«Իրավունք» օրաթերթը գրում է.

«Մեր արժանահավատ աղբյուրների փոխանցմամբ՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վերջին աղմկահարույց դեպքերից հետո որոշել է վերջնականապես լքել Հայաստանը։ Ըստ նույն աղբյուրի՝ նա պատրաստվում է մշտական բնակություն հաստատել Ֆրանսիայի Լիոն քաղաքում, որտեղ սովորել է իր որդին։ Եվ ահա այս օրերին նա զբաղված է իր բիզնեսների կեսը Հայաստանից տեղափոխելով, ինչի համար օրերս կարճ ժամկետով մեկնել էր Ֆրանսիա այնտեղ, բայց արդեն երկու–երեք օր է, որ հասցրել է վերադառնալ։ Իսկ վերջնականապես մեկնել պատրաստվում է, հենց որ որդու՝ նույն աղմկահարույց գործով կալանավորված Տիգրանի հարցերը ինչ-որ հանգուցալուծում կստանան։

  Թեև մեր այլ աղբյուրներ էլ վստահեցնում են, որ այս հարցում Ս. Խաչատրյանին չի հաջողվում որդուն պատժից առհասարակ ազատելը և հիմա նա միայն փորձում է հասնել հնարավորինս քիչ պատժաժամկետի։ Եվ դրանով հանդերձ էլ՝ պարոն Խաչատրյանի մոտ կա այն մտավախությունը, որ եթե անգամ իր ողջ ունեցած-չունեցած բիզնեսները հասցնի տեղափոխել արտերկիր, իսկ որդին մնա հայաստանյան բանտում, ապա չի ունենա այն բավարար երաշխիքները, որ եթե հանկարծ առաջանա, այսպես ասած, նրա ունեցվածքը վերաբաշխելու խնդիր, ապա կկարողանա դիմակայել դրան։   Ուստիև, որպես «լրացուցիչ ապահովության միջոց», պարոն Խաչատրյանը փորձում է այնպես ներկայանալ, թե՝ ոչ մի բան էլ չկա, ինքն էլի իր առաջվա հզոր դիրքերում է։ Եվ որպես դրա ապացույցն էլ, Գորիսի մեր նույն աղբյուրները պատմում են, որ չնայած Ս. Խաչատրյանն այլևս չունի նախկին մարզպետարան լծակները, բայց նա և իր թիմակիցները փորձում են իրենց այսպես դրսևորել, թե դեռ կարողանում են բռի մեջ հավաքած պահել գորիսեցիներին։ Եվ դա, կարծես թե, հաջողվում է, քանի որ խոսակցություններ կան նաև, որ մասնավորապես Բուդաղյանները դեռ վախենում են նախկին մարզպետից»,– գրում է թերթը։  

 

Ս. Խաչատրյանի Հայաստանից տեղափոխվելու մասին առավել ստույգ ինֆորմացիա ստանալու համար թերթը դիմել է Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանին։ Նրա հետ զրույցը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել