«168 ժամ» օրաթերթը գրում է.
«Գազի գնի բարձրացումից հետո հանրապետությունում գործող գազալցակայանները ավտոմեքենաները լիցքավորում են գազի 1 խ/մ-ն 200 դրամով՝ նախկին 160 դրամի փոխարեն։ Վերջին օրերին, սակայն, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակիցներն այցելում են գազալցակայաններ և փորձում են դրանց սեփականատերերին պարտադրել իջեցնել գազի գինը և այն վաճառել 190 դրամով։
Թեև ՏՄՊՊՀ-ից մեր թղթակցին հայտնել են, որ իրենք գազի գին չեն սահմանում, սակայն ավելացրել են, որ այս շուկայում անցկացվում են ուսումնասիրություններ, որի արդյունքում կորոշվի գազի վաճառքի ողջամիտ գինը, և ըստ այդմ էլ կորոշվի գազի գնի թանկացումը եղել է ողջամտությա՞ն սահմաններում, թե՞ ոչ։ Ամենայն հավանականությամբ, գազի վաճառքի ողջամիտ գին կհայտարարվի հենց 190 դրամը, ինչը կնշանակի, որ գազը պետք է վաճառվի հենց այդ գնով։
Դրանից բարձր գնով վաճառողները կհայտարարվեն «ագահ կողոպտիչներ»։ Մնում է, որ հանձնաժողովը սահմանի մյուս ապրանքների և ծառայություններ-ի ողջամիտ գները և հետևի, որ դրանից որևէ շեղում չլինի։ Այդ ժամանակ կունենանք իսկապես շուկայական տնտեսություն»,–գրում է թերթը։
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։