Հայաստանում կա մի լրջագույն պրոբլեմ, որին մենք որոնում ենք տարիներ շարունակ, բայց այդպես էլ չենք գտնում: Պետական պաշտոնյաները, լուրջ դեմքով և պետության զարգացման տեսլականը հայացքներում ամփոփած, հավաքվում են, քննարկում, քննադատում, ալեկոծվում, մտահոգվում, բացահայտում՝ խրոխտ և արծվենի հայացքները եթերից ուղղելով համայն հայությանը, խրուշչովյան կոշիկի թայի նման թանկ մալուխի կտորն ու էժան փայտանյութի հատվածը թափահարում են երկրի ամենաբարձր ամբիոնից՝ իբր որոնում են ճշմարտությունը և չեն գտնում:

Իբր կոտորվում են թալանչու ձեռքը կտրելու ցանկությունից, իբր ուշքումանիկ են լինում հասարակությանը իրազեկ պահելու մարմաջից, իբր այրվում են սոցիալական պետություն կառուցելու որոնումներից, բայց դեռ չեն կարողանում:
Մինչդեռ այս ամբողջ թատերախաղն ու անիմաստ աղմուկը մեկ լուծում ունի: Պետությունը պետք է կիրառի ֆիլտրեր, որոնք թույլ չեն տա չարաշահումների այսպիսի մակարդակ:

Ինչպե՞ս կարող է պետական գնումների համակարգում այսպիսի անիշխանություն տիրել, երբ մեկ-երկու պարզ մեխանիզմի կիրառումը եթե իսպառ չի վերացնի, ապա գրեթե զրոյականի կհասցնի կոռուպցիոն ռիսկերը պետական գնումների համակարգում: Այդ ինչպե՞ս պատահեց, որ քաղաքացիներից գումարներ գանձելիս պետությունը մաքսատներում կիրառում է հսկիչ գներ, որով նվազագույնի է հասցնում իրեն խաբելու՝ քաղաքացիների հնարավորությունը, իսկ պետական գնումների համակարգում չի կարողանում կիրառել այդ հսկիչ գները:

Պարզապես անհրաժեշտ է հաստատել պետական գնումների ենթակա ապրանքատեսակների և ծառայությունների ամբողջական ցուցակը, ամենօրյա, օն-լայն ռեժիմով հետևել շուկայում գների փոփոխություններին և արգելել ցանկացած գնում՝ հսկիչ գներից անգամ մեկ դրամ բարձր գներով: Հասկանալի է, որ համակարգչային ծրագրերի ու տեխնիկայի այսօրվա պայմաններում մոնիտորի առջև նստած մեկ կարճափեշ աղջիկն անգամ ի զորու է վերահսկել պետական գնումները՝ այդպիսի ֆիլտրերի առկայության դեպքում: Այն, ինչ չի կարողանում անել կոստյում-շալվարով, խստադեմ հայացքով ձյաձյաների մի ամբողջ աստղաբույլ:

Թե չէ փնտրում ենք, բարկանում, աղմկում՝ արդյունքում մեզ մնում է շոուն, իրենց՝ բիզնեսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել