ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը ԱԺ նիստի հարց ու պատասխանի ժամանակ հարց ուղղեց Կարեն Միրզոյանին` վերջերս բուռն քննարկումների թեմա հանդիսացած ԼՂՀ ԱԳ նախարարի` «Ֆրանս 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցին.

- Վերջերս ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը «Ֆրանս 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԼՂՀ արտաքին քաղաքականության ռազմավարական հարցերի շուրջ հայտնեց այլ տեսակետներ, քան երկրի նախագահի ամրագրած կուրսն է, մասնավորապես` Սահմանադրությամբ ամրագրված, ազատագրված տարածքները անվանելով «բուֆերային գոտի», իսկ ԼՂՀ անկախության հարցի շուրջ «ինչ-որ անորոշ հույսեր կապելով»:

Չենք թաքցնում` այդ հարցազրույցից հետո «Դաշնակցություն» խմբակցությունը որոշել է հանդես գալ Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ, սական «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նախարարը վերոնշյալ հարցերի շուրջ հայտնեց այլ կարծիքներ: Ինչպե՞ս կարող է պրոֆեսիոնալ դիվանագետ հանդիսացող արտաքին գործերի նախարարը մի քանի օրվա ընթացքում արտաքին քաղաքականության ռազմավարական հարցերի շուրջ տարբեր կարծիքներ արտահայտել, որը, մեր կարծիքով, կապված չէ ոչ անգլերեն լեզվի իմացության, ոչ էլ եթերային ժամանակի սղության հետ: Եվ ո՞րն է այդ հարցազրույցում արտահայտված տեսակետների տարբերության իրական պատճառը:

«Կցանկանայի հայտնել իմ ափսոսանքը, որ վերջերս «Ֆրանս 24» հեռուստաալիքին ուղիղ եթերում տված իմ հարցազրույցը զանազան մեկնաբանությունների եւ կարծիքների տեղիք է տվել: Կարծում եմ, որ այս դահլիճում ներկա` Արցախի օրենսդիր եւ գործադիր իշխանության պատասխանատուների մտքով անգամ չի անցնում, որ, որպես Արցախի Հանրապետության արտգործնախարար, ես կարող եմ հանդես գալ հօգուտ մտքերի եւ գաղափարների, որոնք ուղղակի հակասում են մեր կողմից որդեգրած արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներին եւ նպատակներին: Հակառակ դեպքում` ես ուղղակի չէի համարձակվի ստանձնելու ԼՂՀ արտգործնախարարի պաշտոնը: Ընդունելով հանդերձ իմ մեղքի չափաբաժինն այն տեխնիկական վրիպումի համար, որը պայմանավորված է եղել նախեւառաջ ուղիղ եթերում հարցազրույցի անցկացման առանձնահատկություններով, կխնդրեի միաժամանակ` հարցազրույցի մասին դատողություններ անելիս ընկալել այն ընհանրության մեջ, այլ ոչ թե հատվածաբար:

Այդ պարագայում, կարծում եմ, դժվար չէ նկատել, որ հիմնական շեշտը դրվել է այն մտքի վրա, որ խաղաղության հասնելու բոլոր ջանքերը պետք է կենտրոնացվեն երկու անկախ պետությունների, այն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի խաղաղ գոյակցության ապահովման վրա: Եվ հատուկ ընդգծվել է, որ վաղ թե ուշ դա իրողություն կդառնա: Այդ դիրքորոշումը բազմիցս հնչեցվել է ինչպես իմ հրապարակային ելույթներում, այնպես էլ ԼՂՀ ԱԳՆ պաշտոնական հայտարարություններում, մասնավորապես «Մեդիամաքս» գործակալությանը տրված հարցազրույցում», -Ազգային ժողովում հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարարը:

Արմեն Սարգսյանը ԱԳ նախարարի պատասխանից հետո կոչ արեց նախարարին այս լարված մթնոլորտում, որը շահարկվում է տարբեր երկրների կողմից, շատ ավելի զգույշ լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել