Թուրքը համաշխարհային պատերազմի օրենին, իր տկարության սարսափից խթանված՝ հղացավ ծրագիրներից ամենադիվայինը՝  բնաջնջել մի հինավուրց ցեղ, որ դարերով լույս և քրտինք էր սփռել իր շուրջը: 

    Հղացավ և գործադրեց:
    Եվ մի օր, թրքահայության ողջակիզումի առաջին օրը, ծագող արևը Հայաստան երկրի փոխարեն տեսավ մի կատարյալ գեհեն:
   Տեսավ խաչի նսեմ ստվերն ընկած մեր հազարամյա հայրենիքի վրա: Տեսավ, թե ինչպե՛ս մի խավարասեր ազգ  - վախկոտ, բայց հարձակվողական, փոքրոգի և ավերիչ - կհրոսեր մի անզեն ու անպաշտպան ժողովրդի դեմ՝ այն իր պատմական հայրենիքից արմատախլելու խելագառությամբ: Տեսավ, թե ինչպե՛ս կմոխրանային հազարամյա օրհնությամբ լեցուն գյուղերը մեր, կպղծվեին եկեղեցիները, վանքերը, գրադարանները հազա՛ր: Տեսավ խուժդուժ գործը տապարի, յաթաղանի կապարի - ամեն տեսակի և չափի գործիքների, որոնցով սպանել ու ավերել կարելի է:  Այլևս Հայաստանով անցնող գետերը արյուն էին կտրել, իսկ կիրճերը՝ դիակնաստան: Տեսավ, թե ինչպե՛ս իրենց ամուսինների և ծնողների ներկայությամբ կխլվեն ու կբռնաբարավեն կանայք:
    Գործի վրա տեսավ թրքական սանձարձակ շնությունը, որ անասուններին իսկ կգերազանցեր: Տեսավ սարսափից խելագար մեր աղջիկներին, որոնք Եփրատի ալիքները կգրկեին: Տեսավ, թե ինչպե՛ս հայրը հավաքեց ընտանիքն իր հարկի տակ և այրեց ողջ. թե ինչպե՛ս սովահար հայ մանուկները իրենց մորթած մայրերի դիակներին կպած՝ ծիծ կծծեին:
   Արևը տեսավ տուն, տանիք, ճամբաներ՝ արյունով ներկված: Տեսավ բարձրունքների վրա, գետափներին և ձորերի մեջ մահվան հետ կռվի մտած արնաթաթախ հայորդիներ: Տեսավ, թե ինչպե՛ս «շներն ու շնագայլերը մեր սիրելիների սրտերը կկրծեին»: Տեսավ իրենց  գողգոթայի ճամբին անասունների պես վաճառքի հանված հայ կանանց ու մանուկներին, և լուսավորեց խաչի ճամբան ծերերի, կաղերի, կույրերի: Տեսա՛վ, հայոց արևը տեսա՛վ այդ ամենը, և խավարեց այդ օրը:

   Մի օր էլ, երբ ամեն ինչ տխրորեն կատարյալ էր, բնություինը նստավ սգալու Հայոց աշխարհի մոխրակույտերի վրա...
   Եվ թուրքը, եղեռնից հետո, սովորական շնականությամբ ասաց երվրոպացուն. «Ջարդէն վերջը աղօթք մը ըրի և արդարացայ»:
    Իսկ դիվանագիտական խարդավանքների վարպետ Մոսկվան, հանձին Ռադեկի, եկավ արդարացնելու Թուրքիո հայաջինջ քաղաքականությունը. «Իթթիհատը, իր երկրին անկախությունը պահելու համար, ըրավ ինչ որ կրնար: Ան վճռեց ոչնչացնել ամբողջ հայ ժողովուրդը: Եվ կասկածէ դուրս է, որ Պոլսոյ մեջ նստած իթթիհատական ղեկավարները այս հարցին մեջ շարժեցան պետական անհրաժեշտության գաղափարներով: Թուրքերի համար խնդիրը շատ սուր էր դրված -ապրել կամ մեռնել: Անոնք նախընտրեցին ապրել»:
   Այսպե՛ս խոսեց կարմիր հրեշը՝ սեղմելով Թուրքիո արնոտ թաթը:
    Քրիստոնյա աշխարհն էլ լրբություն ունեցավ, որպես կարեկցանքի արտահայտություն, մեզ նետելու մի երկբառ նախադասություն՝ «մարտիրոս ժողովուրդ»:
  Իսկ հա՞յը - նա տեսավ ու զգաց հայաքանդ եղեռնի ահավորությունը միայն:
   Մարդկության հետ, սակայն, նա էլ դեռ չի չափել վեհությունը այն աստվածային շարժուձևի, մեծությունը մարդկային ցեղի պատմության մեջ նախընթաց չունեցող այն գերմարդկային արարքի, որով մեր ժողովուրդն իր կեսը ողջակիզեց՝ ցեղի հոգին, արյունը փրկելու համար:
   Պատմության ծանոթ որոշ ժողովուրդներին հատուկ տկարությամբ - ցեղուրացությամբ - հայն էլ կարող էր փրկել իր ֆիզիկականը, բայց բյուրիցս փա՜ռք իրեն, նա չունեցավ այդ տկարությունը:
    Գիտակցորեն, շատ տեղերում, թեկուզ կրավորական հերոսացումով, նա զոհեց կեսն իր մարմնի՝ իր ցեղային էության դեմ չմեղանչելու համար:
   Նա դարձավ իր սեփական Զոհը և Զոհարարը միաժամանակ:
    Եվ փրկվեց ցեղը:
    Սպասելի էր, որ այդ օրերից ողջ հայությունը փարվի ցեղին, թիկունք դարձնելով ժողովուրդները հոգևորապես բոլշևիկացնող ստադեմոկրատիզմին, լիբեձրալիզմին, սոցիալիզմին և գաղափարախոսական այլ կարգի հնոտի և սնոտի մոլորանքներին:
   Հենց այդ օրից հայության որոշ տարրերը ցեղն ընդունեցին իբրև միակ ապավեն և սրբություն - դարձան ցեղակրոն:
    Հայության որոշ մասը, սակայն - հակառակ որ թուրքը մեզ հարվածեց իբրև ցեղի,  հայությունը իրեն վիճակված անօրինակ եղեռնի ու տառապանքի մեջ առաքինացավ իբրև ցեղի, մեր ժողովրդի որոշ մասը շարունակում է մնալ անցեղահաղորդ՝ գերին «եվրոպական» կապիկության:
   Այդ որքան տխուր, այնքան ամոթալի իրողությունը պիտի  բացատրել այն բանով, որ այդ տարրը իբրև հայ չապրեց իր հայրենիքին և ազգին վիճակված անմարդկային ողբերգությունը, և մնաց իբրև ազգային մեր տկարությունը սնուցանող չարիք:
    Ապրիլյան եղեռնից հետո հայորեն խորթ և պակասավոր պիտի համարել անցեղակրոն հային:
   Օրվա մեր ամոթանքը և թուրքի շահը պիտի համարել հենց այդ հայորեն պակասավոր, այդ անցեղակրոն տարրերի գոյությունը:
«Ռազմիկ», 1941թ., թիվ 17
Գարեգին Նժդեհ, «ՄԵԾ ԳԱՂԱՓԱՐ», 
ՀՀԿ, 2003թ.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել