Ստիպված եմ անդրադառնալու այս ծանր թեմային: Ինքնասպանությունը բանակում բավականին բարդ խնդիր է: Իրականում ԶԼՄ-ները խնդիրը ներկայացնում են սահմանափակ՝ բանակը ներկայացնելով որպես վատ, ոչ մարդկային միջավայր, որը հասցնում է ինքնասպանության՝ առանց խորանալու երևույթի մեջ: Ասեմ, որ բոլոր մեղքերի մեջ ինքնասպանությունը բառիս իսկական իմաստով մահացու մեղք է: Եթե մարդը որևէ այլ մեղք է գործում, մտածված կամ ոչ մտածված, ապա դեռ ժամանակ ունի քավելու մեղքերը ու դարձի գալու, անգամ եթե սպանություն է արել: Բայց ինքնասպանությունը մեղք է, որը ժամանակ չի թողնում մեղքերի թողության համար: Նապոլեոն առաջինն ինքը բարդ անձնավորություն էր: Նա մեկ անգամ չէ, որ կանգնած է եղել ինքնասպանության շեմին ու ապրել այդ դաժան փորձությունը: Նրան են պատկանում հետևյալ խոսքերը. «Զրկել իրեն կյանքից սիրո համար` խելագարություն է, ունեցվածքի կորստի համար՝ ցածր քայլ, իսկ պատվի ու վիրավորանքի համար՝ թուլություն: Զինվորը, որ ինքնակամ զրկում է իրեն կյանքից, ոչ մի բանով ավելի չէ այն դասալիքից, որը ինքնակամ լքում է պատերազմի դաշտը մարտից առաջ»: Իսկ օրինակ Պետրոս Առաջինի կողմից ստորագրված հրամանի համաձայն` ինքնասպանություն գործած զինվորի դին դահիճը փաթաթում էր ու թաղում ոչ պատվաբեր մի վայրում` նախապես դին քարշ տալով բոլոր փողոցներով: Մի քանի հետազոտողներ առանձնացնում են երկու պատճառ, որոնք Զինված ուժերում ծառայողներին հասցնում են ինքնասպանության: Դրանք երկուսն են՝ բանակային պայմաններին հարմարվողականության դժվարությունները և բարդ բարոյահոգեբանական միջավայրը որոշ բանակային կոլեկտիվներում: Այս երկու պատճառներն էլ իրական են ու կարող են մարդուն դրդել ինքնասպանության մտքի: Հետաքրքիր մի փաստարկ` 20-րդ դարի հոգեբանության հայտնի պրոֆեսորներից Սիկորսկին իր հետազոտություններում ապացուցեց, որ ինքնասպանության հիմքում մարդկային կոպիտ էգոիզմն է: Ինքնասպանությունը գործում է միայն սեփական ես-ի ենթագիտակցության մեջ, նա մտածում է միայն իր մասին, իր ապրումների ու անհաջողությունների մասին: Փորձեմ բացատրել: Այսպիսով, առաջին պատճառը ոչ թե дедовщина-ն է, այլ նորակոչիկի կոպիտ էգոիզմը: Դժվարությունները, բարդ բարոյահոգեբանական վիճակը, զինվորական հստակ կանոնակարգը, ծանրաբեռնվածությունը և այլն, այս ամենը միայն շատ ուժեղ և գործող սադրիչ պատճառներ են: Եթե մարդը հոգեպես միտված չէ կոպիտ էգոիզմի, ապա կյանքի բոլոր դժվարություններին նա կդիմակայի՝ պայթյուն չի լինի, և մարդը կմնա ողջ և անվնաս: Ուրեմն խիստ կարևոր է բանակում ինքնասպանությունների ֆենոմենի բացահայտման համար շեշտը դնել ոչ միայն նախնական, այլև սադրիչ պատճառների վրա: Սա արդեն լուրջ խնդիր է, կարծես նման մեդալի երկու կողմերին. երկուսն էլ հավասարաչափ կարևոր են ու արժեք ունեն: Երբ յուրաքանչյուր մարդ հասկանա կյանքի իսկական արժեքը, աստվածային կյանքի նպատակը, ապա երբեք չի գործի նման մեղք: Միգուցե շա՞տ ենք հեռացել ճշմարիտ ուղուց….

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել