Արդեն մի քանի օր է մամուլում շրջանառվում են տեղեկություններ, թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում քաղաքացու են ծեծել: Հրապարակվում է, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կամ նրան ուղեկցող անձինք նույն դատարանի շենքում ծեծի են ենթարկել ամբաստանյալի հորը:

Դատարանում գտնվող մարդկանց շրջանում խոսակցություն է տարածվել, որ գործով վկա Վարդան Ղուկասյանին ուղեկցող անձանցից մեկը դատարանի դահլիճից դուրս գալու ընթացքում ոտքով հարվածել է նույն գործով անցնող ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հորը: Շրջանառության մեջ դրված ոտնձգության տեղեկության ստուգմամբ ՀՀ ոստիկանությունն արդեն զբաղվում է, հանգամանքները կպարզվեն, կտրվի համարժեք գնահատական: 
Միաժամանակ գործընկերներիս ուշադրությունն եմ հրավիրում Վճռաբեկ դատարանի թիվ ԱՐԴ0176/01/11 որոշմամբ մեկնաբանված քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածին (ծեծը): Համաձայն մեկնաբանության` ծեծելը բնութագրվում է տուժողի մարմնին հարվածներ հասցնելով, ընդ որում, հարվածները կարող են հասցվել ինչպես ձեռքերով կամ ոտքերով, այնպես էլ բութ և կոշտ գործիքի գործադրմամբ՝ բազմաթիվ (մեկից ավելի) անգամ։ Վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ մեկնաբանության հիմքում ընկած է այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի դիսպոզիցիայում օգտագործված «ծեծել» (գործողություններ կատարելը) եզրույթը ներկայացված է հոգնակի թվով, այսինքն՝ ոչ թե որպես մեկ, այլ բազմակի (մեկից ավելի) գործողություն։ Այլ խոսքով՝ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով արգելված ծեծի բովանդակությունից հետևում է, որ ծեծը տուժողին բազմաթիվ (մեկից ավելի) հարվածներ հասցնելն է, որի արդյունքում նրան պատճառվել է ֆիզիկական ցավ։
Փաստ է, որ դատական նիստերի դահլիճը լքելու ընթացքում (քայլելու ընթացքում) բազմաթիվ մարդկանց և դատական կարգադրիչների ներկայությամբ որևէ անձի կողմից որևէ մեկին բազմաթիվ հարվածներ հասցնելու դեպքում դրան առնվազն կմիջամտեին դատական կարգադրիչները: Միջամտությունն անշուշտ տեսանելի կլիներ ներկաներին, ինչի մասին կլինեին հայտարարություններ: Այս պայմաններում որևէ բռնի արարք մամուլում «ծեծ» որակելիս խնդրում եմ լինել ավելի պրոֆեսիոնալ, ղեկավարվել լրագրողական հանրահայտ էթիկայի կանոններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել