Ankakh.com-ը գրում է.

Այն  փաստը, որ կանայք  ինչ-որ կերպ, ինչ-որ այլ բանով էլ են տարբերվում տղամարդկանցից, առաջինը  նկատել են բանաստեղծները: «Կանայք այլ բառակարգ ունեն»,- ասել է  հայտնի բանաստեղծներից մեկը: «Դու կին ես, դու սատանայական ըմպելիք ես»,- մի առիթով ասել է մեկ ուրիշ պոետ: Երբ  մտնում ես պոլիկլինիկա, ապա  միանգամից աչքի է զարնում այն փաստը, որ այցելուների մեծ մասը կին է: Գուցե դա բացատրվում է նրանով, որ  տղամարդիկ շատ են աշխատում ու քամահրանքով վերաբերվում իրենց առողջությանը: Իսկ գուցե կանայք են կասկածամիտ կամ ազատ ժամանակ շատ ունեն: Ամեն ինչ, պարզվում է, շատ ավելի պարզ է ու տխուր: Իրականում կանայք շատ ավելի հաճախ են գնում բժշկի, որովհետև շատ ավելի հաճախ են հիվանդանում: Պարզվել է, որ կանայք տղամարդկանցից  ավելի շատ ու հաճախ են տառապում արյան բարձր ճնշումից, արթրիտից, դիաբետից, միգրենից, մաշկային հիվանդություններից ու ռևմատիզմից: Նրանք ավելի շատ են հակված մրսածության, ասթմայի, ցիստիտի, օսթեոպորոզի: Գերազանցապես կանանց մոտ է հանդիպում հոդաբորբ, երակների  լայնացում: Նրանք ավելի դժվար են ապաքինվում դեպրեսիայից, ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից: Սակայն սա միակ  տարբերությունը չէ: Երբեմն նույն հիվանդությունը տարբեր ընթացք է ունենում կնոջ ու տղամարդու մոտ: Օրինակ` տղամարդու մոտ սրտի կաթվածը սկսվում է կրծքավանդակում սուր ցավից, որը խփում է պարանոցին, տարածվում ձեռքի ու  կզակի շրջանում: Կանանց մոտ սրտի նոպան բոլորովին այլ ընթացք է ունենում: Սկսվում է թիկունքի ցավից, ապա  տարածվում  որովայնի ստորին հատվածի վրա, թուլության զգացում ու սրտխատնուք է առաջանում: Երբեմն կանայք պարզապես անհարմար ու անիմաստ  են  համարում նման ախտանշաններով դիմել մասնագետի` մտածելով. «Հիմարություն է, լավ չեմ քնել, մի քիչ նյարդայնացել եմ, ու վերջ»: Լինում են նաև հակառակ երևույթներ. օրինակ` սխալ կարծիք կա, որ օսթեպորոզից հիմնականում տառապում են  կանայք: Բայց երևի քչերը գիտեն, որ տղամարդիկ նույնպես հիվանդանում են կրծքագեղձի (ոչ կաթնագեղձի) քաղցկեղով: Փառք աստծո, որ դա քիչ է պատահում, սակայն բժիշկը պետք է կարողանա ժամանակին և ճիշտ ախտորոշել այն: Շատ  տհաճություններ ու երբեմն էլ ճակատագրական բացթողումներ են լինում հենց այս մոտեցումը լուրջ չընդունելու պատճառով: Կան, իհարկե, որակյալ  մասնագետներ, որոնք հասկանում են, որ կանանց ու տղամարդկանց խնդիրները պետք է առանձին դիտարկել: Այսօր աշխարհում նոր ոլորտ է զարգանում` գենդերային բժշկություն: Որը վստահեցնում է, որ ոչ մի իգական օրգան չի կարող բացարձակ նման լինել արական համապատասխան օրգանին: Տղամարդու մոտ ոչ մի ֆիզիոլոգիական պրոցես չի ընթանում այնպես, ինչպես կնոջ մոտ: Նոր ոլորտը կոչ է անում կանանց ու տղամարդկանց բուժել տարբեր կերպ: Հետաքրքիր փաստ. հիմնականում նոր դեղամիջոցները փորձարկվում են տղամարդկանց վրա, քանի որ տղամարդկանց  դեպքում ամեն ինչ հեշտ է: Բժիշկները գիտակցաբար հրաժարվել են փորձակվողների այնպիսի «անհարմարություններից», ինչպիսիք են`  դաշտանը, ձվազատումը, հղիության հավանականությունը. որոնք կարող են  տարբեր ազդեցություն ունենալ փորձերի արդյունքների վրա ու փչացնել վիճակագրությունը: Ուստի դեղերի փորձարկման համար հիմնականում ընտրվում են արական սեռի փորձակենդանիներ: Իսկ 1977-ին դեղերի վերահսկողությամբ  զբաղվող ԿՀՎ-ն մի համարյա թե հանցավոր հրաման արձակեց, որով արգելվում էր դեղերի փորձարկումների ժամանակ ներգրավել կանանց: Թե ինչ հետևանք ունեցավ դա, հայտնի դարձավ1988-ին` ասպիրինը որպես սրտամկանի ինֆարկտի կանխարգելման միջոց փորձարկելիս:  Փորձին մասնակցեց ավելի քան 22 հազար տղամարդ: Ոչ մի կին: Բժիշկները սկսեցին ասպրիրին նշանակել անխտիր բոլորին: Եվ շատ ուշ պարզվեց, որ այն կանանց վրա բոլորովին այլ ազդեցություն է ունենում, ավելի ճիշտ` ոչ մի ազդեցություն չի ունենում, կանանց դեպքում այն  պարզապես անօգուտ միջոց  է: Մի սխալ ևս կապված է խոլեստերոլի մակարդակը կարգավորող դեղամիջոցների հետ: Կարծիք կար, որ դրանք կանանց վրա ազդեցություն չեն ունենում: Նման եզրակացություն էր արվել, քանի որ փորձարկումներին շատ քիչ թվով կանանց էին ներգրավել, բնականաբար, արդյունքները նույնպես աննշան էին: Ու միայն վերջերս հակառակն ապացուցվեց. բժշկությունը եզրակացրեց, որ բուժման նպատակով հարկավոր է հաշվի առնել գենդերային տարբերությունները: Երկու տարի առաջ Նորթվեսթերնի համալսարանի գիտնականներն ապացուցեցին, որ կանանց 50%-ը տղամարդկանցից ավելի հաճախ է տառապում դեղորայքի կողմնակի հետևանքներից: Իսկ մյուս կեսի վրա դեղորայքը  չափից ավելի ազդեցություն է ունենում, ինչպես, ասենք,   դեղորայքի չարաշահման դեպքում: Սակայն  մինչ օրս դեղատոմսերում չի նշվում, որ կանանց ու տղամարդկանց դեղի տարբեր չափաբաժիններ պետք է  առաջարկել: Ճիշտ է, գենդերային բժշկությունը նոր է սկիզբ առել, սակայն զարգանում է սրընթաց: Մասնագետները համոզված են, որ մի քանի տարի անց բժշկության այդ ճյուղն էլ ավելի կզարգանա ու տարբեր բուժում կառաջարկի տղամարդուն և կնոջը: Ճիշտ մոտեցումը և գենդերային բժշկության տարանջատումը կհանգեցնի հիվանդների բուժման արդյունավետության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել