Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն
ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻՆ
Արեւելյան Հայաստանը XXդ. սկզբին շարունակում էր մնալ Ռուսաստանի տիրապետության տակ: Ցարական իշխանությունները Անդրկովկասում վարում էին գաղութային քաղաքականություն: Սակայն, ի տարբերություն Արեւմտյան Հայաստանի, այստեղ հայերի գլխին կախված չէր ֆիզիկական բնաջնջման վտանգը, կային տնտեսական ու մշակութային առաջընթացի բավարար պայմաններ: Այսպիսով, արեւելահայությունը, հաղթահարելով եղած խոչընդոտները, բռնել էր վերելքի ուղին: Անդրկովկասի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում հայերը կազմում էին մեծամասնություն, հայ բուրժուազիայի ձեռքում էր կենտրոնացվել երկրամասի տնտեսության, այդ թվում նավթարդյունաբերության, մի խոշոր մասը, գրեթե բոլոր արհեստավորները հայեր էին: Տնտեսական զարգացմանը զուգահեռ առաջադիմում էր կրթական-լուսավորական ու մշակութային կյանքը:
Հայ ժողովրդի այդ բուռն վերելքը որոշ ցարական պաշտոնյաների կողմից դիտվում էր որպես երկրամասի ռուսացման ծրագրերին խոչընդոտող հանգամանք եւ ապագայում հայկական անջատողական ձգտումներին խթանող գործոն: Հայերի տնտեսական ու մշակութային վերելքին նախանձով էին վերաբերվում նաեւ հարեւան վրացիներն ու մահմեդականները: 
Հակահայկական դիրքորոշմամբ աչքի էր ընկնում Կովկասի կառավարչապետ Գոլիցինը (1896-1904թթ.): Կառավարության նիստում նա նույնիսկ առաջ քաշեց հայերին Սիբիր աքսորելու գաղափարը: Նա պատճառաբանում էր, որ բոլոր հայերը հեղափոխականներ ու անջատողականներ են: Գոլիցինը որոշեց առաջին հարվածը հասցնել հայերի հոգեւոր, կրթական ու մշակութային հաստատություններին, որպեսզի ավելի հեշտությամբ խեղի հայ ժողովրդի ազգային դիմագիծը, ապա իրագործի ավելի հեռուն գնացող նպատակները: Նախկինում ցարական իշխանությունները մի քանի անգամ փորձել էին փակել հայկական դպրոցները եւ հայ մանուկներին հեռու պահել ազգային կրթությունից ու մտածելակերպից: Սակայն հանդիպելով հայ բնակչության միահամուռ ընդդիմությանը, իշխանությունները ստիպված էին եղել վերաբացել հայկական դպրոցները: Գոլիցինը որոշեց հարվածել Հայ Առաքելական եկեղեցու տնտեսական կարողությանը, որպեսզի թուլացնի հայ հոգեւոր կենտրոնի դիրքերը եւ փակի հայկական դպրոցները, որոնք գլխավորապես պահվում էին եկեղեցու միջոցներով:
1903թ. հունիսի 12-ին կայսր Նիկոլայ II-ը, Գոլիցինի առաջարկով, հրամանագիր ստորագրեց, որով բռնագրավվելու էին Հայ Առաքելական եկեղեցու կալվածքներն ու գույքը: Այդ ապօրինի որոշումը հանդիպեց ամբողջ հայ ժողովրդի եւ հոգեւորականության բուռն ընդդիմությանը: 
Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը հրաժարվեց ենթարկվել այդ հրամանագրին եւ բոլոր հոգեւորականներին արգելեց սեփական կամքով եկեղեցու ունեցվածքը հանձնել ցարական պաշտոնյաներին: Անդրկովկասի բոլոր հայաշատ վայրերում տեղի ունեցան խոշոր ցույցեր ու բողոքի գործողություններ, որոնք հաճախ վերածվում էին զինված ընդհարման ոստիկանության ու զինվորների հետ: Հակացարական ելույթները գլխավորում էին Հ.Յ.Դաշնակցություն եւ Ս.Դ.Հնչակյան կուսակցությունները: 
Ամենուրեք իշխանությունները միայն զինված ուժ կիրառելու միջոցով էին կարողանում բռնագրավել եկեղեցու ունեցվածքը: Հայության շահերի պաշտպանության գործը հիմնականում ղեկավարում էր Դաշնակցությունը, որի վրիժառուները պատժեցին հայերի նկատմամբ բռնություններ գործադրած ցարական պաշտոնյաների մեծ մասին: Հնչակյանները մահափորձ կազմակերպեցին անձամբ Գոլիցինի դեմ, որը ծանր վիրավորվեց եւ հեռացվեց պաշտոնից: 
Իշխանությունների համար շատ անսպասելի էր հայերի կողմից նման համառ ու կազմակերպված համաժողովրդական դիմադրությունը: Հաշվի առնելով հայ ժողովրդի օրեցօր աճող զայրույթն ու դժգոհությունը, ինչպես նաեւ սկսված ռուսական առաջին հեղափոխությունը, ցարական իշխանությունները ստիպված էին տեղի տալ: 1905թ. օգոստոսի 1-ին Նիկոլայ II-ը նոր հրամանագիր ստորագրեց, որով հայոց եկեղեցուն վերադարձվեց նրա ամբողջ ունեցվածքը: Այսպիսով, սեփական ազգային շահերը պաշտպանելուն ուղղված հայության պայքարը հզոր կայսրության դեմ ավարտվեց հաղթանակով:
1905թ. սկսվեց ռուսական առաջին հեղափոխությունը: Ռուսաստանի ժողովուրդներին հեղափոխական շարժումներից հեռու պահելու նպատակով ցարական իշխանությունները դիմում էին ամենատարբեր միջոցների, այդ թվում ազգամիջյան ընդհարումներ կազմակերպելուն: Անդրկովկասում իշխանությունները հրահրեցին հայ-թաթարական (ադրբեջանական) բախումներ: Դա առաջին հերթին ուղղված էր զարգացած ու կրթված հայերի դեմ, որոնք առավել շատ էին հակված սոցիալական ու ժողովրդավարական բարելավումներ տեսնելուն: Միաժամանակ հետամնաց մահմեդական ամբոխին հեշտ էր գրգռել հարձակվելու խաղաղ աշխատանքով զբաղված եւ ոչինչ չկասկածող հայերի վրա:
1905թ. փետրվարի 6-9-ը Բաքվում տեղի ունեցան առաջին ընդհարումները, որոնց նախաձեռնողը Բաքվի նահանգապետ Նակաշիձեն էր: Զինված մահմեդականները հարձակվեցին հայերի եւ նրանց տների վրա, սկսեցին կողոպտել, բռնաբարել, սպանել խաղաղ հայ բնակչությանը: Ոստիկանությունը եւ զորքը մնացին կողմնակի դիտողի դերում: Հայերը սկզբում անակնկալի եկան եւ մեծ կորուստներ ունեցան: Շուտով Նիկոլ Դումանի գլխավորությամբ Դաշնակցության ջոկատները արժանի հակահարված տվեցին թուրք ջարդարարներին, որոնք հսկայական զոհեր տալով հաշտություն խնդրեցին: Դաշնակցության որոշումով Դրոն (Դրաստամատ Կանայան) եւ Մարտիրոս Չարուխյանը սպանեցին ջարդերի նախաձեռնող Նակաշիձեին:
Սակայն Բաքվով ընդհարումները չսահմանափակվեցին եւ տարածվեցին Անդրկովկասի այն բոլոր բնակավայրերում, ուր հայերն ու թաթարները ապրում էին կողք կողքի: Արյունահեղ մարտեր տեղի ունեցան Բաքվի, Գանձակի, Երեւանի, Թիֆլիսի նահանգներում: Ինքնապաշտպանության կազմակերպման գործում աչքի ընկան դաշնակցական նշանավոր գործիչներ Նիկոլ Դումանը, Խանասորի Վարդանը, Արմեն Գարոն, Սեբաստացի Մուրադը, Կայծակ Առաքելը եւ ուրիշներ:
Ամենուրեք առաջինը հարձակվում էին թաթարները, սակայն գրեթե միշտ հաղթում էին փոքրաթիվ, բայց կազմակերպված ու մարտունակ հայկական ջոկատները: Ընդհարումների ժամանակ Դաշնակցությունը ապացուցեց իր կազմակերպվածությունը, մարտունակությունը եւ հայության շահերին սպառնացող վտանգի դեպքում արագ արձագանքելու ընդունակությունը: Միաժամանակ ադրբեջանցիների նախնիները կրկին ապացուցեցին թուրքական ցեղի արյունարբու բնազդները: Ընդհարումները շարունակվեցին մինչեւ 1906թ. աշուն եւ իշխանությունների միջամտությամբ դադարեցվեցին, երբ հեղափոխական շարժումները Ռուսաստանում արդեն ճնշված էին եւ ցարական պաշտոնյաները այլեւս կարիք չունեին ապակայունացնելու իրադրությունը: Իրավիճակի կայունացմանը նպաստեցին նաեւ առաջավոր մտավորականների` Հովհաննես Թումանյանի, Մաքսիմ Գորկու, Սաբիրի կողմից հնչեցված հանդարտեցման կոչերը:
Եթե նախկինում հայերն իրենց ապահով էին զգում ռուսական կայսրության մեջ, ապա այդ ընդհարումները ցույց տվեցին, որ ոչ մի օտար տիրապետություն չի կարող լիարժեքորեն ապահովել հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը: 
Եկեղեցական գույքի համար պայքարը եւ 1905-1906թթ. հայ-թաթարական ընդհարումները ցարական պաշտոնյաներին ու հարեւան ժողովուրդներին ապացուցեցին, որ հայերը կազմակերպված, բարձր մարտունակություն ունեցող, սեփական շահերը պաշտպանելու ընդունակ ժողովուրդ են, եւ անհրաժեշտ է հարգանքով վերաբերվել նրանց:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել