Ես հասկանում եմ, մեծամասնությունը քրֆում է (ես էլ այդ թվում) Մոլդովայի օմբուդսմենին: Բացի այն, որ նա ստահոդ հայտարարություններ է արել, ըստ էության, հասկանալի է, թե ինչ պատվերով, իրականացրել է քաղաքական ակցիա մեր պետության Խորհրդարանում (մեծատառը վերաբերում է կառույցին, այլ ոչ թե դեպուտատներին): ԲԱՅՑ...
Ինչպե՞ս էր, առհասարակ, հնարավոր տվյալ ելուզակությունը: Սա հարց է, որ անխուսափելիորեն ծագում է Աուրելիա բաջու երեկվա ելույթից հետո ի հայտ եկած իրողությունների խորապատկերում: 
Փորձենք հասկանալ: Հայաստանում կազմակերպվում է միջազգային խորհրդաժողով: Հասկանալի է, որ մեր երկրի ներկայացուցիչները նույնպես մասնակցում են կազմակերպման ընթացքին: Նման խորհրդաժողովների պարագայում, բնականաբար, նախապես հայտնի է լինում, թե ովքեր են լինելու այս կամ այն հարցով հիմնական զեկուցողներ, ովքեր են հանդես գալու թեմատիկ ելույթներով, ինչ աշխատանքային խմբեր են լինելու և այլն, և այդպես շարունակ: 
Տվյալ դեպքում, Աուրելիա Գրիգորիուն խորհրդաժողովում թեմատիկ զեկույցով հանդես եկողներից մեկն է եղել: ՀԱՐՑ. 
Հայաստանում որևէ մեկը, որևէ պետական մարմին, սկսած ԱԱԾ-ից, վերջացրած ՍԴ-ով, կազմակերպիչներով և այլն, ՆԱԽՕՐՈՔ հետաքրքրվե՞լ են, թե ո՞վ է այդ Աուրելիա Գրիգորիուն: Ստուգապես՝ ո՛չ, չեն հետաքրքրվել: 
Եթե հետաքրքրվեին, ապա մենք նախապես, այլ ոչ թե «պոստ-ֆակտում» կտեղեկանայինք, որ տվյալ անձը ամեն կերպ փառաբանում է Ադրբեջանը, որ Բաքուն իր սիրելի քաղաքն է, որ ջերմ ու քիպ հարաբերությունների մեջ է ադրբեջանական իշխանական շրջանակների ներկայացուցիչների հետ և այդպես շարունակ: Այն էլ ասեմ, որ այդ «պոստ-ֆակտում» տեղեկանալն էլ հայրենի բլոգոսֆերայի ներկայացուցիչների շնորհիվ: Մասնավորապես, արժե նշել Սամվել Մարտիրոսյանին ու շնորհակալություն հայտնել, որ արագորեն պահպանեց Աուրելիա բաջու ադրբեջանականության մասին վկայող անհերքելի տվյալները, լուսանկարները, որ տվյալ կնիկը ափալ-թափալլար տարբերակով ջնջել էր իր ՖԲ էջից: 
Մյուս կողմից, կազմակերպիչները կարող էին Հայաստանի օմբուդսմենին հայտնել, որ Մոլդովայից նրա գործընկերն էլ է մասնակցելու խորհրդաժողովին, նա էլ, միգուցե, տեղյակ լիներ, թե դա ով է, ինչ է իրենից ներկայացնում և խորհուրդ տար, որ տվյալ սուբյեկտը չհրավիրվի, որպես անցանկալի, կողմնակալ անձնավորություն: 
Կարճ ասած, նման դեպքերում, կարծում եմ, պատկան մարմինները նախապես կարող էին և, բնականաբար, պետք է որոշակի աշխատանք կատարեն, տեղեկատվության գոնե լղար «թղթապանակ» ունենան: 
Ավելին, տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի պետական մարմինները խիստ դանդաղ, ոմանք կասեին անգամ դանդալոշ կերպով են արձագանքում տեղի ունեցածին: Մասնավորապես, կարծում եմ, որ Հայաստանի ԱԳ նախարարությունը պետք է որևէ կերպ արձագանքեր կատարվածին, իսկ տվյալ կնիկը պետք է ուղղակի վռնդվեր Հայաստանից, որպես անցանկալի անձ: 
Ես հասկանում եմ, իհարկե, կարելի է նաև ասել, թե՝ այ, հենց այդ առումով էլ երևաց մեր և Ադրբեջանի տարբերությունը, այն, որ մենք վայրենաբար չենք արձագանքում հակառակ կարծիք հայտնողներին (չնայած, ի՞նչ գրողի տարած «հակառակ կարծիք», երբ ուղղակիորեն հակահայկական հայտարարություններ են արվել), որ այս, որ այն: 
Սակայն նման «պլյուրալիստական», «ժողովրդավարական» նրբերանգները ժամանակակից աշխարհում ոչ մեկի ծովաբողկին պետք չեն ու չեն հետաքրքրում: Եվ հետո, երբեմն կարելի է շատ չմտատանջվել նրանից, թե մեր այս կամ այն քայլը կարող է նմանվել ադրբեջանական կողմի վարքին: 
Ավելին, կարծում եմ, հենց այդ հայտարարությունից հետո խորհրդարանի դահլիճում Աուրելիա բաջին պիտի տասնապատիկ խիստ հակադարձման արժանանար, քան ԱԺ փոխնախագահ Հ.Նաղդալյանի հակադարձումն էր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել