Ապրանքների գրավիչ դասավորությունը, հատուկ պահպանումն ու փաթեթավորումը շատ հաճախ կողքից հեշտ աշխատանք է թվում: Պանիրն այն ապրանքն է, որը մշտապես պահանջում է պրոֆեսիոնալ մոտեցումներ: Ըստ մասնագետների, սուպերմարկետի գործունեության ճիշտ կազմակերպումը գնահատելու համար առաջինը պետք է նայել պանրի բաժնին: Շատերը մտածում են, որ դարակներին արժե տեղադրել միայն էժան պանիրները, քանի որ նրանք են լավ վաճառվում, բայց մի բան պետք է հաշվի առնել, որ  թանկ պանիրները մեծ շրջանառություն չեն ապահովում, բայց օրինակ նրանց 10 կգ-ի վաճառքը բերում է նույն գումար, ինչ 100 կգ էժան պանիրների վաճառքը:

Սովորաբար պանիրը դրվում է կաթի և մսամթերքի մեջտեղում և ճիշտ է նաև, որ այս բաժնի կողքին լինի գինու կամ հացի բաժինը, քանի որ այս ապրանքներն իրար փոխլրացնող են որոշ դեպքերում: Օրինակ, եթե հաճախորդը գինի է գնել, կամ հաց, միգուցե և պանիր գնի, ինչպես նաև հակառակը: Իսկ ի՞նչ առանձնահատկություններ ունի պանիրը դասավորելիս՝

- Ըստ միջազգային փորձի, սուպերմարկետը երբեք պանրի մեծ քանակություն չի պատվիրում, քանի որ այն շուտ փչացող ապրանք է համարվում և նրա մատակարարումը պետք է լինի շաբաթը 2 անգամ:

- Պանրի դարակները չպիտի դատարկ երևան, բայց միևնույն ժամանակ չպիտի ծանրաբեռնված լինեն: Օրինակ՝ իդեալական է համարվում 3 մետրանոց դարակի վրա ներկայացնել 30-40 տեսակի պանիր:

- Պանրի դարակները պետք է պարտադիր մաքրվեն յուրաքանչյուր օր, քանի որ այս ապրանքը շատ զգայուն է միկրոբների նկատմամբ: Մյուս կարևոր փաստն այն է, որ ինչքան հնարավոր է պետք է հեռու պահել հոտավետ ապրանքներից, քանի որ պանիրն ունի հոտը ներքաշելու յուրահատկություն:

- Պանիրները դասավորվում են ըստ իրենց տեսակի՝ նուրբ, կոշտ և մածուցիկ, ինչպես նաև ըստ  արտադրող երկրների, որակի և գների:

- Պանրի վրա առկա մեծ անցքերը նույնպես ուշադրություն են գրավում, որը շատ հաճախ է ասոցացվում պանրի որակի հետ, ուստի պանիրը պետք է այնպես ներկայացվի, որ այդ անցքերըլավ երևան մարդու աչքին: Հիշեք, որ պանրի առաջին կտորը հաճախորդը համտեսում է աչքերով:

- Կոշտը դրվում է սառնարանի վերևի, նուրբն ու մածուցիկը ներքևի մասում: Կոշտ պանիրները սովորաբար կամ իրար վրա են դրվում, կամ զուգահեռաբար, իսկ ահա մածուցիկն ու նուրբն առանձին և շատ հաճախ այն պետք է պտտեցնել:

- Ամենօրյա պահանջմունքի պանիրները սովորաբար դրվում են մեռյալ կետերում, դարակների եզրային մասերում, քանի որ դրանք միշտ էլ գտնվում են սպառողի կողմից, իսկ ահա նոր և թանկ պանիրներն ավելի աչքի ընկնող վայրերում է դրվում՝ ձեռքի և աչքի զոնաներում, որոնք ուղեկցվում են լավ ցուցադրված գներով: Դա արվում է նրա համար, որպեսզի հաճախորդը, հետաքրքրությունից ելնելով, փորձի:

- Հիշեք, որ երեխաները նույնպես պանրի սիրահար են և կան նրանց համար հատուկ պանրիկներ, որոնք պետք է դնել նրանց ձեռքին համապատասխան դարակում, որպեսզի այն հասանելի լինի և նրանք վերցնեն:

- Մեծ կտորները պետք է դնել ետևում, իսկ ահա փոքր կտորներն ավելի սպառողի աչքին դիմաց, քանի որ մեծերը հեռվից էլ են երևում, իսկ ահա փոքրիկները ստիպում են հաճախորդին մոտենալ և ավելի մոտիկից կարդալ և շոշափել:

- Պանիրն ունի իր համար նախատեսված ջերմաստիճանը, քանի որ բարձրացնելու դեպքում այն քայքայվում է, իսկ իջեցնելու դեպքում փչանում է համը: Պանրի համար հիանալի ջերմաստիճանը կամ +4-ից +6-ն է, կամ էլ +10-ից +12, որը կախված է պանրի տեսակից:

- Արտասահմանյան օրինակը տեսնելով՝ կարելի է ենթադրել, որ այստեղ դասավորության ժամանակ մեծ ուշադրություն է դարձվում պանիր արտադրող երկրին: Այս գործոնն անգամ շեշտվում է պանրի գնապտակի վրա:

- Կտրտած պանրի առկայությունը դարակներում դա ամենապարտադիր պայմանն է, քանի որ հաճախորդը պետք է տեսնի, թե իրականում ինչ կա այդ փաթեթավորման ներսում: Մի հետաքրքիր փաստ ևս, բոլորս էլ գիտենք, որ պանիրը հոտ ունի, խոսքն այն վատ բուրմունքով պանիրների մասին չէ: Կան պանիրներ, որոնք իրենց հաճելի հոտով կարող են հաճախորդներին գրավելի, ուստի մեկ խորհուրդ. հենց առավոտյան սուպերմարկետը բացվում է, պանրի երեսից շատ բարակ մի կտոր հանեք, որ հոտը տարածվի: Արդյունքն ակնհայտ է լինում:

Եվ վերջում, պանրի ամենալավ վաճառք հիմնականում ապահովում է դեգուստացիան, որը կարող է վաճառքը բարձրացնել մոտ 2.5 անգամ: Հիմա կներկայացնեմ մի քանի սուպարեմարկետների պանիրների բաժնի դասավորությունը, որպեսզի հստակ պատկերացնեք, թե իրականում ինչ բարդ աշխատանք է այն:

1. Whole Food սուպերմարկետների ցանց (ԱՄՆ)

Այստեղ մի հետաքրքիր մեթոդ է կիրառվում, որն իրոք ապշեցնում է բոլորին: Մասնավորապես Whole Food-ի պանրի բաժնի ղեկավարն ինքն է այցելում պանրի գործարան, որպեսզի գնահատի և տեսնի, թե ինչպե՞ս է այն արտադրվում և արդյոք համապատասխանում է իրենց ստանդարտներին:Եվ հենց այդ հիմքի վրա էլ այսօր Whole Food-ում ներկայացված է շուրջ 250-ից 1000 տեսակի լավագույն պանիրները:

2.  Jumbo սուպերմարկետների ցանց (Նիդերլանդներ)

Jumbo-ում գտնվող պանիրների մեծ մասը կտրտված են, փաթեթավորված և շնորհիվ վառ գույների և վերևից կախված դարակների՝ այն շատ ախորժալի տեսք է ունենում: Նիդերլանդներում օրինակ շատ տարածված է, որ պանիրը երևա անգամ հեռվից, ուստի այստեղ առաստաղից կախելը հենց այդ իմաստն ունի, որ հաճախորդի աչքին միանգամից ընկնի պանրի վառ դեղին գույնը:

3. IPER հիպերմարկետների ցանց (Իտալիա)

Իտալացիներն իրականում առանց պանրի չեն կարող ապրել և իտալական խանութներում պանրի բաժինը գլխավոր մասերից մեկն է: Այստեղ հատուկ սառեցված է պանրի բաժինը և երշիկի տեսքով կախված է, որը թույլ է տալիս մարդկանց շոշափել այն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել