
Հանրապետությունը կոնկրետ անուններ է ուզում լսել. մենք անընդհատ խոսում ենք թալանի, անսահման չարաշահումների մասին, բայց չգիտես, թե ինչու մեզ չի հետաքրքրում այդ երևույթների հասցեատերերի անուն ազգանունները, չգիտես, թե ինչու մեզ չեն հետաքրքրում այդ երևույթի հասցեատերերի հովանավորողների անունները: Մենք բավարարվում ենք լոկ երևույթների արծարծումներով և դրանց քննադատությամբ: Հանրությանը ցուցակներ են անհրաժեշտ, նրանք ցանկանում են հասկանալ, թե ովքեր են այն մարդիկ, ովքեր իրենց հանցագործ գործունեությամբ տարիներ շարունակ իրենց աղքատության գլխավոր պատճառն են հանդիսացել: Նրանք ցանկանում են հասկանալ, թե ովքեր են այն մարդիկ, որ իրենց անսահման թալանով պատճառ են դարձել իրենց մտերիմների արտագաղթին:
Ըստ շատերի, օրինակ ոչ մի սարսափելի բան չէր պատահի, եթե բարձրաստիճան պաշտոնյաները իրենց ելույթներում չարաշահումների մասին խոսելիս, հնչեցնեին այդ գործարքի համար պատասխանուտեների անունները: Նույնը վերաբերում է ընդդիմադիրներին. նրանցից շատերը առավոտից երեկո խոսում են կոռուպցիայի մասին` չբերելով կոնկրետ ոչ մի օրինակ, դրանով իսկ անլրջության մոտիվ են ստեղծում հասարակության մոտ: Իհարկե ես հասկանում եմ, որ շատերը, այս տողերը կարդալով, կարող են ասել` բայց դրանով կխախտվեր անմեղության կանխավարկածի սկզբունքը` մոռանալով, որ անուներ տալը դա դեռ մեղադրանք առաջադրել չէ: Ուղղակի այդ անունները հնչեցնելուց հետո հասարակությունը ավելի ուշադիր կլիներ գործերի ընթացքի հետևողականությանը, հնչեցրած նյութերը կլինեին ավելի շոշափելի և առարկայական :
Օրինակ, երբ հետևում ես հրեական մամուլին, ակնհայտ է դառնում, որ այնտեղ նմանատիպ երևույթային քննարկումները առանց անունների չեն լինում, բոլոր երևույթները ունենում են իրենց անմիջական հասցեատերերը:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=23722