Չինաստանում կորոնավիրուսով վարակված պացիենտների ուսումնասիրության արդյունքում գիտական խումբը պարզել է, որ ծխելը խիստ մեծացնում է վարակակիրների մահվան հավանականությունը։ Գիտնականների եզրակցությունը հրապարակվել է Medical Xpress կայքում, փոխանցում է Lenta-ն։

Ծխողների դեպքում մահվան հավանականությունը, ըստ գիտնականների, մեծանում է 14 անգամ։ Անվտանգ չէ նաև պասիվ ծխելը, երբ մարդը ինքը ծխող չէ, սակայն շնչում է այլ ծխողների արձակած ծուխը։ Այդ դեպքում ևս մի քանի անգամ մեծանում է վիրուսով վարակվելու դեպքում մահվան հավանականությունը։

«Քանի որ COVID-19-ը հիմնականում խոցում է թոքերը, ապա այն ամենը, ինչը կարող է թուլացնել շնչառական համակարգը, մեծացնում է բարդացումների հավանականությունը»,- բացատրել է գիտական աշխատանքի մասնակիցներից Մեթյու Ստելիգան։

Նա մանրամասնել է, որ ծխելը նեղացնում է շնչառական ուղիներն ու խոչընդոտում է շնչառության միջոցով վիրուսի դուրս գալը օրգանիզմից։ Արդյունքում այն մնում և բարդացնում է հիվանդության ընթացքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել