1in.am-ը գրում է.

ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Հիշեցնենք, որ վերջինս բավական կոշտ գնահատականներ էր տվել Վերահսկիչ պալատի հաշվետվության հետ կապված, մասնավորապես նշելով որ պետբյուջեն թալանվում է, և բյուջեն «լափողները» պետք է պատժվեն:

Կանխատեսվում էր, որ Սերժ Սարգսյանն այսօրվա նիստում Հովիկ Աբրահամյանի «հարցերը կլուծի», սակայն ինչպես ինքը նշեց, որոշ մարդկանց ցանկությունը չիրականացավ: Իսկ թե այդ «որոշ մարդիկ» ովքեր էին, Աժ նախագահը չմասնավորեցրեց:

Նա նաև անդրադարձավ մեր այն հրապարակումներին, որ իր եղբայրը և եղբոր որդին պետբյուջեի հաշվին մեծ քանակությամբ դիզվառելիք են գնել՝ նշելով, որ «ապահով-անապահով ընտանիքների սահմանափակումներ չեն եղել»:

Ինչ վերաբերում է ՎՊ-ի արձանագրած խախտումներին, ապա դրանք, ըստ ԱԺ նախագահի, պետք է քննի գլխավոր դատախազությունը:

Ի դեպ, խոսելով 2018 թվականի նախագահական ընտրությունների մասին՝ Հ․ Աբրահամյանը նշեց, որ նախագահ դառնալու ցանկություն չի ունեցել և հիմա էլ չունի:

ԱԺ նախագահն անդրադարձավ նաև «օֆշորային սկանդալին»՝ ասելով, որ հավատում է վարչապետ Տիգրան Սարգսյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել