1in.am-ը գրում է.

Հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանին Ռուսաստանի դատարանում ստորացնելու կապակցությամբ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ ցույց կազմակերպվեց, ավելին՝ ակտիվիստները խալաթ էին տարել, որպեսզի դեսպանը այն հագնի և հեռանա երկրից: Նման մի ցույց էլ եղավ գազի գնի թանկացումից հետո, դարձյալ Ռուսաստանի դեսպանատան դիմաց՝ այդ անգամ «Գազպրոմ, վոն իզ Արմենիի» պաստառներով:
Կառաջացնի՞ այս ամենը Հայաստանում հակառուսական տրամադրություն, թե՞ ոչ՝ մանավանդ այն ժամանակ, երբ Հայաստանը կանգնած է Մաքսային միություն և ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրում ընտրության շեմին: Այս կապակցությամբ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Սոցիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ, սոցիոլոգ Գևորգ Պողոսյանի հետ:
Նրա կարծիքով` ոչ թե Հրաչյա Հարությունյանի հետ կատարվածից հետո, այլ շատ ավելի վաղ մի քանի դեպքեր եղան, որոնք հնարավոր է՝ հակառուսական տրամադրությունների ֆոն ստեղծեն Հայաստանում. «Մենք սխալ ենք գնահատում՝ ոչ թե հակառուսական տրամադրություններ են, այլ ուղղակի մեր բնակչությունը, մեր ժողովուրդը ավելի հասուն է վարվում և համարում է, որ երկրները պետք է իրար հարգեն: Այստեղ ավելի շատ հասարակական գիտակցության աճ եմ նկատում, և պահանջը երկրի ու ժողովրդի նկատմամբ արդարացի է, քանի որ ավելի հարգալից պետք է վերաբերվել, անկախ նրանից՝ դա Ռուսաստանն է, թե որևէ այլ երկիր: Այս դեպքում, իհարկե, Ռուսաստանի մասին է խոսքը, որը մեզ համար ռազմավարական գործընկեր է»,- նշեց նա: 
Ընդհանրապես, ըստ Գևորգ Պողոսյանի՝ հասարակական գիտակցության աճ կա նաև կապված մեր ներքին խնդիրների հետ. «Ոչ միայն Ռուսաստանի կամ այլ երկրի հետ կապված խնդիրների կոնտեքստում եմ նկատում այդ աճը, այլև ընդհանրապես բոլոր խնդիրներին հայերն ավելի շատ են արձագանքում հիմա, քան նախկինում: Օրինակ` Ճոճկան, Մաշտոցի պուրակ` ես չեմ համարում դրանք առանձին երևույթներ: Սա ցույց է տալիս, որ հայաստանյան գիտակցությունը աճում է, որ նոր սերունդ է եկել, որը թե՛ մեր, թե՛ այլ երկրի իշխանություններից պահանջում է հարգալից մոտեցում»:
Հետաքրքրվեցինք նաև, թե Ռուսաստանի հետ կապված՝ նոր, ավելի ուժգին զարգացումներ, ցույցեր կարելի՞ է ակնկալել, ինչին ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց. «Կարծում եմ, որ շատ մեծ զարգացումներ չեն լինի, քանի որ նույն բանը այնտեղ չի էլ կրկնվի»: 

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել