Դեռ մի քանի տարի առաջ կարող էիր հանդիպել մարդկանց, որոնք ուշադրություն էին դարձնում այս կամ այն քաղաքական գործչի հնչեցրածների վրա: Մենք ինքներս շատ անգամ ականատես ենք եղել, թե ինչպես են փողոցում սովորական մարդիկ լայն քննարկումներ ծավալել՝ որևէ քաղաքական հայտարարության կամ քաղաքական տեսակետի առնչությամբ: Սակայն, այդ էլ վերջացավ. ծայրահեղ աղքատությունը ստիպեց մարդկանց ընդհանրապես չլսել որևէ մեկին: Բազմաթիվ ընտրությունները ցույց տվեցին, որ քաղաքական ուժերի կողմից արված խոստումների գրեթե 90 տոկոսը, մեղմ ասած, «ուտոպիա» է իրենից ներկայացնում: Այսօր մարդիկ այլևս առաջվա նման չեն ասում` «Տեսա՞ր, թե ինչ ըմբոստ ելույթ ունեցավ Մ… քաղաքական գործիչը այսինչ հարցի վերաբերյալ»: Ժողովուրդը հասել է մի այնպիսի սահմանագծի, երբ նրան, բացի ռեալ գործերից, ոչ մի այլ շեղող հանգամանք չի հետաքրքրում: Նրանք կարոտ են մնացել իրական գործողություններին: Նրանք ակնկալում են տեսնել, այլ ոչ թե լսել: Մարդկանց մի որոշ զանգվածի մոտ այնպիսի ամպագոռգոռ արտահայտությունները, ինչպիսին են՝ «մենք դիմակայելու ենք և հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները», «Հայաստանը գտնվում է մարտահրավերների կիզակետում», «հազարամյակների մարտահրավերները պետք է ընդունենք պատվով» կամ «Հայաստանի առաքելությունը միջազգային քաղաքականության մեջ է» ..., ուղղակի նյարդայնացում են առաջացնում: Նրանք այդ պահին ցանկանում են հնչեցնել՝ հերի´ք է խոսեք ու խոսեք, հերի´ք է, այլևս համբերություն չկա ձեր անհեռանկարային ճառերը լսելու, մենք հացի փող չունենք, արդեն կարելի է ասել տրանսպորտով դժվարանում ենք տեղաշարժվել, չբժշկվելուց շատերը մեզանից մեռնում են, իսկ դուք առավոտից իրիկուն ֆետիշանում եք հանրության առջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել