Երեկ նամակ եմ գրել Ցուկերբերգին: Առաջարկել եմ մի հատ էլ կայք բացի` Criticbook անունով: Գլխագիրը լինի կարմիր գույնով, լոգոյի փոխարեն էլ աքլորի գլուխ: Անմիջապես պատասխան եկավ, հարցնում էր` ի՞նչ իմաստ ունի նույնից երկու հատ անելը: Դե ես էլ մանրամասն բացատրեցի, որ էսպես ու էսպես, ՖԲ-ում մարդիկ կան, ովքեր իրենց պարտքն են համարում քննադատելը: Նստում, նայում են, թե ով ինչպես շարժվեց, ոնց շնչեց, ում հետ մտերմացավ ու որոշում են բոլորին դաստիարակել: Սա սխալ նկար դրեց, նա հիմար բան գրեց, դո՞ւ ով ես, որ ինչ-որ բան գրես ընդհանրապես և այլն: Ախր, մի հարցնող լինի, իրենց այդ բողոքավոր, ամպագոռգոռ տեքստերով ուրիշներին հեգնելով ու ծաղրելով ի՞նչ մակարդակ են ցույց տալիս: Այ դրա համար էլ լավ կլինի, որ գնան կրիտիկբուք (քննադատների բուք): Ամբողջ օրն իրար քննադատեն, դաժանորեն ի վեր հանեն դիմացինի թերությունները (դե իրենցից ամեն մեկն անսխալական հրեշտակ է, չմոռանաք): Կարմիր գույնն էլ հարմար կլինի, բացարձակ ճշմարտության, արդարության, մաքրամաքուր ոգեղենի, արվեստի բյուրեղացված լինելու համար թափված արյան գետերը շատ ցայտուն չեն լինի:
Մենք էլ մնանք այստեղ, նրանք, ովքեր իրենց չեն դնում համաշխարհային փրկչի, արվեստաբանության գիտակի, պոեզիայի ու արձակի ռահվիրաների տեղ: Իրավունք ունենանք զվարճանալ միամիտ նկարներով, «անմակարդակ» երգերով, «խզբզած» նկարներով ու «հիմար» ստատուս գրելով ու լայքելով: Մակարդակամոլ մարդիկ ջաաաաան, խնայեք մեզ, հերիք է ճնշեք ձեր վեհության մշտական ցուցադրմամբ: Չենք դիմանում էլ, թողեք մեր պուճուր, աննշան կյանքն ապրենք պստիկ ուրախություններով, մենք այդքան գլոբալ չենք, куда уж нам...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել