168.am-ը գրում է․

«Որոշակի անհամապատասխանություն կա արձանագրված հիվանդների թվի և սահմանափակումների մեղմացման միջև։ ԱԺ-ում Արսեն Թորոսյանը խոսում էր աճի հնարավոր տեմպերի մասին, արձանագրում, որ մենք ունենք կրկնավարակման դեպքեր, ուստի, ես հակասություն եմ տեսնում պարետատան և առողջապահության նախարարի դիրքորոշումների միջև, որոնք ձևավորում են իրար հետ կապ չունեցող երկու հարթություն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը։

Նրա խոսքով՝ պարետատան կողմից սահմանափակումները թուլացնելու որոշումը կապված է տնտեսական և սոցիալական ճգնաժամի հետ․

«Թերևս, այն պահուստային միջոցները, որն ունի կառավարությունը, իրենց անբավարար են թվում, և այդ սահմանափակումներից ազատելով տարբեր բիզնեսներ, կառարությունը փորձում է մեղմել նրանց վիճակը, այսինքն՝ նրանց համար ստեղծել աշխատանքի դաշտ, որպեսզի ճգնաժամը, ենթադրենք, չխորանա։ Բայց այստեղ տնտեսական և առողջապահական գործոններն իրար հակադրելը կամ մեկը մյուսով փոխարինելը կարող է շատ վտանգավոր լինել։ Մենք, իհարկե, տեսնում ենք եվրոպական երկրների օրինակով, որ իրենք էլ են դուրս գալիս խստագույն սահմանափակումների դաշտից, բայց իմ կարծիքով՝ շատ ավելի դանդաղ։ Պարետատան վերջին որոշումը՝ մեծ քանակի դաշտը նորից ազատականացնել, այսպիսի թվերի պարագայում, իրականում կարող է անցանկալի հետևանքներ ունենալ։ Հետևաբար, կառավարության ձգտումը՝ տնտեսական խնդիրները լուծել՝ անտեսելով առողջապահականը և հույսը դնելով քաղաքացիների ինքնագիտակցության վրա, բնավ ճիշտ չէ։ Հատկապես, որ մեր հասարակությունը, եկեք անկեղծ լինենք, երբեք կարգապահությամբ աչքի չի ընկել»։

Ըստ նրա՝ հանրությունը չէր ենթարկվում սահմանափակումներին, որովհետև ուժային կառույցները և պարետատունը, որը կոչված էր ապահովելու քաղաքացիների հանդեպ կիրառվող սահմանափակումների կատարումը, ձերբազատվել էին դրանից․

«Միայն առաջին երկու-երեք օրերին նկատվեցին ոստիկաններ, որոնք ստուգում էին փաստաթղթերը կամ տեղաշարժի թերթիկի առկայությունը, իսկ դրանից հետո նրանք ընդհանրապես անհետացան։ Պատճառն անկազմակերպվածությունն է։ Մեզ մոտ կազմակերպված չէ ոչ միայն հասարակությունը, որն ամեն ինչին թեթև է նայում, իրենց թվում է՝ ամեն ինչ հոյակապ է, այլ նաև ՏԻՄ և մյուս օղակներում նույն մոտեցումն է գերակշռում։ Ի վերջո, ովքեր են մեր քաղաքացիները՝ հենց այդ նույն ոստիկանությունում, պարետատանը, կառավարության տարբեր բաժանմունքներում աշխատող մարդիկ են, որոնց անպայման թվում է, որ իրենց շրջանցելու է վարակը, և ընդհանրապես ամեն ինչ հոյակապ է։ Իսկ երբ չկա հսկողություն, ապա տեղի է ունենում այդ ինքնիրավչությունը»։

Ինչ վերաբերում է կարծիքներին, թե կորոնավիրուսն ի ցույց դրեց երկրում առկա կառավարման ճգնաժամը, Նարինե Դիլբարյանն ասաց, որ կառավարման ճգնաժամի առաջին նախանշանները դեռ ավելի վաղ էին ի հայտ եկել, քան այս թագավարակի «ողբերգական պոռթկումն էր»․

«Իսկ թագավարակն առավել ակնհայտ դարձրեց այդ թերությունները։ Չկան պատասխանատու մարդիկ, չկա վերահսկողություն։ Երբ լսում ես պաշտոնյաներին՝ իրենք ամեն ինչ հսկում են, իրենք մարդկանց թույլ չեն տալիս խմբվել, բայց իրականությունն այլ է։Եթե ձեռք չառնվեն միջոցներ, ապա կարող է շատ մեծ պոռթկում լինել, և Թորոսյանի կանխատեսումները կարող են դառնալ իրական, որը մեր պետության համար կարող է շատ ողբերգական ավարտվել։

Կառավարությունը՝ հանձին այդ պարետատան, պետք է հասկանա, որ իրականությունը ոչ թե այդ պաշտոնյաների զեկույցների մեջ է, այլ իրականությունն այլ տեղ է։ Ես սկզբից զարմանում էի, երբ Նիկոլ Փաշինյանը զանգում է քաղաքացիներին և ճշտում, թե իրենք ինչ գիտեն, բայց հետո հասկացա, որ ընդհանրապես վերահսկողություն և վիճակագրություն գոյություն չունի։ Եվ Փաշինյանը կարծես թե տեսնում է, որ իրեն զեկուցված թվերը, իրեն ներկայացված իրավիճակի գնահատումները խիստ հակասական են, և գուցե, ենթագիտակցաբար թե գիտակցաբար, դիմում է այդպիսի ուղղակի միջոցների, այսինքն՝ շփվել քաղաքացիների հետ՝ հասկանալու համար, թե մարդիկ, օրինակ՝ գիտե՞ն՝ կառավարությունն իրենց ինչով է աջակցելու, ընդ որում՝ այդ գումարները ձևավորվել են հարկատուների միջոցներից»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել