք ներկայացնում են նոր Հայաստանը և դեպի էդ Հայաստան տանող ճանապարհը: Ճշմարիտ Հայաստանը: Կամ երիտասարդների մի ստվար խումբ, որոնց մեջ ամենաակտիվներից մեկը Շուշանիկ Դրոշակիրյանն է, որին նրա ընկերների շրջանում Ժաննա են անվանում՝ Ժաննա դ’Արկի նմանությամբ: Եվ մեծագույն ոգու դրսևորումով նրանք կյանքում հաստատում են այդ նոր Հայաստանի մարդուն՝ իրենց կյանքով:

 - Պարո՛ն Մանուչարյան, ԵՄ –Հայաստան Ասոցացման համաձայնագրի համատեքստում զրուցել եմ ռուսաստանյան քաղաքական գործիչների հետ, որոնցից Կոնստանտին Զատուլինն, օրինակ, ակնարկեց, որ համաձայնագիրը նախաստորագրելու դեպքում Հայաստանը պատերազմի վերսկսման պարագայում խնդիրներ կունենա, իսկ Լուկյանովի կողմից հնչեցին, երևի թե, վերամբարձ գնահատականներ, թե արժե՛ մի հիսուն տարով մոռանալ Կովկասի մասին և որ ՌԴ-ին այդ հարցը չի հետաքրքրում: Ո՞րն է ռուսական քաղաքական շրջանակների միջինացված մոտեցումն այս հարցում, եթե Հայաստանը նախաստորագրի:

 - Որ չի հետաքրքրում, կեղծիք է: Հարավային Կովկասի կորուստը, իսկ այսօր Ռուսաստանի համար միակ հենարան-օղակը Հայաստանն է, կենսական, կենաց-մահու հարց է Ռուսաստանի համար: Եվ Հայաստանի կողմից ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը մեծագույն վտանգ է պարունակում Ռուսաստանի համար: Զարմանալին այն է, որ մեծագույն վտանգ է պարունակում նաև Հայաստանի համար երեք հարթություններում:

 Առաջինի մասին խոսել ենք. ԵՄ-ն, որը ոչ թե Եվրոպա է, այլ Եվրոպան ոչնչացնող համակարգ, քարոզում է արժեքներ, որոնք համաշխարհային օլիգարխիայի լծակն են՝ մարդկությանն առավել բզկտված վիճակի հասցնելու համար, որպեսզի հեշտացնեն կառավարման խնդիրները, որպեսզի չլինի զանգվածային բողոքների բռնկում:

 Մեր երեխաներին արդեն տարան և մեր պառլամենտի առաջին եվրոպական՝ գենդերային օրենքի հիման վրա օպերայում անբարենպաստ ընտանիքիների աղջիկներին սովորեցնում էին, որ իրենք կարող են որոշեն՝ իրենք տղամա՞րդ են, թե՞ աղջիկ, և թե ինչպես աղջիկը դառնա տղամարդ: Սա եղել է մեկ շաբաթ առաջ:

 Այսպիսով, Եվրամիությունը, որի կոմիսարների մուտքը պետք է արգելել Հայաստան, ավելի խիստ, քան բորոտավորներինը, արդեն իր մարդատյաց համակարգերը սկսել է տարածել Հայաստանում:

 Երկրորդ հարթությունը դա տնտեսականն է: Ի՞նչ է ստանալու Հայաստանի տնտեսությունը՝ ոչ ոք չգիտի: Օրինակ, քանի՞ գործարան է սկսելու աշխատել, քանի՞ գիտական հիմնարկ, էն՝ ինչը որ քսան տարի առաջ Հայաստանը Հայաստան էր դարձնում: Եվրամիությունը գիտությունը, արդյունաբերությունը ոչնչացրել է ոչ միայն հետխորհրդային բոլոր տարածքներում, այլև նաև ԵՄ անդամ դարձած հետսոցիալիստական երկրներում: Տեսե՛ք՝ ինչ է կատարվում Բուլղարիայում, Ռումինիայում, Մերձբալթյան հանրապետություններում: Նույն ավերն է, ինչ Հայաստանում: Եվ ինչպիսի համառությամբ են պնդում, թե Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հետո Հայաստանին ավելի լավ ապագա է սպասում, քան Բուլղարիային կամ Մերձբալթիկային: Բոլոր նրանք, ովքեր անփորձ հայ երիտասարդությանը ներկայացնում են եվրոպական «շնորհները» հետևյալ ռեկլամային պատկերով. երիտասարդը շատ շքեղ ավտոմեքենայով, երկու շիկահեր գեղեցկուհիների հետ միասին սլանում է դեպի զվարճանքների կենտրոն: Պետք է զգուշացնեմ, որ սա Եվրոպայի անցյալն է: Եվրոպան տնտեսական աճ չունի: Եվրոպան տնտեսական ցնցումների մեջ է: Մեկը լիներ՝ Եվրոպա պահեր: Փոխարենը, հսկայական տնտեսական աճ ունի Չինաստանը: Եվ եթե մտածում եք նյութական բարգավաճման մասին, ճիշտ է ասոցացումը Չինաստանի հետ: Այդ բոլոր անգլոամերիկյան պրոպագանդայով շլացած երիտասարդներին խորհուրդ եմ տալիս չինական կուսակցություն ստեղծել:

 Եվրոպան ոչ այնքան թանկարժեք ավտոմեքենաներ են և շիկահեր գեղեցկուհիներ, որքան Շեքսպիր ու Մոցարտ, համաշխարհային իմաստնության խոշորագույն հավաքագրող ու մարդկության համար պահպանող: Եվ հենց այդ Եվրոպան է, որ ոչնչացվում է Եվրամիության կողմից:

 Նյութն ամբողջությամբ` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել