Անդրե Մուրուա «Նամակ անծանոթուհուն»

«Կա, տիկին, տարեց ամուսնական զույգերի երեք տարատեսակ: Սկսենք ամենավատից- այն ամուսնական զույգերից, ովքեր հոգնել են իրարից: Քառասուն տարվա ամուսնական կյանքը չմերձեցրեց նրանց: Նրանք շատ քիչ ընդհանուր բաներ ունեին, երբ ամուսնացան, իսկ այժմ նրանք պարզապես չգիտեն ինչի մասին խոսել: Նման ամուսիններին դժվար չէ ճանաչել` տեսնելով, թե ինչպես լուռ նստած են նրանք ռեստորանում սեղանի շուրջ ու նույնիսկ չեն ժպտում միմյանց: Ամեն մեկն անտեսում է մյուսին, լավ է գոնե , եթե նրանց միջև չկա բացահայտ թշնամանք:
Ինչո՞ւ են նրանք միասին: Սովորությունից, պատշաճության հանդեպ ունեցած հարգանքից, ընտանեկան հարմարվողականությունից, առանձին բնակարաններ գտնելու անկարողությունից, ինքնուրույն ապրելու անզորությունից: Դրանք խղճալի ամուսնական զույգեր են:

Երկրորդ տարատեսակը մի փոքր լավ է: Նրանք կազմվում են այն տղամարդկանցից և կանանցից, որոնք, չտածելով միմյանց հանդեպ իսկական սեր, մնում են հավատարիմ ընկերներ: Երկար տարիների խաղաղ գոյակցությունը համոզել է նրանցից յուրաքանչյուրին, որ, չնայած զուգընկերոջը չի կարելի համարել ոչ քնքուշ, ոչ հմայիչ, այնուամենայնիվ, նա ունի բազմաթիվ այլ կարևոր հատկանիշներ: Նրա վրա կարելի է հույս դնել: Նա ունի համակերպվող բնավորություն, այսքան տարիներ նա ներել է մեղքերն այլոց և արել է այնպես, որ ներվեն սեփական մեղքերը: Նման զույգերին երբեմն միավորում են համատեղ հաջողությունները, սերը երեխաների ու թոռների հանդեպ: Մոտիկ մարդկանց ներկայությունը նման ամուսիններին փրկում է մենակությունից, ամուր կապերով նրանց կապում շրջապատող աշխարհին:
Երրորդ, հիացմունքի արժանի տարատեսակը-դրանք երջանիկ տարեց զույգերն են:
Ամենադժվարը ամուսնության մեջ սիրուց բարեկամությանն անցնելու կարողությունն է, ընդ որում` չզոհաբերելով սերը: Այստեղ անհնարին ոչինչ չկա: Ցանկությունների տաք կրակը երբեմն շատ երկար չի մարում, բայց ամուսինների մոտ, որոնք իսկապես սիրում են միմյանց, այդ սքանչելի մետաքսե գործվածքը մյուսի կողմից է շքեղ ծաղկանախշերով դաջված, ավելի հասարակ, սակայն այնքան մաքուր և հազվագյուտ նրբերանգի, որ նախըտրում ես երեսի փոխարեն աստառը տեսնել»: Նման ամուսնության մեջ տիրում է փոխադարձ վստահություն... Ամեն ինչ այնքան ամբողջական է, որ թույլ է տալիս կանխազգալ սիրելի անձնավորության հոգու բոլոր շարժումները... Նման ամուսինների համար ձանձրույթը սարսափելի չէ: Ամուսինն ավելի երիտասարդ ու գեղեցիկ աղջիկների ընկերակցության փոխարեն նախընտրում է իր կնոջ ընկերակցությունը..և դա փոխադարձ է: Ինչու՞: Նրանցից յուրաքանչյուրը գիտի, թե հատկապես ինչը կարող է հետաքրքրել մյուսին, երկուսի ճաշակները այնքան են համընկնում, որ նրանց միջև զրույցը երբեք չի լռում... Նույնքան հաճելի է զբոսանքը երկուսով, ինչպես մի ժամանակ թանկ էր սիրային ժամադրությունը-հարսանեկան երթի իրենց նախերգանքը... Յուրաքանչյուրը գիտի, որ մյուսն այնպես է ճանաչում իրեն, որ կանխավ զգում, կռահում է ամեն ինչ: Միաժամանակ նրանք մտածում են նույն բաների մասին... Նրանցից յուրաքանչյուրը ֆիզիկապես կարող է տառապել մյուսի բարոյական ապրումների պատճառով...
Ի՜նչ հրաշք է հանդիպել տղամարդու (կամ՝ կնոջ), որը կյանքի ընթացքում ոչ մի անգամ չի հիասթափեցրել ու չի խաբել քեզ...
Երբ տարեց ամուսնական զույգը հաղթահարում է (ընդ որում երբեք աղետի չենթարկվելով) ծովը փրփրեցրած դևերով կեսօրի, նա մտնում է խաղաղ նավահանգիստ, որտեղ տիրում է երանավետ անդորր... Չկա որևէ ավելի սքանչելի բան ամուսնական այսպիսի կապից... Եվ միայն մահվան մասին մտքերն են մթագնում ներդաշնակությունը սիրո... Միմյանց հանդեպ կրքոտ կապվածությունն իր մեջ բարձր իմաստ է կրում, բայց դա հղի է վտանգներով, քանզի, երբ խոսքը գնում է մեր սիրելի անձնավորության կյանքի մասին, ապա ամեն ինչ դրվում է խաղաքարտին...
Մարդն այնքան փխրուն է... Բայց մահն անզոր է այդ մեծ սիրո դեմ... Քաղցր մխիթարությամբ են լցվում ժամերը վշտի ու միայնության, երբ հիշողությանդ մեջ վերստին հառնում են ոչ մի բանով չմթագնած հուշերդ... Բացի այդ` տարեց զույգերը, որոնք իրենց դարն ապրել են երջանիկ, դեռ երկար կապրեն նրանց հիշողության մեջ, ովքեր գիտեին նրանց, սիրել ու հիացել են նրանցով...
Գուցե դուք ասեք. «Աստված իմ, ինչո՞ւ եք դուք ինձ՝ երիտասարդ կնոջս, պատմում տարեց ամուսնական զույգերի մասին»: Որովհետև մեղք չէ պատրաստել ինքդ քեզ ապագայի համար՝ թող որ նույնիսկ հեռավոր... Նաև այն պատճառով, որ այս կիրակին այնքան տխուր էր... Թեթև փարիզյան մառախուղը` թափանցիկ, կապտավում ու փխրուն, պարուրել էր մեր պատուհանների տակ ծառերը Բուլոնյան անտառի...
Մնացեք բարով...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել