Իր ստեղծման առաջին իսկ օրվանից Blognews.am-ի նախաձեռնող խումբը նպատակ դրեց ընկերների ու բոլոր ցանկացողների համար հեշտացնել սոցիալական ցանցերից օգտվելը: Մենք որոշեցինք մեր ուժերի սահմաններում նպաստել մարդկանց մի խմբի մասսայականացմանը, որոնք թեև հետաքրքիր տեսակետներ և սուր խոսք ունեին, բայց շատ դեպքերում մնում էին ստվերում՝ հաճախ սահմանափակվելով ընդամենը մի քանի հարյուր մշտական ընթերցողներով: 
Մենք նկատեցինք հստակ խնդիր. ՀՀ շարքային քաղաքացին ամենամեծ ցանկության դեպքում անգամ բավական դժվարություններ պետք է հաղթահարի, որպեսզի ծանոթանա բլոգերների գոնե մի զգալի մասի տեսակետներին: Իսկ եթե դեռ չի կողմոնորշվել՝ որ բոլգերի տեսակետն է ցանակնում լսել, պարզապես մոլորվել կարելի է:

Ուստի մենք՝ երիտասարդ լրագրողների մի խումբ, մեծամասամբ Blog.armenianherald.com-ի և «Պիոներ» պարբերականի նախկին աշխատակիցներ, փորձեցինք ստեղծել մի դաշտ, որտեղ ներկայացված կլինեն հայաստանյան բլոգոլորտի «խոսք ասողները», ովքեր իրենց տեսակետները կներկայացնեն և իրենց համակարգված արձագանքը կտան այս կամ այն երևույթներին: 
Մենք ստեղծեցինք մի վայր, որտեղ իր կարծիքը կարող է հայտնել յուրաքանչյուրը, եթե միայն այդ կարծիքը սուր է և հիշարժան: 

BlogNews.am-ի խմբագրական անձնակազմը սկսեց հետևել վիրտուալ աշխարհի բոլոր բնակիչներին և վերահրապարակել ԲԱՑԱՌԱՊԵՍ հանրության համար բաց գրառումները՝ առաջնորդվելով ՀՀ հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին օրենքով: Մենք մեզ իրավունք չենք վերապահել որևէ մեկի նյութը խմբագրել, ընդակառակը՝ նյութը մեր կայքում տեղադրել ենք ամբողջությամբ ու անպայման հղում կատարելով սկզբնաղբյուրին: 
Մեր կայքը մի քանի օրվա իր գործունեության ընթացքում բազմաթիվ դրական ու բացասական արձագանքներ ստացավ. հնչեցին քննադատական կարծիքներ, անգամ սպառնալիքներ: Իհարկե դրանց կողքին նաև կոնկրետ առաջարկություններ եղան կայքի գործունեությունը բարելավելու ուղղությամբ: Մենք այդ բոլորը հաշվի ենք առնում ու հընթացս շտկում թերություններն ու ուղղում սխալները: Ցավում ենք, որ որոշ առաջարկություններ հնչում են ոչ կոռեկտ ձևակերպումներով, թեպետ անգամ այդ կարգի խորհուրդներն էլ պարտավոր ենք հաշվի առնել, քանի որ այն, ինչ անում ենք, նաև այդ մարդկանց համար է: 

Առաջին իսկ օրերից կարծիքների հսկայական հոսքերի հետ առնչվեցինք ու այդ ամենը մարսել և կանոնակարգել էր պետք: Վստահեցնում ենք, որ ոչ մի առաջարկություն ու դիտողություն անարձագանք չի մնացել. դրանում Դուք կհամոզվեք մեր օր օրի բարելավվող կայքում: 
Ի սկզբանե, նոր բանին մարդիկ միանգամայն տարբեր կերպ են արձագանքում՝ մեկը հետաքրքրությամբ փորձում է աջակցել, մյուսն էլ ընդունում է դժկամությամբ. որքան մարդ այնքան բնավորություն ու դրանից բխող վարվելակերպ: Ուստի մենք չենք շտապել անմիջապես հրաժարվել այն բլոգերների նյութերից, որոնք դեմ են այս նախագծին, քանի որ այդ կերպ մարդկանց մի խմբի կարծիքը պարզապես դուրս կմնար հասարակության տեսադաշտից և բլոգոլորտի դյուրին հասանելիությունը թերի կլիներ: Եթե առաջիկայում էլ մեզ չհաջողվի մեր գործունեությունից դժգոհներին համոզել այս նախաձեռնության օգտակարության ու կարևորության մեջ, բնական է, որ անպայման հաշվի կառնենք նրանց դժգոհությունը և իրենց նյութերը չենք ընդգրկի մեր կայքում: 

Հարկ է հիշել, որ Facebook նախագծի հեղինակներն էլ մեզ նման երիտասարդներ էին, պարզապես իրենց ապրած երկրում դիմացինի կարծիքը չկիսելու դեպքում նրանց ոչնչացված տեսնելու ցանկություն ունեցողների թիվն ավելի քիչ էր երևի, քան երիտասարդներին աջակցել ցանկացողների թիվը: Գուցե դա է պատճառը, որ նրանք իրենց նախագծերով աշխարհն են գրավում ու մեզ էլ դարձնում իրենց նախագծերի մասնակիցն ու «գերին», սակայն մեզ մոտ ամենահամեստ նախագիծն անգամ հսկայական դժվարություններ է հաղթահարում մինչև կյանքի կոչվի, այն էլ եթե նախագծի հեղինակը բավարար համառություն ու վճռականություն ունի այն առաջ տանելու հարցում:
Հետագա համագործակցության ակնկալիքով խնդրանքով դիմում ենք այս ոլորտի ահել ու ջահել բոլոր մասնակիցներին՝ ձեր օգտակար խորհուրդներով ու առաջարկություններով օգնեք մեզ կայանալ, ու մենք մեր աշխատասիրությամբ անպայման կարդարացնենք Ձեր սպասելիքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել