Երբ շա՜տ բարկացած ես… hանգստացնող 5 օգտակար տարբերակ

Cosmo.am-ը գրում է.

Անհաջող օր, դժգոհ տնօրեն, հիմա էլ խնդիրներ սիրելիիդ հետ... ևս մեկ կաթիլ, և դու բարկությունից հրաբուխի պես կժայթքես` արդյունքում փչացնելով այն, ինչ քեզ համար կարևոր է: Դե´, քանի դեռ զայրույթի հողի վրա չես արել մի բան, որի համար հետո զղջալու ես։ Cosmo - ն քեզ առաջարկում է «ջղայնանալու» շատ անվտանգ ու նույնիսկ բավականին արդյունավետ միջոցներ:

Աստղիկ Բաղդասարյան

Հոգեբան Տաթևիկ Աղաբեկյան

Կան բազմաթիվ խելամիտ ու քաղաքակիրթ պատճառներ բարկանալուց խուսափելու համար: Դա ոչ միայն քեզ ստիպում է վատ զգալ, այլև երբեմն հիմար արարքներ անել, որոնք հետագայում ավելի շատ խնդիրներ են ստեղծում: Սակայն, երբեմն ջղայնանալն օգտակար է: Ավելի ճիշտ բացասական զգացմունքներն ու բարկությունը ներսում պահելն ու այն քողարկելով՝ ինքդ քեզ ներսից տանջելն է շատ վնասակար։

«Ինչքան մարդը բարկությունը պահում է իր մեջ ու չի արտահայտվում, այնքան նա ավելի ուժեղ է բարկանում հաջորդ անգամ: Ի սկզբանե պետք չէ թողնել, որ բարկությունը կուտակվի, դա կարող է աստիճանաբար սթրեսի, դեպրեսիայի ու այլ խնդիրների պատճառ դառնալ»,- պարզաբանում է Cosmo հոգեբանը:

Մյուս կողմից էլ սխալ կլինի նաև անել հակառակը՝ զայրանալ, վիրավորել, սկանդալ ստեղծել և առանց այն էլ ներսումդ վառվող բարկությունն ու կրակն ավելի թեժացնել:

Հիմա վերջապես ամենակարևորի մասին. այստեսակ նյարդային ու անելանելի իրավիճակներից կարող ես հանգիստ, այո´, հանգիստ և առանց հետագա խնդիրներ ստեղծելու դուրս գալ: Բարկությունը պարզապես ներքին էներգիայի մեծ կուտակում է, որը կարող է լինել և´ դրական, և՛ բացասական, կախված նրանից, թե ինչպես կօգտագործես այն: Իհարկե, կարող ես «վատ աղջիկ» լինել և բարկացած ժամանակ կոտրել տան բոլոր ափսեները, սակայն դա քեզ դժվար թե հանգստացնի: Փոխարենը Cosmo-ն առաջարկում է 5 լրիվ անվտանգ տարբերակներ, ոչ միայն ներսումդ կուտակված էներգիայից ազատվելու, այլև այն արդունավետ օգտագործելու համար:

Գեղարվեստը որպես թերապիա

Երբևէ մտածել ես, թե ի՞նչ պատկերների են նման քո մտքերը, վախերն ու անհանգստությունները, և մտածե՞լ ես դրանք պատկերելու մասին: Գեղանկարչությունը, որպես հանգստացնող և սթրեսից ազատող թերապիա, գիտությանն արդեն վաղուց է հայտնի, սակայն, որպես ինքնարտահայտվելու և զգացմունքներն արտահայտելու միջոց, մարդիկ դրա մասին շատ ավելի վաղուց գիտեին: Եվ ուրեմն՝ այսուհետ բարկացած ժամանակ վերցրու վրձինն ու ներկերը և փորձիր աբստրակտ կերպով պատկերել կտավի վրա զգացմունքներդ, և ո՞վ գիտե, միգուցե պարզվի, որ այս ամբողջ ժամանակ քո մեջ ապագա Պիկասո էր թաքնված:

Երաժշտական հանգստացում

Եթե նույնիսկ աշխարհում լիներ ավելի ուժեղ «դեղամիջոց» բարկության և սթրեսի դեմ, միևնույն է՝ մենք էլի կընտրեինք երաժշտությունը: Ցանկացած երաժշտություն, բայց հատկապես դասականն ու կենդանի երաժշտությունը քեզ կհաղորդեն դրական լիցքերի հսկայական հոսք` այդպիսով կտրելով ամենօրյա հոգսերից ու խնդիրներից: Եթե երաժշտություն լսելն օգնում է հանգստանալ, ապա ստեղծագործելն ու նվագելը նաև օգնում են ինքնարտահայտվել: Երբ նույնիսկ թեթևակի բարկացած կամ նյարդային ես լինում, պարզապես վերցրու կիթառ կամ այլ լարային գործիք և նվագիր քո «պատմությունը»:

Էներգիայի փոխակերպում

Երբեմն պատահում է չ՞է, որ այնքան զայրացած ես լինում, որ քիչ է մնում բռունցքով հարվածես համակարգչի էկրանին կամ մոտակա պատին կամ միշտ ամեն ինչից դժգոհ ղեկավարիդ դեմքին: Իրականում բռնցքամարտը և այլ ցանկացած ուրիշ սպորտաձև քո զայրույթը ղեկավարելու անվտանգ ու արդյունավետ տարբերակ կլինեն: Ֆիզիկական վարժությունները քեզ հնարավորություն կտան ազատվել բացասական էներգիայից և փոխակերպել այն ավելի արդյունավետ ֆիզիկական էներգիայի: Եվ ուրեմն, հաջորդ անգամ անկառավարելի բարկություն զգալու դեպքում թող ամեն ինչ և գնա 20 րոպեանոց վազքի կամ արագ քայլքի:

Միայն դու, քո մտքերն, թուղթն ու գրիչը...

Հաճախ է լինում, երբ ուզում ես խոսել ինչ-որ մեկի հետ, բայց համոզված ես, որ ոչ ոք քեզ չի հասկանա կամ զգացմունքներդ չափազանց անձնական են որևէ մեկի հետ կիսելու համար: Այս դեպքերում քո լավագույն «ունկնդիրը» կլինեն թուղթն ու գրիչը: Պատմիր քո խնդիրների մասին, մի լավ բարկացիր, և ընթացքում մի քիչ ստեղծագործիր. գրիր փոքրիկ շարադրություն, հեքիաթ, բանաստեղծություն կամ ավելի լավ է մի պատմվածք: Մեծ է հավանականությունը, որ ստեղծագործելու ընթացքում կգտնես նաև քեզ անհանգստացնող շատ խնդիրների ու հարցերի պատասխանները:

«Հին ու բարի» ձեռագործ

Տատիկների սիրելի զբաղմունքը հիանալի տարբերակ է բարկության բացասական էներգիայից ազատվելու համար: Գիտականորեն ապացուցված է, որ այն մանր ու շարունակական մատների շարժումները ստիպում են քեզ կտրվել անհանգստության հիմնական պատճառներից և կենտրոնանալ շարունակականությունը չխախտելու վրա: Դրան գումարած՝ սեփական ավարտուն աշխատանքը տեսնելիս մարդու մոտ ավելանում է նաև երջանկության հորմոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել