Եթե մի իրադարձության վերաբերյալ մեկնաբանությունները բավականին շատ են ու ակամայից մարդը չի կարողանում կողմնորոշվել, թե որն է օբյեկտիվ, ապա մեկնաբանություններից զատ դեպքերի ու իրադարձությունների զարգացումները առավել օբյեկտիվ խոսում են դրա մասին, ուստի դիտարկենք ու հետևություն անենք: 
Երկու օր առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը արել է հետևյալ հայտարարությունը` «Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր տնտեսական ապիկար գործունեության պատճառով Դաշնակցության կողմից քննադատության ենթարկվելուց հետո բացեիբաց հայտարարել է, որ ինքը պատերազմ է հայտարարում Դաշնակցությանը, և այս տեսակ կեղտոտ լրատվություն, կեղտոտ բամբասանքանման լրատվությունը իր գործն է»: Այսօր արդեն «վարչապետ-ՀՅԴ» հարաբերությունների մասին տեսակետ է հայտնել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը` նշելով. «Ես չեմ կարծում, որ վարչապետը ՀՅԴ-ի մեջ գժտություններ մտցնելու նպատակ է հետապնդում, ամեն դեպքում ով որ նման նպատակ է հետապնդել, հիմնականում հաջողության չի հասել, այնպես որ առանձնապես կռիվ չկա վարչապետի և ՀՅԴ-ի միջև, պարզապես սուր քննադատություն կա Դաշնակցության կողմից Կառավարության և ընդհանրապես իշխանությունների վարած տնտեսական, սոցիալական և արտաքին քաղաքականության նկատմամբ»:
Ակամայից այլ մեկնաբանություն պետք չէ, այս երկու հայտարարությունները համադրելու ու մասնավոր հետևություն անելու համար, որ դաշնակցական բարձրաստիճան նշված այրերը միևնույն խնդրի վերաբերյալ տարբեր կարծիք են արտահայտում` համակարծիք լինելով քննադատության թեզին: 
Սակայն նախօրեին մի ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը` անդրադառնալով Հրանտ Մարգարյանի արած հայտարարությանը, թե «…վարչապետը պատերազմ է հայտարարել Դաշնակցությանը»: Գ.Վարդանյանը հայտարարել է. «Կուսակցական մարմնի ցանկացած ներկայացուցչի խոսքը ոչ միայն իր անձնական տեսակետն է, այլև կուսակցության ընդհանուր դիրքորոշումը, և ընկեր Հրանտի ասածն իր անձնական խոսքը չի, այլ ընդհանուր կուսակցության դիրքորոշումը, դա արտահայտվել է ընկեր Հրանտի միջոցով»: 

Այս հայտարարությունից հարց է առաջանում: Եթե կուսակցության մարմնի ցանկացած անդամի հայտարարություն կուսակցության դիրքորոշումն է, ապա Վահան Հովհաննիսյանը սրբագրո՞ւմ է Հրանտ Մարգարյանին, հակադարձո՞ւմ է, թե՞ կուսակցության մեջ թևերի առկայության, տարակարծության ու առճակատումների շրջանառվող թեզը սրանով հաստատվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել