Գրող, մանկավարժ, լուսավորիչ-դեմոկրատ, հայ նոր գրականության և մանկավարժության հիմնադիր:
Ծնվել է Քանաքեռում: 1819-1822թթ. սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1824-1826թթ.՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1829թ. սեպտեմբերի 27-ին (հոկտեմբերի 9-ին) Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆ. Պարրոտի արշավախմբի հետ բարձրացել է Արարատ լեռան գագաթը և այնտեղ, Պարրոտի կապարե խաչի կողքին, կանգնեցրել Էջմիածնից իր հետ տարած փայտե խաչը: 1830-1835թթ. պետական թոշակով սովորել է Դորպատի համալսարանում։ Առանձին դասատուների մոտ պարապել է լեզուներ, գրականություն, փիլիսոփայություն, մաթեմատիկա, երաժշտություն, արհեստներ և այլն: Աբովյանի ուսումնառության ծրագրերը կազմել էր նրա հովանավոր Ֆ. Պարրոտը, որը նպատակ ուներ Աբովյանին պատրաստել ուսուցիչ-հանրագիտակ` հայրենիքում որպես դպրոցական ուսուցիչ աշխատելու համար: 1837-1843թթ. Աբովյանը աշխատել է Թիֆլիսի, իսկ 1843-ից` Երևանի գավառական ուսումնարանների տեսուչ: 1848 թ. ապրիլի 2-ի վաղ առավոտյան տնից դուրս է եկել և չի վերադարձել: Աբովյանի կյանքին, գործունեությանը և առեղծվածային անհայտացման հարցերին են նվիրված Ակսել Բակունցի «Խաչատուր Աբովյան» վեպը:
Խ.Աբովյանի ստեղծագործություններից են` «Նախաշավիղ կրթության» (1837-1840թթ.), «Պարապ վախտի խաղալիք» (1838-1841թթ.), «Հազարփեշեն» (1840թ.), «Վերք Հայաստանի» (1841թ.) և այլն:
«...Ով սիրտ ուներ, լավ էր տեսնում, որ էն ձեռներն, էն աչքերը, որ քարացել, սառել երկինք էին մտիկ տալիս, առանց խոսքի էլ ասում էին, որ դժոխքի քանդվիլը մեղավորների համար էս գինը չէր ունենա, ինչպես Երևանու բերդի առնիլը հայերի համար...»: («Վերք Հայաստանի»)
«Խ. Աբովյանն իր վեպի մեջ հանդես է գալիս իբրև մեծատաղանդ արվեստագետ, որպես Հայաստանի բնանկարի և հայկական տիպաժի առաջին վարպետ նկարիչ: Աբովյանի գրչի տակ շնչավորվում և իմաստավորվում է ամբողջ բնությունը, արտահայտելով հեղինակի վսեմ և առաջավոր մտքերը»: Մ. Սարյան
ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՐՁԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
1908-ին, երբ նշվում էր Խաչատուր Աբովյանի մահվան 60-ամյակը, մի խումբ հայ գրողներ առաջարկեցին կառուցել Աբովյանի հուշարձանը: Սակայն պետականությունից զուրկ Հայաստանի պայմաններում այդպիսի ազգային — հայրենասիրական ձեռնարկումների իրականացումը կապված էր մեծ խոչընդոտների հետ: 19-րդ դարում ցարիզմը թույլ չէր տալիս իր տիրապետության տակ գտնվող փոքր ազգերին իրենց գործիչների հուշարձաններ կանգնեցնել քաղաքային հրապարակներում: Ժողովրդի ու հասարակական կարծիքի ճնշման տակ Կովկասի փոխարքայությունը մեծ դժվարությամբ համաձայնում է թույլատրել հայերին արձան կանգնեցնել գավառական քաղաք Երևանում՝ հավանաբար ենթադրելով, որ մեծ ծախսեր պահանջող այդ հուշարձանի կառուցումը վերջ ի վերջո գլուխ չի գա, քանի որ ցարական կառավարությունը դրա համար ոչ մի կոպեկ բաց չէր թողնելու, իսկ մասնավոր միջոցներով, այն էլ հանգանակությամբ, անհրաժեշտ գումարը դժվար թե հավաքվեր: 
Աբովյանի հուշարձանի կառուցման գործն ստանձնում է Բաքվի «Հայոց կուլտուրական միությունը», որը 1908թ., իր նիստերից մեկում որոշում է այդ գործում ներգրավել հայ ժողովրդի բոլոր խավերին ու գործիչներին: Ա. Շիրվանզադեն, Հովհ. Թումանյանը, Գ. Բաշինջաղյանը հանդես են գալիս հոդվածներով և կոչ անում բոլորին՝ մասնակցելու այդ համաժողովրդական ձեռնարկին: 1908-ի սեպտեմբերի 14-ի նիստում որոշվում է Աբովյանի արձանը կանգնեցնել Երևանի հրապարակներից մեկում՝ հայտարարելով մրցանակաբաշխություն © 1-ին մրցանակ՝ 500 ռ, 2-րդ մրցանակ՝ 300ռ և 3-րդ՝ 100ռ.: 
Քննության առնելով հուշարձանի կառուցման ծախսերի հարցը՝ որոշվում է, որ դրա համար անհրաժեշտ է 12 հազար ռուբլի, որը պետք է հավաքվի հանգանակությամբ և համերգներ կազմակերպելով: 
Սակայն «1908-1909թթ © հանգանակությունը շատ դանդաղ է ընթանում« և երկու տարվա ընթացքում հավաքվում է ընդամենը 2000 ռուբլի: 1910-ին մամուլում կրկին հանդես է գալիս Հ. Թումանյանը. «Դա մի անհատի արձանը չէ, դա հայ ժողովրդի վերքոտ սրտի արձանն է, որ կանգնելու է այնտեղ, Արարատի սրբազան դաշտում… պետք է կանգնի հավիտյան, անլռելի» պատմի աշխարհին հայի տանջանքն ու տենչանքը, միայն թե ամենքը, ամենքը գան ու մասնակցեն, որովհետև նա ամենքինն է, և ամենքը նրա մեջ են» («Հորիզոն», 1910, թիվ 266):
Հետագայում պարզ դարձավ, որ սկզբում նախատեսված 12.000 ռուբլին շատ քիչ է, և մի օրինակելի հուշարձան կառուցելու համար պահանջվում է առնվազն 18.000 ռուբլի: Արձանի կառուցման ֆոնդի համար համերգ-ելույթներ են կազմակերպվում Թիֆլիսում, Երևանում, Բաթումում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: 
Բաքվի «Հայոց կուլտուրական միությունը» պաշտոնական նամակներով դիմում է տարբեր երկրներում ապրող վեց հայտնի քանդակագործների՝ Միքայել Միքայելյանին (Թիֆլիս), Անդրեաս Տեր-Մարուքյանին (Փարիզ), Հայկ Բատիկյանին (Բոստոն), Հակոբ Արապյանին (Կ.Պոլիս), օրիորդ Ե. Ռուզան-Մուրացանին (գրող Մուրացանի դուստրը) (Բեռլին) և Հակոբ Գյուրջյանին (Փարիզ), հրավիրում նրանց՝ մասնակցելու Աբովյանի հուշարձանի նախագծի մրցանակաբաշխությանը: 
Վեց քանդակագործներն էլ մասնակցում են մրցանակաբաշխությանը և ներկայացնում 8 նախագիծ, որոնցից առանձնահատուկ ուշադրության են արժանանում Ա. Տեր-Մարուքյանի և երիտասարդ քանդակագործ Հ. Գյուրջյանի էսքիզները: Ժյուրին ընդունում է Տեր-Մարուքյանի երկրորդ նախագիծը և հանձնարարում է քանդակագործին արձանը պատրաստել բրոնզից՝ նկատի առնելով արված դիտողությունները: Ա. Տեր-Մարուքյանի նախագիծը ուղարկվում է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա՝ հաստատման: Այսպիսով« մրցանակաբաշխությունը հնարավորություն է տալիս ընտրելու լավագույն նախագիծը: Միության խնդրանքով Երևանի քաղաքային դուման 1911թ. հունիսին քննության է առնում Աբովյանի հուշարձանի կառուցման հարցը և որոշում է հուշարձանի համար տեղ հատկացնել քաղաքային բուլվարում կամ անգլիական այգու (այժմ՝ 26 կոմիսարների անվան զբոսայգի) մուտքի մոտ: Նույն թվականին Տեր- Մարուքյանը կարճ ժամանակով Փարիզից գալիս է Երևան, վերջնականապես ճշտում հուշարձանը կանգնեցնելու տեղը, գնում է Քանաքեռ, լինում Աբովյանի ապրած հնամյա տանը, զրուցում նրա շառավիղների հետ, դիտում և ուսումնասիրում Աբովյանի միակ յուղաներկ դիմանկարը և վերցնում մի քանի նյութեր ու լուսանկարներ Աբովյանի ժառանգորդներից: 
Աբովյանի արձանի և նրա պատվանդանի քանդակագործական կոմպոզիցիայի վրա Ա. Տեր-Մարուքյանն աշխատում է երեք տարի՝ 1910-1913թթ. «և Փարիզում այն ձուլել է տալիս բրոնզից: Աբովյանի արձանի հետ նա պատրաստում է նաև պատվանդանի բարձրաքանդակները՝ դպրոցական հասակի մի պատանի՝ նստած դիրքով (գիրքը՝ ծնկներին) ընթերցելիս «ու մի աղջիկ՝ կանգնած՝ ձեռքին ծաղկեփունջ, թիկունքով դեպի դիտողը, կարդում է պատվանդանի վրա գրված «Խաչատուր Աբովյան» բառերը: Արձանը ուներ 2 մետր 20 սանտիմետր բարձրություն: 
Աբովյանի հուշարձանը ժամանակի հասարակությունը չտեսավ: Նրա արձանը մի քանի տարի մնում է Փարիզի ձուլարանում, քանի որ հանգանակությամբ հավաքված գումարը չէր բավարարում լրիվ վճարելու նրա ծախսերը, և գործարանատերը արձանը բաց չէր թողնում: 1913-ին Ա. Տեր-Մարուքյանը կրկին վերադառնում է Երևան և զբաղվում արձանի պատվանդանի և տեղի շինարարության կոնկրետ հարցերով: Նա իր միջոցներով փորել է տալիս հուշարձանի հիմքի տեղը և տախտակներով ցանկապատում՝ հույս ունենալով, որ հանգանակությամբ հավաքվող գումարով և հարուստների առատաձեռնությամբ հնարավոր կլինի վճարել ձուլման ծախսերը, և արձանը Փարիզից տեղափոխել Երևան: 
«Սակայն, իզուր… հարուստները առատաձեռն չեն գտնվում, երբեմն նույնիսկ արհամարհանքով են վերաբերվում, իսկ այն ժամանակվա Երևանի դատարկապորտ ու պճնասեր երիտասարդները» առատորեն ծախսելով իրենց հայրերի կուտակած փողերը, վարձում են մի դերձակ, պատվիրում նրան կարել քանդակագործի հագին եղած հագուստին նման մի հագուստ, ձեռք են բերում նույնանման գլխարկ, ակնոց և ձեռնափայտ և հագցնելով «քյաչալ Աբո» անունով մի կիսախենթ խեղկատակի՝ ուղարկում արվեստագետի մոտ, որն այդ ժամանակ իր կնոջ՝ ֆրանսուհի Նիտայի և երկու երեխաների հետ նստած էր քաղաքային բուլվարում… « հեռվում կանգնած երկու տասնյակ դատարկամիտ երիտասարդները նայում են նրանց և բարձրաձայն քրքջում»: (Մ. Սարգսյան. «Անդրեաս-Տեր-Մարուքյան», Երևան, 1960) 
Չկարողանալով տանել նմանօրինակ վերաբերմունք՝ Ա. Տեր-Մարուքյանը շուտով ընտանիքի հետ վերադառնում է Փարիզ: Ապրուստի միջոցներ չունենալու պատճառով, թոքախտով հիվանդ քանդակագործը չէր կարող լուրջ բուժում ստանալ: Նա իր ընտանիքի հետ երբեմն կիսաքաղց օրեր է անցկացնում: Մի անգամ Պողոս Նուբարյանը օգնում է նրան և ուղարկում Նիս՝ բուժման: Քանդակագործի վիճակն ավելի է վատթարանում, երբ լսում է, որ Աբովյանի արձանի ձուլող գործարանատերը 4 տարի համբերատար սպասելուց հետո որոշել է հնոցը նետել արձանը և նրա բրոնզը ավելի թանկ գնով վաճառել… Հիվանդ քանդակագործը ծանր վիճակում մեկնում է գործարանատիրոջ մոտ, խնդրում է, աղաչում՝ համբերող լինել, էլի սպասել, մինչև որ Հայաստանից ստացվեն հանգանակությամբ հավաքվող նոր գումարներ, թեև ինքն էլ գիտեր, որ դա շուտ չի լինի: Շատ չանցած, հիվանդ և անօգնական «ծայրաստիճան աղքատության մեջ` 1919-ի մարտին» Փարիզում վախճանվում է Անդրեաս Տեր-Մարուքյանը՝ 
1920-ականների սկզբներին Հայաստանի նորաստեղծ կառավարությունը Փարիզ է փոխանցում անհրաժեշտ գումարը և գնում Աբովյանի արձանը, պատվանդանի քանդակագործական կոմպոզիցիան, Ալիշանի կիսանդրին և մի քանի բարձրաքանդակ, որոնք 1925-ի փետրվարի 27-ին Փարիզից ուղարկվում են Երևան («Խորհրդային Հայաստան» 1 մարտի, 1925): Ուղարկած բեռի (արձանի) փաստաթղթերը հասնում են Երևան, իսկ արձանով բեռնված արկղը ճանապարհին անհայտանում է: Ս. Լուկաշինի միջամտությամբ պարզվում է, որ Բաթումի նավահանգստում տեսնելով, որ երկար ժամանակ արկղը պահանջող չկա, այն զգուշորեն բացում են. ենթադրելով, որ դա եվրոպացի հեղափոխականի արձան է և այն նվեր են ուղարկել Վրաստանին, տեղադրում են քաղաքի կենտրոնական հրապարակում (Ա. Պատմագրյան. «Մի արձանի ոդիսական», «Սովետական արվեստ», 1967, N 7, էջ 35-39):
1933-ի հուլիսի 6-ին Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրոնի և «Երևան» հյուրանոցի միջև գտնվող Աբովյանի անվան հրապարակում (այժմ՝ Շառլ Ազնավուրի անվան) տեղի է ունենում արձանի հանդիսավոր բացումը: Խոսք են ասում լուսժողկոմի տեղակալ Տ. Մուշեղյանը, Ս. Զորյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Ե. Չուբարը:
Քո պատվանդանը փոքր է չափազանց: -
Բայց մե՞ծ էր արդյոք հերկը հայրենի,
Որի բարգավաճ գալիքին ընծա
Դու հանճարը քո և կյանքը բերիր: -
Եղիշե Չարենց (Երևան, Աբովյան հրապարակ)
1950թ © Աբովյանի անվան փողոցի վերակառուցման կապակցությամբ, թե՞ այլ պատճառով (անհրաժեշտություն կա պարզաբանման), արձանը տեղահանվում և դրվում է Կրկեսի մոտակայքում, նախկին երկաթգծի կայարանի դիմաց՝ մի անշուք վայրում: Քանդակագործներ Արշամ Շահինյանը և Խաչատուր Իսկանդարյանը 1953-ին կերպարվեստագետների համագումարում հարց են արծարծում Աբովյանի արձանը տեղափոխել մի արժանավայել վայր: Որոշ ժամանակ անց արձանը «հայտնվում» է Ծիծեռնակաբերդի բլրի վրա, իբրև գեղատեսիլ մի վայր սակայն մարդկանց աչքից հեռու: 1957թ. կերպարվեստագետների հաջորդ համագումարում, դարձյալ նույն քանդակագործները հարց են առաջադրում արձանը «բերել մարդամեջ»: Արշամ Շահինյանը լուսանկարում է արձանը և դիմում ՀԿԿ Կենտկոմի մշակութային հարցերով պատասխանատուին նույն խնդրով, որից հետո արձանը բլրից «իջեցվում է» և տեղադրվում Աբովյանի անունը կրող զբոսայգում՝ Մանկական երկաթուղու տարածքում, թունելների մոտ: 1964թ. սեպտեմբերի 14-21-ին Հայաստանում կայանալիք Էստոնիայի գրականության և արվեստին նվիրված շաբաթվա կապակցությամբ, սեպտեմբերի 10-ին այլ միջոցառումների հետ զուգընթաց, Աբովյանի արձանը տեղափոխվում է հայ մեծ լուսավորչի տուն-թանգարանի մոտ, որտեղ սեպտեմբերի 20-ին բացվում է նաև էստոն և հայ ժողովուրդների բարեկամությանը նվիրված աղբյուր-հուշարձանը (ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան« քանդակագործ՝ Արա Հարությունյան): 
XX դարի 90-ականնների սկզբին` անիշխանության տարիներին, խեղաթյուրված գաղափարներով ու հրազենով զինված ինչ-որ անձնավորություններ պղծեցին արձանը. «...Անհասկանալի ցեղի, ծագման, գաղափարի ավտոմատավորները թիրախ են դարձրել մեծ լուսավորչի արձանը և շատ «դիպուկ» են եղել, արձանի գլխին և ուսերին տեսանելի են փամփուշտների բացած հետքերը» (Հ. Երանյան. «Իրարամերժ զգացումներ Աբովյանի տուն-թանգարանում», «Երկիր», 3 ապրիլի, 2003): Նույն թերթի հաջորդ օրվա համարում հոդվածագիրը շարունակում է. «…բացված անցքերը որևէ կերպ պետք է փակվեն: Թե ինչպես` որևէ մեկը դեռ չի կարողանում ասել»: 
Աբովյանի արձանի պատմությունը դեռ չի ավարտված… Այնուամենայնիվ մի քանի հարցեր բաց են մնում՝ կապված Աբովյանի արձանի ոդիսականի հետ։
1. Որտե՞ղ էր գտնվում Աբովյանի արձանը 1925-1933թթ. « և ինչո՞ւ այդքան ուշացավ նրա տեղադրումը: 
2. Ո՞ւր անհետացան արձանի պատվանդանի մոտ դրվելու համար նախագծված և արձանի հետ միասին ձուլված պատանիների ֆիգուրները: 
3. Ո՞րն էր արձանի Երևանում «դեգերելու՚ պատճառը» և ո՞վ էր նրա «շարժիչ ուժը»: 
«Խորհրդային Հայաստան» թերթի 1933թ. հուլիսի 8-ի համարում տպագրված լուսանկարից երևում է, որ հուլիսի 6-ին տեղադրված արձանի պատվանդանի մոտ բացակայում է վերևում հիշատակված պատանիների քանդակային կոմպոզիցիան: Փարիզից Երևան հասե՞լ են, արդյոք, պատանիների քանդակները, թե՞ ճանապարհին կորել են, մնում է անհայտ: Գուցե բրոնզե քանդակները նորից հալել են և թանկարժեք մետաղը օգտագործել ա՞յլ նպատակների համար…: 
Ուշագրավ է Հայաստանի գրողների միության նախագահ Եղիա Չուբարի խոսքը Աբովյանի արձանի բացման հանդիսավոր արարողության ժամանակ. «…Երևանում արդեն կանգնած են պողպատաձույլ բոլշևիկներ Սպանդարյանի, Շահումյանի, Ջափարիձեի, Ազիզբեկովի արձանները, որոնց գործի վերջնական հաղթանակի համար մենք այսօր պայքարում ենք: Աբովյանը մերը չէ իր իդեոլոգիայով, նրան արձան կանգնեցնելով՝ մենք մեր երախտիքն ենք հայտնում առաջին աշխարհաբար գրքի հեղինակին…» («Խորհրդային Հայաստան», 8 հուլիսի, 1933): Եղիա Չուբարի արտասանած այս խոսքերին, այսօր, տարիների հեռվից, պետք է մոտենանք ըմբռնումով և գնահատենք որպես դիվանագիտություն: Չ՞է որ այդ տարիներին անզգուշորեն ասված մեկ խոսքը կորակվեր որպես ազգայնամոլության դրսևորում և… բազմաթիվ ազնիվ մարդկանց կյանքը վտանգի տակ կդներ: Հավանաբար այդ հանգամանքն է եղել պատճառը, որ արձաններից զուրկ Երևանում չշտապեցին Աբովյանի արձանը տեղադրել: Սպասեցին: Նախ տեղադրեցին «պողպատաձույլ» բոլշևիկյան գործիչների արձանները, ապա նոր միայն «համբերատար հերթի սպասող» Աբովյանինը: Այսպես էր ժամանակի պահանջը: 
Սակայն 1950-ին արձանը տեղահանեցին © սկսվեց Աբովյանի արձանի «երևանյան դեգերումը»: 
Մինաս Սարգսյանը իր «Անդրեաս Տեր-Մարուքյան» գրքում նշում է, որ արձանը տեղափոխելու պատճառը Աբովյան փողոցում կատարվող շինարարական աշխատանքներն էին: Զարմանալի է, թե այդ ի՞նչ աշխատանքներ էին, որոնց արձանը խանգարում էր, իսկ եթե իրոք այդ էր պատճառը, ապա ինչո՞ւ արձանը չվերադարձրին իր նախկին տեղը: 
Արձանի տեղափոխման մեկ այլ պատճառ է նշում Թադևոս Հակոբյանը. «Խ. Աբովյանի նոր արձանը Աբովյան փողոցի հյուսիսային վերջավորությունում գտնվող Աբովյան պուրակում կանգնեցնելուց հետո Տեր-Մարուքյանի նշված արձանը տեղափոխեցին Հրազդանի գեղատեսիլ ձորը…» (Թ. Հակոբյան. «Երևանի պատմությունը» /հ. 4, էջ 484/: Եվ Մ. Սարգսյանը, և Թ. Հակոբյանը չեն նշում, որ մինչ արձանը Հրազդանի ձոր՝ Մանկական երկաթուղի հասնելը, ՙկանգառել է Կրկեսի մոտակայքում գտնվող աղբակույտում, Ծիծեռնակաբերդի բլրի քարքարուտներում… Այդ ինչպե՞ս պատահեց, որ այն տարիներին դեռ երիտասարդ (այսօր արդեն 80-ն անց) քանդակագործներ Արշամ Շահինյանը և Խաչատուր Իսկանդարյանը կարողացան գնահատել Աբովյանի արձանի արժեքը, կատարելությունը և բազմաթիվ անգամ կերպարվեստագետների համագումարներում հարց արծարծեցին արձանը տեղադրել արժանավայել վայրում, մինչդեռ առաջին սերնդի քանդակագործները աչքաթող արեցին արձանը, այն դեպքում, երբ նրանք իրենց աշխատանքները ձգտում էին տեղադրել մարդաշատ՝ կենտրոնական վայրերում: 
Ի՞նչն էր այդ բազմաչարչար արձանի «սար ու ձոր գցելու» դրդապատճառը: Գուցե նա իր կատարելությամբ «ստվե՞ր էր գցում» ուրիշների աշխատանքների վրա և օգնում արվեստագետներին զանազանել «սևն սպիտակից»: 
Բարեբախտաբար, Աբովյանի արձանը «բազում «կրակների» միջով անցնելով» 1964-ի սեպտեմբերին հասավ Քանաքեռ և առ այսօր կանգած է մեծ լուսավորչի տուն-թանգարանի մոտ: Չնայած ցանկալի կլիներ որ արձանը առաջվա պես տեղադրված լիներ Երևանի կենտրոնում՝ մարդաշատ վայրերից մեկում, որպեսզի և՜ արվեստասերներն ու քաղաք ժամանած հյուրերը և՜ երիտասարդ քանդակագործները հնարավորություն ունենային ավելի հաճախ տեսնելու այն (Ա. Խանջյան, «Մի արձանի պատմություն», «Նորք», N 3, 2003, էջ 173-176):
Խ. Աբովյանի առաջին արձանի նյութը` բրոնզ, գրանիտ, ճարտարապետ` Մարկ Գրիգորյան, քանդակագործ` Անդրեաս Տեր-Մարուքյան: 
Անդրեաս Տեր-Մարուքյանը (1871-1919) ծնվել է Երևանում: 
1890-ական թվականներին սովորել է Երևանի արական գիմնազիայում: Այնուհետև երկու տարի` Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում: 1894թ. մեկնել է Պետերբուրգ, ապա` Փարիզ, որտեղ չորս տարի սովորել է Կերպարվեստի բարձրագույն դպրոցում: 1899թ. Փարիզում ցուցադրվել է նրա «Հայ գրողներին դափնեպսակ նվիրաբերող մուսան» գիպսե կոմպոզիցիոն քանդակը (գտնվելու տեղն անհայտ է): Տեր-Մարուքյանը ստեղծել է կիսանդրիներ և մահարձաններ:
Նրա գործերից են`
  • Ռ. Պատկանյան», 1901թ., Նոր Նախիջևան, Ս. Խաչ վանքի բակում (կրկնօրինակը` Էջմիածնի Գևորգյան ճեմարանում)
  • «Մ. Նալբանդյան», 1902թ., Նոր Նախիջևան
  • «Ն. Թայիրյան», բրոնզ, 1903թ., ՀԱՊ
  • «Ղ. Ալիշան», բրոնզ, 1903թ., ՀԱՊ
  • «Խրիմյան Հայրիկ», բրոնզ, 1907թ., ՀԱՊ
  • «Պ. Ադամյան», դիմաքանդակ, մարմար, 1905թ., տեղն անհայտ է
  • «1512 – հայ տպագրություն - 1912», գիպս, 1912թ.
  • Ա. Տեր-Մարուքյանի կերտած «Ռ. Պատկանյան» և «Մ. Նալբանդյան» կիսանդրիները նոր ժամանակների հայկական քանդակագործության առաջին օրինակներն են, որոնք դրվեցին հայ մտավորականների կազմակերպած հանգանակությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել